«Կողմը իրավունք ունի դիմելու ՀՀ դատարան, որպեսզի դատարանը ճանաչի արբիտրի որոշումը, հետո նոր դա դառնա պարտադիր կատարման ենթակա»․Գալյանը ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային արբիտրի որոշման մասին | Region

«Կողմը իրավունք ունի դիմելու ՀՀ դատարան, որպեսզի դատարանը ճանաչի արբիտրի որոշումը, հետո նոր դա դառնա պարտադիր կատարման ենթակա»․Գալյանը ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային արբիտրի որոշման մասին

Հուլիս 24,2025 13:12

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը։

Հիշեցնենք, որ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը պնդում է, թե Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում։ Կառավարությունն այս որոշման մասին հայտնել է, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:

Մեկնաբանելով արբիտրաժի որոշումը, նախարարն ասաց՝ ՀԷՑ-ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ  ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճի պարագայում արբիտրաժային տիրբունալի որոշումենրի ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում։ «Արբիտրի որոշման մեջ հղում է արված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, որով սահմանվում է այդ որոշման չկատրման դեպքում դրա կատարման հնարավորությունը՝ եթե կողմը ցանկություն ունի դա պարտադրաբար կամ հարկադրաբար ի կատար ածելու։  Այդ ընթացակարգն առկա է նաև մեր ներպետական ընթացակարգերում։ Այսինքն՝ կողմը իրավունք ունի դիմելու ՀՀ ներպետական դատարանին, որպեսզի դատարանը ճանաչի նախ արբիտրի որոշումը, հետո նոր դա դառնա պարտադիր կատարման ենթակա։  Ներպետական օրենսդրությամբ, նաև միջազգային կոնվեցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու՝ եթե դա հակասում է հանրային կարգին»։

Գալյանը նշեց, որ չի կարող ասել՝ արդյոք դա կճանաչվի հանրային կարգին հակասող, թե՝ ոչ, ապա նշեց՝ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի  դիմումում․«Նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ սպառնում էր։ Ստոկհոլմի արբիտրաժը չէր կարող որևէ նպատակ արձանագրել, որովհետև մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ, գործ չունենք վեճի քննության հետ։ Երբ միջազգային արբիտրաժը քննության կառնի արբիտրաժային վեճը, նոր կանդրադառնա գործի հանգամանքներին ու կգնահատի նպատակը»։

Նախարարի խոսքով՝ ՀՀ-ն առաջնորդվում է ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվեցիաներով, և որևէ խախտում, ո՛չ օրենսդրության, ո՛չ միջազգային կոնվենցիայի, թույլ չի տրվում։ Նա ասաց, որ քանի դեռ մյուս կողմը չի դիմել ներպետական դատարան, արբիտրի որոշումը որևէ  հետևանք չունի։

ՀԷՑ-ի հետ կապված ռիսկերը, որոնք քննարկվել ու գնահատվել են, ըստ նախարարի, որակվել են որպես շատ բարձր, այդ ռիսկերի կառավարմանն է ուղղված եղել այն պետականացնելու մասին որոշումը։

«Մեր բոլոր քաղաքացիները բախվել են հոսանքի մատակարարման հետ կապված խնդիրներին։ Չպետք է ձևացնել, թե ՀԷՑ-ում չարաշահումներ չեն եղել»,-ասաց նախարարը։ Նա հիշեցրեց, որ մինչ որոշումը կայացնելը, տուգանքներ են եղել, խնդիրը քննարկվել է,  ՀԾԿՀ ղեկավարն է ազատվել աշխատանքից։

Հարցին՝ ինչո՞ւ հիմա նման որոշում կայացվեց,  Սամվել Կարապետյանի՝ «մեր ձևով կանենք» հայտնի հայտարարությունից հետո, Գալյանը պատասխանեց՝ իսկ ե՞րբ։

Արձագանքնին, թե՝ յոթ տարի առաջ անեիք, նախարարը պատասխանեց՝ յոթ տարիառաջվանից սկսած եթե ուսումնասիրենք ՀԷՑ-ի հետ կապված խնդիրները, ապա, ինչպես նախարարն ասաց, ապա կտեսնենք, որ այս հարցի վերաբերյալ քննարկումներ սկսել են ավելի հաճախակի լինել․«Այնպես չէ, որ դա եղել  է քաղաքական հայտարարություններից հետո»։

Անդրադառնալով կալանավայրում գտնվող Միքայել սրբազանի համար փաստաբանի տարած նշխարի առգրավմանը, նախարարն ասաց, որ նշխարն անմիջականորեն է տրվել սրբազանին, մինչդեռ կալանավորներին թույլատրելի իրերի փոխանցման ընթացակարգ կա․«Դրա համար էլ վերցվել է նշխարն ու փաստաբանին զգուշացվել, որ  հաջորդ անգամ  այն կարգի պահպանմամբ փոխանցի։ Փաստաբանը շատ լավ գիտի ընթացակարգը»։

Հիշեցնենք, որ օրերս ահազանգ էր եղել, թե փաստաբան Արա Զոհրաբյանը պատարագի նշխար էր տարել կալանավայր՝ Միքայել սրբազանի համար։ Իսկ դրանից անմիջապես հետո ՔԿԾ պետը դա համարել է զանցանք ու դիմել փաստաբանական պալատին։

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությանը, ապա նախարարն ասաց՝ չի հայտարարվել, որ Սահմանադրության փոփոխությունը կամ  նոր Սահմանադրության ընտրությունը ՝հանրաքվեի միջոցով, տեղի է ունենալու 2026-ի ընտրություններից առաջ․«Ես միշտ  նշել եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք և աշխատենք այն ուղղությամբ, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026թվականի ընտրությունը»։

Հիշեցնենք, որ Բաքուն նորից Խաղաղության պայմանագրի ստորգրման համար նախապայմաններ է առաջ քաշում՝ ՀՀ Սահամադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։

Նախարարը Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ասաց, որ սահմանադրական փոփոխությունների աշխատանքները սկսվել են 2018 -ին, «հեղափոխությունից անմիջապես հետո, ուստի ճիշտ չէ սահմանադրական փոփոխությունները կապել որևէ արտաքին գործոնի հետ։ Դա մեր ներքին հարցն է, մեր ժողովուրդը կորոշի՝ ուզում է ունենալ նոր Սահմանադրություն, թե՝ չի ուզում»։

Նորություններ