«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը․ Գյումրին՝ ազատ տնտեսական գոտի․ տասնյակ տարիներով չիրականացված նախաձեռնությունը՝ նոր խմբագրմամբ

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի նախընտրական ծրագրի մեխը Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելն ու ազատ քաղաքի կարգավիճակ սահմանելն է։ Այս ընթացքում քաղաքական ուժը ստորագրահավաք է անցկացրել, առաջարկն արժանացել է ավելի քան 7.700 գյումրեցու հավանությանը: «Մայր Հայաստանը» պարտավորվում է դառնալ պահանջատեր վերը նշված ծրագիրը կյանքի կոչելու համար: Այն նախատեսում է Գյումրիում հիմնված, դրսից ներդրված բիզնեսների համար հարկային բեռի կիսով չափ նվազեցում։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջ է քաշում Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու հարցը նախկին գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ թեկնածուների խոստումների թոփ տասնյակում է եղել ու չի իրագործվել։
«Միացի՛ր, որ փոխենք» կարգախոսով ընտրապայքարի դուրս եկած դաշինքը հիմա վստահեցնում է, որ որոշակի պայմանավորվածություններ իրենք արդեն ունեն Չինաստանի, Իրանի և այլ երկրների գործարարների հետ, որպեսզի նրանք ներդրումներ անեն ապագա ազատ տնտեսական գոտում։ Այս ներդրումների շնորհիվ էլ մտադիր են Գյումրին դարձնել «խելացի քաղաք»՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներգրավմամբ։
Համայնքի ղեկավարումը ստանձնելու դեպքում քաղաքական ուժը ցանկանում է Գյումրին դարձնել Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք:
Սրանք որպես ծրագրային դրույթներ նոր չեն Գյումրիում։ Այս մասին նախորդ իշխանությունները տասնամյակներ շարունակ խոսել են ու խոստումներ հնչեցրել ոչ միայն ՏԻՄ, այլև համապետական ընտրությունների ժամանակ, բայց շարունակ ձախողումներ են գրանցել։ Այս ամենը իրագործելի դարձնելու համար հարկավոր է պետական իշխանությունների աջակցությունը։ Քաղաքական ուժը հիմա չի երաշխավորում, արդյո՞ք իրենց այս առաջարկն հավանության կարժանանա կենտրոնական իշխանության կողմից, բայց մտադիր են հետևողականորեն հասնել դրան։
«Մայր Հայաստանը» իր նախընտրական ծրագրում ներառել է բյուջետային միջոցների արդյունավետ ու թափանցիկ կառավարումը, համատիրությունների աշխատանքների արմատական վերանայումը, որոշումների կայացմանը հանրային մասնակցության ապահովումը և այլն։
«Առաջիկա հնգամյակում Գյումրիում ոչ բարեկարգ փողոց չպետք է լինի, քաղաքը պետք է մաքրվի փոշուց և աղբից»,-ասվում է «Մայր Հայաստանի» նախընտրական ծրագրում։
Ի դեպ, սա բավականին համաձակ խոստում է, քանի որ Գյումրու համայնքային բյուջեից բազմակի անգամ ավելի գումար է պետք քաղաքի անբարեկարգ բոլոր փողոցներն ասֆալտապատելու համար։
Նախընտրական ծրագրում քաղաքական ուժը գումարների հոսքի մի քանի տարբերակ է նշում։ Օրինակ, նախատեսում է քաղաքային տրանսպորտի վճարը սահմանել անկանխիկ եղանակով, ինչը կվերացնի ստվերային շրջանառությունը, հնարավորություն կտա քաղաքապետարանին սոցիալապես խոցելի խմբերի համար (թոշակառուներ, հաշմանդամություն ունեցողներ, պատերազմում զոհվածների ընտանիքներ, Արցախից բռնի տեղահանվածներ, ուսանողներ) սահմանել զեղչեր և անվճար երթևեկելու հնարավորություն:
Տրանսպորտի աշխատանքային ժամերը նախատեսում են երկարացնլ մինչև ժամը 23:00, տրանսպորտային պարկը թարմացնել սեփական միջոցների և արտաքին դոնորների ներգրավմամբ, տեղական տուրքերի ու վճարների ճկուն քաղաքականության միջոցով խթանել փոքր ու միջին բիզնեսը:
Քաղաքական ուժի նախընտրական ծրագրում կան հետևյալ դրույթները ևս․ կանաչապատ նոր տարածքների ստեղծում, միջազգային լավագույն փորձի ներդրմամբ թափառող շների հիմնախնդրի լուծում, կրթական ոլորտում ներգրավված աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում՝ տեղական բյուջեի անարդյունավետ ծախսերի կրճատման և լրացուցիչ միջոցների ներգրավման հաշվին: Նախատեսվում է նաև ստեղծել երիտասարդության զարգացման հիմնադրամ, մշակելով կրթական ու բիզնես ոլորտներին վերաբերող հատուկ ծրագրեր:
«Մայր Հայաստանի» ղեկավարած քաղաքապետարանում նախատեսում են իրականացնել զբոսաշրջության կենտրոնացված քաղաքականություն, որի համար զարգացման լուրջ խթան կարող է դառնալ ազատ տնտեսական գոտու և ազատ քաղաքի ռեժիմների ներդրումը:
Քաղաքապետարանը գովազդային լրջագույն քաղաքականություն պետք է իրականացնի Գյումրու զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակով: Մասնավորապես՝ մշակութային, խոհարարական և ստեղծագործական փառատոնների կազմակերպում, մարքեթինգային արշավների իրականացում:
Իսկ «Գյումրին մշակութային մայրաքաղաք դարձնելու գործնական քայլերի իրականացման համար խիստ անհրաժեշտ է ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչը հսկայական ֆինանսական միջոցների մուտք կապահովի քաղաքային բյուջե և հնարավորություն կտա կոնկրետ ծրագրեր իրականացնել»,- ասված է քաղաքական ուժի նախընտրական ծրագրում:
Այս ամենի իրագործման համար բավականին մեծ ներդրումներ են պետք։ Քաղաքական ուժի ներկայացուցիչներն ասում են, որ իրենք մի քանի երկրների գործարարների հետ խնդիրը քննարկել են ու որոշ պայմանավորվածություններ արդեն ունեն։
Սպասվող ֆինանսական հոսքերի հաշվին էլ նախատեսում են վերականգնել փլուզման եզրին գտնվող պատմամշակութային հուշարձանները, ավելացնել բարվոք վիճակում գտնվող բազմաբնակարանային շենքերի թիվը, վերականգնել նախկին Երկաթուղայինների մշակույթի պալատի շենքը, վերանորոգել Սավոյան փողոցի շատրվանները և ստեղծել նոր պուրակ, հիմնել ժամանակակից նոր փոքր շուկաներ, ստեղծել տեղեկատվական կենտրոններ օդանավակայանում, երկաթգծի կայարանում և Բավրայի անցակետում՝ Գյումրու մասին տեղեկությունները զբոսաշրջիկներին հասանելի դարձնելու նպատակով։
«Մայր Հայաստանի» նախընտրական ծրագրում տեղ է գտել նաև Գյումրիում Սպորտի թանգարանի հիմնման մասին դրույթը՝ քաղաքի սպորտային ավանդույթների պահպանման և սերունդներին փոխանցման համար։
Ի դեպ, քաղաքում սպորտի թանգարան բացելը 2021-2026 թվականների Գյումրու հնգամյա զարգացման ծրագրում է, ամենամյա տարեկան աշխատանքային պլաններում, բայց այդպես էլ չի կառուցվում։
Կարինե Կազարովա