ՀՀ-ն չի պատրաստվում վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ․Միրզոյան | Region

ՀՀ-ն չի պատրաստվում վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ․Միրզոյան

Մայիս 21,2025 13:34

«Արդյոք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ, ուղիղ կպատասպանեմ՝ ոչ»,-այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ի պատասխան ռուս լրագրողի հարցի՝ տարածաշրջանային գագաթնաժողովի ընթացքում արևելյան Եվրոպայի ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ դուք ասել եք, որ անվտանգության ոլորտում տեղի ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ, արդյոք Երևանը փնտրելու է նոր ռազմավարական գործընկերներ, օրինակ, Եվրոպայում։

Միրզոյանն ի պատասխան հարցի, ասաց՝ ես խոսում էի նախևառաջ ընդհանրապես աշխարհում տարիներ շարունակ  գոյություն ունեցած անվտանգային ճարտարապետության մասին և այն մասին, որ վերջին տարիներին մի շարք տարածաշրջաններում այդ ճարտարապետությունն այդքան արդյունավետ չի աշխատում․«Իհարկե, խոսում էի նաև մեր մասին։ Մենք ինքներս ոչ լավ փորձից տեսանք, որ այդ ճարտարապետությունը լավ չի աշխատում, մենք ինքներս հարկադրված եղանք փորձել վերակազմավորել, վերաքննել, կատարելագործել այդ անվտանգության համակարգը և գործըանթացը շարունակական է»։

ՀՀ-ն, ինչպես ասաց Միրզոյանը, չի պատրաստվում վերաֆորմատավորել ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները․«Մեր պարտավորություններն ու իրավունքները, մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված է թղթի վրա, ստորագրված են, դրանք որևէ մեկը չի լուծարել։ Միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ նախատեսված միջոցառումները, մեխանիզմներն ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով աշխատել են։ Սա բոլորովին այլ հարց է։ Այստեղ կարող ենք քննարկել սահմանաված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց հարցն այդ մեխանիզմներն ու ընդհանրապես հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին մեր օրակարգում չկա»։

Միրզոյանն անդրադարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ասաց՝ ՀՀ-ն բավարարված չէ ՀԱՊԿ կոնկերտ իրադարձություններին տված արձագանքով․«Հայտնի է, որ մենք սառեցրել ենք մեր գործունեությունն այդ կազմակերպության շրջանակներում։ Այստեղ ավելի հեռուն գնացող հետևություններ չէին անի, բայց ուզում եմ արձանագրել, որ նախարար Լավրովի հետ համաձայն եմ՝ մեր քննարկումները շատ կառուցողական են, այդ քննարկումներն ունեն կոմպոնենտ խնդրահարույց հարցերի, նաև՝ դրական դինամիկա ունեցող հարցերի։ Առողջ գործընկերային հարաբերություններ են»։

Հիշեցնենք, որ այսօր Լավրովի այցին զուգահեռ ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց «Հանուն Հանրապետության» կուսակցությունն իր համակիրների հետ «Россия не миротворец, Россия торговец, Россия предатель» վանկարկումներով  բողոքի ցույց է իրականացնում։ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Լավրովը չպիտի այցելի Հայաստան, Ռուսաստանն այլեւս չպետք է Հայաստանին վերաբերվի որպես ծայրագավառ։ Մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք, որ ՀՀ-ն ունի արժանապատվություն, արժանապատիվ քաղաքացիներ, եւ մենք թույլ չենք տա, որ Ռուսաստանն իր ուզած քաղաքականությունն առաջ մղի ադրբեջանցիների ու թուրքերի հետ համաձայնությամբ՝ մեր կյանքերի եւ տարածքների հաշվին։ Ակցիան ունի կոնկրետ նպատակ՝ Լավրովին ցույց տալու իր տեղը, թե որտեղ են գիշերում խեցգետինները»։

Նորություններ