«ՌԴ-ն ուզում է հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը տեղափոխել մոսկովյան հարթակ, իսկ Ռուբիոյի հայտարարությունը վկայում է, որ ԱՄՆ-ն չի հեռանում տարածաշրջանից»․Դալլաքյան | Region

«ՌԴ-ն ուզում է հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը տեղափոխել մոսկովյան հարթակ, իսկ Ռուբիոյի հայտարարությունը վկայում է, որ ԱՄՆ-ն չի հեռանում տարածաշրջանից»․Դալլաքյան

Մայիս 23,2025 18:15

«Ռուսաստանը ցանկանում է հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը տեղափոխել մոսկովյան հարթակներ: Ինչպես նշել էր Ալիևը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, իրենք Վլադիմիր Պուտինի հետ նույն տեսլականն ունեն: Բացի այդ, սա Ռուսաստանի հնարավորությունն էր՝ ցույց տալու, որ իրենք Հայաստանի հետ որևէ խնդիր չունեն, ու խոսակցությունները, թե հայ-ռուսական հարաբերությունները լարված են՝ չափազանցված են»,-RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը՝ մեկնաբանելով  ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ  Լավրովի Հայաստան կատարած այցի հնարավոր նպատակները:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր քիչ երկրների հետ ունի լավ հարաբերություններ, ու նրանք օգտագործեցին հայկական հարթակը իրենց կեղծ նարատիվներն Ուկրանիայում պատերազմի վերաբերյալ ներկայացնելու նպատակով։

Լավրովի հետ համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանը  հայտարարել է՝ «ՀՀ-ն չի պատարաստվում վերաֆորմատավորել իր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ», մյուս կողմից ՀՀ ԱԺ-ն ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը։ Դալլաքյանն այս առնչությամբ ասաց․«Շատերի մոտ դժգոհություն կա, թե՛ փորձագիտական շրջանակներում, թե՛ քաղաքացիների շրջանում: Եթե մենք Եվրամիությանը անդամակցելու մեկնարկի վերաբերյալ օրենք ենք ընդունում, ի՞նչու հայտ չենք ներկայացնում: Ի՞նչ նպատակ ունի այս քայլը՝ ժողովրդին մոլորեցնե՞լու, թե՞ ընտրությունների նախաշեմին եվրոպական ուղղություն որդեգրելու հաշվին ձայներ ստանալու համար է արվում»:

Նա նկատեց՝ քանի դեռ Ռուսաստանում իրավիճակը պարզ չէ, ՀՀ իշխանությունները սպասման մեջ են․«Իմ կարծիքով՝ երբ նկատեն, որ Ռոուսաստանի դիրքերը թուլանում են, կանդամակցեն Եվրամիությանը: Իսկ եթե լինի հակառակը, և Ռուսաստանին հաջողվի իրավիճակը իրեն ձեռնտու ձևով «սառեցնել», մենք կարող ենք ասել, որ ԵԱՏՄ անդամ ենք: Այստեղ կարևոր է այն, թե մենք ի՞նչ ենք արել ռուսական շուկայի հետ դիվերսիֆիկացման նպատակով, իսկ այն, թե ինչ կասեն իշխանությունները, հռետորական մակարդակով, երկրորդական է»:

Ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արևմուտքը տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելու փորձեր է անում, ու ձգտում է կանխել համախմբումը խոշոր հարևանների՝ մասնավորապես Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ,  նշելով՝ որ Մոսկվան անկեղծորեն շահագրգռված է հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորմամբ:

Լիլիթ Դալլաքյանը նախ «ոչ ճիշտ» որակեց «տարածաշրջանային երկրներ» սահմանումը, այս ամենը կապելով այն հանգամանքի հետ, որ ռուսական կողմը պատմականորեն համարում է, թե հետսովետական երկրները դեռ չեն անկախացել, ու Սովետի մարզ են կազմում, իսկ Ռուսաստանի նպատակը այս դեպքում,  ըստ նրա, մեկն է՝ ստանձնել գլխավոր խաղացողի դերը:

«Գլոբալիզացված աշխարհում այս տերմնները վաղուց արդեն գոյություն չունեն: Սա կեղծ օրակարգ է: Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը անկախ երկրներ են, ու իրենք պետք է որոշեն, որ երկրների հետ ինչպիսի հարաբերություններ ունենան, նրանց ոչ մեկը չպետք է պարտադրի: Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը հետևյալն է՝ երբ երկու  պայմանական երկրների միջև կոնֆլիկտ է լինում, նրանք իբրև թե հանդես գալով խաղաղարարի դերում, երկու կողմից էլ որևէ բան են ստանում: Այս ամենն արվում է տարածաշրջանում իրենց շահերը առաջ տանելու նապատակով: Եթե նույն տրամաբանությամբ նայենք, ապա Ռուսաստանը իր հերթին տարածաշրջանային երկիր չէ ո՛չ Վենեսուելայում, ո՛չ էլ Կուբայում, բայց խառնվում է այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Ինչ է ստացվում՝ Ռուսատա՞նն էլ է խանգարում, որ Լատինական Ամերիկայի որոշ երկրներ լավ հարաբերություններ ունենան իրենց խոշոր հարևանների հետ»,-նկատեց Դալլաքյանը:

Քաղաքագետը համաձայն չէ այն տեսակետների հետ, թե Հայաստանը ինչ-որ ուժերի թելադրանքով է ցանկություն հայտնում միանալ ԵՄ-ին, նշելով, որ հայկական կողմը ինքն է նման որոշում ընդունել՝ հիասթափված լինելով որպես դաշնակից ռուսական կողմի դրսևորած քաղաքականությունից, և հասկանալով, որ Ռուսաստանը չի կարող հանդիսանալ անկողմնակալ միջնորդ: Հակառակը՝ սպառնալիքներից խոսում է մի երկիր, որը ամենօրյա ռեժիմով սպառնում է տարբեր սահմանափակումներ կիրառել իր դաշնակցի նկատմամբ:

Տարածաշրջանում ԱՄՆ դերակատարության և շահերի մասին․օրերս  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը: Դալլաքյանի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղարի այս հայտարարությունը հերթական ազդակն է, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է հարձակում գործել Հայաստանի վրա, և այդ հնարավոր հարձակումը կանխվում է միմիայն արևմտյան ջանքերի շնորհիվ։

«Ստացվում է, որ Ալիևը չի պատրաստվում գնալ խաղաղության, և խաղաղության օրակարգի մասին հայտարարությունները կեղծիք են: Սա փաստում է, որ ԱՄՆ-ն չի հեռանում տարածաշրջանից, ու այն խոսակցությունները, իբր Թրամփը Պուտինին է նվիրել Հարավային Կովկասը, ըստ էության, կեղծ են: Սա ձեռնտու է նաև Ամերիկային, որպեսզի Ռուսաստանը չօգտագործի կոնֆլիկտները Հարավային Կովկասում ներկա լինելու համար: Այս հայտարարությունը պետք է դիտարկել նաև ռուս-ամերիկյան մրցակցության շրջանակներում»,-եզրափակեց քաղաքագետը:

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ