ՄԻՊ-ը կարող է դիմել ՍԴ գումարի դիմաց պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու մասին օրինագծի ընդունման դեպքում | Region

ՄԻՊ-ը կարող է դիմել ՍԴ գումարի դիմաց պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու մասին օրինագծի ընդունման դեպքում

Մայիս 29,2025 15:45

Գումարի դիմաց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրինագիծը ՄԻՊ-ի հետ չի քննարկվել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Նա օրինագծի մասին ասաց՝ անընդունելի է ցանկացած սոցիալական շերտավորում, որը կարող է առնչություն ունենալ նաեւ սահմանադրական պարտավորությունների հետ, ինչպես նաև անընդունելի է այնպիսի իրավական մեխանիզմների ստեղծումը, որոնք կարող են տպավորություն ստեղծել, թե պարտավորության կատարման առումով արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի ֆինանսական վիճակով, ֆինանսական ռեսուրսների առկայությամբ կամ բացակայությամբ։

«Եթե օրինագիծն ընդունվի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, հետեւաբար ես կարող եմ դիմել Սահմանադրական դատարան»,-ասաց Մանասյանը։

Նրա խոսքով՝ բանակում տարածված են ոչ կանոնադրական հարաբերությունները, եւ այդ միտման խորացման ռիսկերը չեն գնահատվել օրինագծի շրջանակներում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, հիշեցնենք, օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է 15 մլն դրամ պետբյուջե վճարելով բանակում զինծառայության անցնել  6 ամսով, իսկ  20 մլն վճարելով՝ ընդամենը 1 ամիս։

Պաշտպանության նախարարությունն էլ որոշ առաջարկութուններ է արել։ ՊՆ-ի առաջարկած փոփոխության համաձայն՝ ժամկետային զինծառայողը կարող է վճարել 18 միլիոն դրամ եւ ծառայել 4 ամիս կամ վճարել 24 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս։ Բացի այդ, առաջարկվում է մինչեւ 18 տարին լրանալը քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել պարտադիր տուրք՝ 15 մլն դրամ։ Փաթեթը դրական եզրակացություն է ստացել կառավարությունից, սակայն խորհրդարանական համապատասխան հանձնաժողովը հետաձգել է քննարկումը։

Այս օրինագիծը լայն քննարկման թեմա է դարձել, փորձագետներն ու քաղաքացիները քննադատում են  այն, նշելով, որ   զինծառայությունից խուսափողները հնարավորություն կունենան ազատվել պատասխանատվությունից, նախագծով բանակից ազատվելու համար ենթադրյալ կոռուպցիան օրինականացվում է, անհավասար պայմաններ են ստեղծվում քաղաքացիների համար՝ հարուստները կարող են իրենց երեխաների զինծառայությունն այսպիսով «մեղմացնել»։

Նորություններ