«Այս պարտությունից հետո հասկացել եմ, թե որն է եղել իմ սխալը»․ Արսեն Հարությունյան | Region

«Այս պարտությունից հետո հասկացել եմ, թե որն է եղել իմ սխալը»․ Արսեն Հարությունյան

Ապրիլ 15,2025 16:18

«Եվրոպայի առաջնությանը ես մասնակցել եմ լավ մարզավիճակով: Մի քիչ չբավարարեց Եվրոպայի առաջնությունում իմ 5-րդ ոսկին նվաճելու համար: Սակայն ամեն հաղթանակի հետևում պարտություն է թաքնված, իսկ ամեն պարտությանը հաջորդում է մեծ աշխատանք»,-այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր  Արսեն Հարությունյանը:

Նա ընդհանուր առմամբ գոհ է իր ելույթներից, սակայն նաև նշեց՝  շատ աշխատանք ունենք կատարելու:

«Այս պարտությունից հետո հասկացել եմ, թե որն է եղել իմ սխալը: Լավ աշխատանք պետք է կատարենք` աշխարհի առաջնությանը լավ ներկայանալու համար»,-ասաց նա:

Ազգային ընտրանու անդամ Արման Անդրեասյանն էլ ասաց՝ մենք մարզական առումով լավ պատրաստաված ենք եղել Եվրոպայի առաջնությանը, բայց կային թերություններ, որոնց պատճառով հաղթանակի չհասանք:

Նշեց, որ ամեն ինչ անելու են՝ հաջորդ անգամ առավել լավ արդյունքի հասնելու համար:

ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանն ասոլիսում ասաց, որ բրոնզե մեդալը բավարար չէ, բրոնզե մեդալի համար չէր գնացել Եվրոպայի առաջնությանը․«Չհաջողվեց ոսկե մեդալ նվաճել, սակայն վստահ եմ, որ առաջիկայում հնարավորություններ կլինեն ապացուցելու, որ կարող եմ ավելին անել: Եվրոպայի առաջնությունն արդեն մի քանի տարի է, ինչ նույն մակարդակի վրա է: Սակայն առաջնության ընթացքը որոշ չափով փոխում է ռուս մարզիկների մասնակցությունը: Կարծում եմ՝ պետք է փոփոխված ու ավելի լավ մարզվենք, քանի որ նույն բանն անելով, տեսնում ենք, որ արդյունքը չի ավելանում, քչանում է։ Պետք է ավելացնել ինտենսիվ ու ծանրաբեռնված մարզումները»։

Արսեն Հարությունյանն էլ հավելեց՝ մենք մի առավելություն ունենք՝ մենք մի թիմ ենք․«Երբ մեր ընկերներից մեկը բարձրանում է գորգ, մենք սրտանց ուզում ենք, որ մեր ընկերը հաղթի, դա մեր առավելությունն է։ Շատ քիչ թիմերում կա նման բան։ Այս Եվրոպայի առաջնությունից հետո մեր մարզչական շտաբով, մեր թիմով աշխարհի առաջնությանն ավելի լավ ենք պատրաստվելու»։

Նա ասաց, որ այս առաջնությանը մրցել են ուժեղագույն մարզիկների հետ, ու պետք է աշխատեն, որ աշխարհի առաջնությունում նույն սխալները թույլ չտան․«Մեր թիմին աշխարհի առաջնության ոսկին շատ է անհրաժեշտ, թիմային աշխատելու ենք, որ ունենանք այդ ոսկին»։

 

 

Նորություններ