ՄԻՊ-ը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին | Region

ՄԻՊ-ը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին

Ապրիլ 30,2025 14:00

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ միջադեպին՝ նշելով, որ դեռևս չի հասցրել ծանոթացել տեղեկատվությանը:

«Ես կարծում եմ, որ ընդհանրապես հանրային պաշտոնատար անձանց հետ կապված ամենակարևոր ինստիտուտներից մեկը նրանց էթիկայի և բարեվարքության գնահատման ինստիտուտն է, որը, միանշանակ, չեմ ասի, որ Հայաստանում գոյություն չունի: Կան առանձին մարմիններ, որոնք զբաղվում են այս հարցերով:

Ըստ էության, ՄԻՊ հաստատությունը չէ, որը զբաղվում է պաշտոնատար անձանց էթիկայի հետ կապված հարցերով: Բայց նաև համարում եմ, որ այս ինստիտուտը Հայաստանում բավարար չափով կայացած չէ, հատկապես այն պաշտոնատար անձանց հետ կապված, որոնց առնչությամբ չկան պատշաճ էթիկայի գնահատման ինստիտուտներ, դրանք պետք է կատարելագործվեն: Բայց նաև կարծում եմ, որ յուրաքանչյուր նման դեպքով, այո՛, պետք է էթիկայի հարցը գնահատման առարկա դառնա»,- ասաց ՄԻՊ-ը՝ անդրադառնալով վարչական շրջանի ղեկավարի առնչությամբ նախօրեին տարածված հեռախոսազրույցին:

Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։

Նորություններ