«Սա իմ հայրենիքն է, չեմ գնա ոչ մի տեղ»․ Լյուդմիլա Իվանովան և նրա հարազատ Բովաձորը | Region

«Սա իմ հայրենիքն է, չեմ գնա ոչ մի տեղ»․ Լյուդմիլա Իվանովան և նրա հարազատ Բովաձորը

Նոյեմբեր 26,2025 12:55

71-ամյա Լյուդմիլա Իվանովան ապրում է Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրում։ Այստեղ են ծնվել և ինքը, և նրա ծնողները, դեռ այն ժամանակ, երբ գյուղը կոչվում էր Մաքսիմ Գորկի և ամբողջությամբ բնակեցված էր ռուսներով։ Բնակավայրը Բովաձոր է անվանվել 1992թ․-ին։

Տիկին Լյուդմիլան վաստակաշատ մանկավարժ է, երկար տարիներ դասավանդել է տեղի դպրոցում։

Երբեք չի մտածել գյուղը լքելու մասին, անգամ 1990-ական թվականներին, երբ ռուս ընտանիքները սկսեցին մասսայաբար տեղափոխվել Ռուսաստան։

«Սա իմ հայրենիքն է, ամբողջ կյանքս այստեղ եմ անցկացրել, իհարկե, ինձ շատ է դուր գալիս և չեմ ցանկանում ուրիշ ոչ մի տեղ գնալ»,- Regions TV-ի հետ զրույցում նշում է Լյուդմիլա Իվանովան։

Նրա երեխաներն ապրում են Ռուսաստանում, սակայն Լյուդմիլան նախընտրում է Բովաձորը։ Պատմում է երբեմնի մարդաշատ գյուղի մասին, հիշում է բոլոր հարևաններին, որոնց տներն այսօր դատարկ են։

Ամուսնու հետ հեշտ էր, աշխատում էին, ստեղծում, սակայն նրա մահից հետո տիկին Լյուդմիլան դժվարությունների առաջ կանգնեց։ Ծանր ֆիզիկական աշխատանք չի կարողանում անել, որոշ գործերում օգնում են հարևանները։ Այնուամենայնիվ, նա չի հուսահատվում, միայնակ մշակում է տնամերձ բանջարանոցը և այգին, պահեստավորում ձմեռվա մթերքի պաշարը։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

 

Նորություններ