Անձնական օգնականի ծրագրից հաշմանդամություն ունեցող հազարավոր մարդկանցից ընդամենը 100-են օգտվում․սահմանափակումները շատ են | Region

Անձնական օգնականի ծրագրից հաշմանդամություն ունեցող հազարավոր մարդկանցից ընդամենը 100-են օգտվում․սահմանափակումները շատ են

Նոյեմբեր 19,2024 16:38

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեսատական բանականության օգնությամբ

Կառավարությունը որոշել է, որ անձնական օգնականի ծառայությունից կարող են օգտվել հաշմանդամություն ունեցող 15 տարին լրացած, աշխատող կամ սովորող անձինք։ Մասնագետները գտնում են, որ այս սահմանափակումներն անարդար են

Պետությունը հաշմանդամություն ունեցողներին միջավայրին ներառելու համար անձնական օգնականի ծրագիր է ներդրել, այն, սակայն մեծամասնության համար հասանելի չէ սահմանված պահանջների պատճառով։

Տարեսկզբից ներդվրած ծրագիրը օգնական տրամադրում է միայն 15 տարին լրացած, աշխատող կամ սովորող հաշմանդամություն ունեցող անձանց։  Ծառայության կարիքն ունեցողները շատ են, դիմողները՝ քիչ, սահմանափակումները շատ խիստ են։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կա  հաշմանդամություն ունեցող 198.342 անձ, նրանց անգամ 1%-ն էլ  չի կարող օգտվել անձնական օգնականի ծառայությունից՝ նույնիսկ հաշվի առնելով, որ նրանցից շատերը անձնական օգնականի կարիք չունեն։

Մինչդեռ, ինչպես կառավարության որոշման մեջ է գրված՝ ծրագրի նպատակներից է. «… աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու, իրենց համայնքում ներառվելու, այդ թվում` հանրությանը հասանելի ծառայություններից օգտվելու իրավունքների իրականացմանը, բացառել հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացումը համայնքից» և այլն։

Գյումրեցի 34 ամյա Արթուր Գալստյանը մանկական ուղեղային կաթված ունի: Մինչև 10 տարեկանը սայլակով է տեղաշարժվել, հետո հրաժարվել սայլակից, քանի որ  Գյումրիում և՛ 2000 թվականին, երբ Արթուրը 10 տարեկան էր, և՛ այսօր, կրթական ու հասարակական կառույցներն հիմնականում առանց հարմարեցումների են, սայլակով մուտք ու ելք անելը՝ գրեթե անհնար։

Չնայած միջավայրի հաճախ անհաղթահարելի դժվարություններին, ինչպես Արթուրն է ասում, ինքը 7 տարեկանից սկսած, անընդհատ սովորում է. դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է արհեստագործական ուսումնարանում, արհեստ սովորել, զբաղվել սպորտով, բուհ ավարտել։

Արթուրը  մասնագիտությամբ հոգեբան է, մագիստրոսի աստիճանով: Իր կյանքի ամբողջ ճանապարհին նրան ուղեկցողը մայրն է, ում հետ թևանցուկ, դժվարությամբ քայլելով հաղթահարում էին խնդիրները:

Արթուրն հիմա արդեն հենակներով է քայլում, 5 տարի է աշխատում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունում, սկզբում ուսուցանող էր, իսկ հիմա ծնողների ինքնաաջակցման խմբի պատասխանատուի օգնականն է։

3 ամսից ավելի է՝  նա օգտվում է անձնական օգնականի ծառայությունից, Գյումրիից ծրագրում ընդգրկված 5 շահառուներից մեկն է:  Մայրն է հանդիսանում նրա անձնական օգնականը։

«Երբ դիմեցի անձնական օգնականի ծառայության համար, ինձ ասացին, որ ռեեստրում տվյալ պահին չունենք մասնագետներ, կամ պետք է դուք ձեր մասնագետին առաջարկեք, կամ որևէ մեկին, ով կվերապատրաստվի, կստանա վկայական և կհանդիսանա ձեր անձնական օգնականը։ Ես նպատակահարմար գտա, որ մայրիկը գնա վերապատրաստվի, քանի որ միշտ ինքն է հոգացել իմ կարիքները»,-REGIONSTV-ին ասում է Արթուրը:

Մայրը՝ Ոսկեհատ Գալստյանը, որդուն խնամելու համար հիմա աշխատավարձ է ստանում, վարձատրվում է ժամավճարով՝ 1 ժամի համար 1050 դրամ, հարկերը՝ ներառյալ: Ամսական աշխատում է 140 ժամ՝ 114.000 դրամ աշխատավարձով։ Պայմանագիրը 5 տարով է։

«Իմ գործառույթներն են Արթուրին աշխատանքի տանելը, նրա ընդմիջումը կազմակերպելը, ճաշ պատրաստելը,  լվացք, արդուկ անելը, խնամելը և այլն: Մենք պայմանագիր ենք կնքել, որով սահմանվում է, որ ես պետք է Արթուրին տանեմ տարբեր միջոցառումների: Սրճարան, եկեղեցի, տարբեր տեղեր եմ տանում»,- պատմում է Արթուրի մայրը:

Կառավարության որոշմամբ  է սահմանված, որ անձնական օգնականը պետք  աջակցի հաշմանդամություն ունեցող անձին տեղաշարժվել տանը և դրսում, ուղեկցել որևէ վայր այցելության ժամանակ, աջակցել հաղորդակցվելու, այդ թվում` վերջինիս ցանկությամբ կոնկրետ անձանց կամ մարմինների դիմելու, տեղեկություններ ներկայացնել և ստանալ։

Անձնական օգնականի ծառայությունից կարող են օգտվել հենաշարժական, տեսողական և հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության «խորը» կամ «ծանր», հոգեկան խնդիրներով նաև «միջին» աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ովքեր աշխատում են կամ սովորում, կամ գրավոր հավաստիացնում են, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում սկսելու են աշխատել կամ սովորել:

Ու նաև, անձնական օգնականի ծառայություններից օգտվելու համար շահառուն պարտադիր պետք է անցած լինի անձի ֆունկցիոնալության գնահատում: Գնահատման այս նոր կարգը գործում է 2023 թվականի փետրվարի 1-ից: Եթե անձի հաշմանդամությունը սահմանվել է գնահատման նախկին համակարգով, մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը, ապա նա պետք է նորից գնահատում անցնի, որպեսզի կարողանա օգտվել անձնական օգնականի ծառայությունից:

Արթուրը գնահատման նախորդ համակարգով հաշմանդամության 1-ին կարգ ուներ, անձնական օգնականի ծառայությունից օգվելու համար անցել է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը։ Ասում է՝ նաև ցանկացել է ճշտել, թե իր մոտ ֆունկցիոնալության ինչ փոփոխություններ կան։

«Պարզվեց, ինձ մոտ ֆունկցիոնալության «խորը» աստիճանն է: Ու ինչն է հատկանշական, որ իմ ֆունկցիոնալության խախտումը 76 տոկոս է գնահատվում այն պատճառով, որ հանրապետությունում ու մեր քաղաքում չկան հարմարեցված հասարակական կառույցներ, տրանսպորտ, որոնցից հաշմանդամություն ունեցող անձը կարողանա օգտվել»,- պատմում է Արթուր Գալստյանը:

Գնահատող բժիշկն Արթուրին ասել է՝ եթե նույն խնդրով ինքը գնա Եվրոպական երկիր, որտեղ հանրային, մշակութային վայրերը, տրանսպորտը  հարմարեցված են, ապա իր ֆունկցիոնալության աստիճանը կլիներ ավելի ցածր։

«Այսինքն, ես այնտեղ կլինեմ ավելի անկախ, ավելի ազատ մարդ ու քիչ կունենամ օգնության կարիք»,-ասում է Արթուրը։

Ֆունկցիոնալության գնահատում անցնելիս նա մտավախություն է ունեցել, որ հանկարծ նախկինի նման, քաշքշուկներ չլինեն, բայց բազմակի գնահատումներ անցած երիտասարդին այն հեշտ է թվացել։ Ասում է, հիմա օնլայն հարթակով են փաստաթղթերը ուղարկում, ու ընդամենը 1 անգամյա զննումից հետո նեղ մասնագետները ֆունկցիոնալության գնահատում անում:

Արթուրը թեև իրեն սոցիալապես ներառված է համարում այս միջավայրին, որովհետև բուհ է ավարտել, աշխատում է, ընկերներ է ձեռք բերել, ու այս ամենը ինքը հաղթահարել է ծնողների, նաև շատ մարդկանց օգնությամբ, բայց տանից դուրս գալը, քաղաքով տեղաշարժվելը, ամեն օր նրա համար մեծ փորձություն է:

Գյումրիում հանրային տրանսպորտը՝ հայտնի «գազելները» հաճախ ծանրաբեռնված են լինում, մայրն ասում է՝ Արթուրն ինքնուրույն չի կարողանում նստել տրանսպորտ․«Բարձրանալիս ուղևորներից մեկը հենակներն է բռնում, մյուսը՝ մի կերպ օգնում որ բարձրանա։ Ու այսպես ամեն օր»:

Մուշեղ Հովսեփյան

REGIONSTV-ի հետ զրույցում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը ասում է, այս տարի իրենք մի քանի հարյուր մարդու խորհրդատվություն են տրամադրել, նրանց զգալի մասի դեպքում քննարկվել է անձնական օգնականի ծառայությունից օգտվելու հնարավորությունը, բայց մատների վրա հաշված դեպքերում է, որ մարդիկ իրապես համապատասխանել են կառավարության սահմանած չափանիշներին և դիմել ծրագրին։

Այն, որ ծրագրից չեն կարող օգտվել մինչև 15 տարեկան երեխաները, խնդիր է շատ  երիտասարդ ծնողների համար, ովքեր ուզում են աշխատել։ Բայց շատերն աշխատանքից դուրս են գալիս, հրաժարվում մասնագիտական աճից, կորցնում հմտություննրը, որպեսզի խնամեն հաշմանդամություն ունեցող իրենց երեխային։ Ըստ էության, ծնողները ոչ միայն եկամուտից են զրկվում, նաև պետությունն է զրկվում հավելյալ արժեքից, որը կարող էին այս ծնողները ստեղծել։

«34 տարի մայրս զբաղվել է իմ խնամքով, այդ ընթացքում ինքը հետ է գցել իր ուսումը, իր աշխատանքը, իր մասնագիտական զարգացումը, անձնական կյանքը,   քանի որ ես անընդհատ իրենից կախվածության մեջ եմ եղել։ Ու անընդհատ ես ինձ վատ էի զգում, երբ տեսնում էի, թե մայրիկն ինչ զոհողությունների է գնում հանուն ինձ»,-պատմում է Արթուրը։

Ասում է՝ հիմա մայրն իրեն որպես աշխատող է զգում, որդուն խնամելու և օգնելու համար աշխատավարձ է ստանում:

Հայաստանում 198,342 հաշմանդամություն ունեցող անձանցից մոտ 8654-ը՝ առաջին, 58,668-ը՝ 2-րդ, 98,892-ն էլ 3-րդ խմբի են, իսկ 7642-ը՝ հաշմանդամություն ունեցող երեխաներ: Եվս 24,486 հաշմանդամություն ունեցող անձ այս տարի ֆունկցիոնալության գնահատում է անցել: 2023 թվականի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում հաշվառված հաշմանդամություն ունեցող անձանցից աշխատանք ունի մոտ 26,000-ը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ վստահեցրին, որ վիճակագրություն չկա, թե քանի հաշմանդամություն ունեցող անձ կա, որոնք կարիք ունեն անձնական օգնականի։

Ինչո՞ւ են նրանցից միայն 100-ը դարձել ծրագրի այս տարվա շահառու:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի փորձագետ Մարինա Մանուկյանն մեզ հետ զրույցում ասաց՝ ծրագիրը փորձնական է, այս տարվա համար պետությունը 100 անձի համար է գումար հատկացրել։

Անձնական օգնականի ծառայություն ստացող 100 շահառուներից միայն 10-ն է Շիրակի մարզից:

Տարին դեռ չավարտված, շահառուների պահանջվող քանակն արդեն ապահովվել է։ Բայց ծրագրին դիմողներն ավելի շատ են եղել, ըստ  Մանուկյանի, մոտ 50 դիմողի էլ  հերթագրել են: Նրանք սպասում են, եթե ծրագրի բյուջեն ավելանա, ապա նրանք էլ կօգտվեն ծառայությունից:

Ըստ նախարարության ներկայացուցչի, դիմողների մեջ ավելի շատ են սովորողները, քան աշխատողները:

Մուշեղ Հովսեփյանը նկատում է, որ ծրագրից օգտվելու այն պահանջը որ անձը պետք է կամ աշխատող լինի, կամ սովորող, խնդրահարույց է նաև մեկ այլ պատճառով։ Պահանջ կա, որ առաջիկա 3 ամսում նրանք աշխատանք պիտի գտնեն, որպեսզի կարողանան օգտվել ծրագրից։

«Ես գիտեմ մարդկանց, այդ 100-ից առնվազն 3-ին, որ ստացել են անձնական օգնականի ծառայություն՝ խոստումով, որ առաջիկայում կաշխատեն, և իրենք այժմ աշխատանք են փնտրում միայն նրա համար, որ դուրս չմնան ծրագրից։ Բայց մի դեպքում առնվազն տեղյակ եմ, որ անձը հաջողություն չի գրանցել,  առաջիկայում հնարավոր է դուրս գա այս ծրագրից»,- ասում է մասնագետը։

Նա նշում է, որ գործատուները մեծ դժվարությամբ են աշխատանքի ընդունում «խորը» և «ծանր» ֆունկցիոնալության աստիճան ունեցող անձանց:

Այս խնդիրների և կառավարության որոշման մեջ տեղ գտած այլ բացերի մասին ՀԿ-ն նախարարությանը տեղեկացրել է, սակայն նախարարությունը ոչինչ չի ձեռնարկել։

Հովսեփյանն ասում է՝ անձնական օգնականի ծառայությունը հասանելի չէ նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող այն անձանց, ովքեր քաղցկեղ, շաքարախտ հիվանդություն ունեն, և ընդ որում, հաշմանդամության կարգ են ստանում։ Որոշում կայացնողներն, վստահեցնում է Հովսեփյանը, օբյեկտիվ հիմնավորում էլ չեն տվել, թե ինչու են այդ մարդիկ դուրս մնացել ծրագրից, երբ նրանք նույն դժվարություններին կարող են բախվել, ինչ ֆիզիկական հաշմանդամություն ունեցողները։

Ըստ նախարարության ներկայացուցչի՝ եթե նրանք չունեն կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, ապա անձնական օգնականներ չեն ունենա նաև հաջորդ տարի։

«Նախորդ տարի 20,000-ից ավելի մարդ էր գնահատվել նոր համակարգով և նրանց մեջ, բնականաբար, մեծ թիվ էին կազմում «ծանր» և «խորը» սահմանափակում ունեցող մարդիկ, բայց  հարց է առաջանում՝  նրանք արդյո՞ք տարիքային առումով համապատասխանում են ծրագրին, կամ, աշխատում են, սովորում են, թե՝ ոչ, որովհետև հիմնականը աշխատելու և սովորելու խնդիրն է, որ կտրուկ նվազեցնում է շահառուների թիվը»,- նշում է Հովսեփյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փորձագետի՝ Մարինա Մանուկյանի հավաստմամբ՝  հաջորդ տարվա համար ծրագրում փոփոխություններ են նախատեսվում, քննարկվում է նաև շահառուների տարիքը  15 տարեկանից նվազեցնելու հարցը։ Սակայն ծրագիրը շարունակելու դեպքում էլ անձնական օգնականը տրամադրվելու է միայն կամ աշխատողներին կամ սովորողներին։

«Եվ երբ կարիքը մեծ է ու պետությունը աջակցում է փոքր թվով մարդկանց, ապա այդտեղ առաջ է գալիս արդարության վերաբերյալ հարց, թե ինչո՞ւ այս անձը, և ոչ այն անձը, որը չի դիմել, տեղյակ չէ, կամ դիմել է ու սպասում է իր հերթին։ Առնվազն անարդարություն կա այստեղ»,- եզրակացնում է Մուշեղ Հովսեփյանը։

Կարինե Կազարովա

 

Նորություններ