«Հրդեհը մարելուց հետո, երբ նայում էիր այդ տարածքներին, լացդ գալիս էր, թռչունները նայում էին, որտեղ բներ, ճտեր ունեին։ Արոտավայրեր են այրվել»․Սեմյոնովկայի ղեկավար
«Այսօր չորրորդ օրն է, որ հրդեհի ծուխը նկատել ենք: Սկզբնական շրջանում վառվում էր Դիլիջան ազգային պարկի մոտ: Գնացինք, էնտեղ օգնեցինք, դրանք լրիվ մարեցինք»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա բնակավայրի վարչական ղեկավար Դավիթ Մնացականյանն՝ անդրադառնալով տարածքում բռնկված հրդեհին։
Վարչական ղեկավարի խոսքով՝ հրդեհը մարելու գործում իրենց օգնել են էկոպարեկայինի ծառայողները, ազգային պարկի ծառայողները, տարբեր մարզերից ժամանած հրշեջները, ինչպես նաև համայնքի բնակիչները: Ընդհանուր առմամբ՝ Սեմյոնովկա վարչական շրջանի մեջ մտնող 60 հա անտառներից այրվել է 10-15 հա:
Նա վստահեցրեց՝ հաջողվել է հրդեհը մարել, բայց ապահովության համար նախատեսում են տեղանքում գիշերային հերթապահություն սահմանել. «Մի 2-3 օր գիշերային հսկողություն կդնենք, կպտտվենք, որ որտեղ օջախներ տեսնենք, հասցնենք արագ կերպով մարել, որպեսզի հանկարծ չտարածվի»:
Վարչական ղեկավարը պատմում է, հրդեհի ժամանակ առաջացած ծուխը պատել էր ամբողջ գյուղը: Թե որն էր հրդեհի առաջացման պատճառը, պարոն Մնացականյանը չկարողացավ նշել, բայց խոսեց հրդեհի հասցրած վնասներից.«Հրդեհը Ֆիոլետովոյի կողմից է եկել: Թող մասնագետները զբաղվեն, հասկանան՝ ինչից է եղել, որտեղից է ճրագը դուրս եկել: Այրումը վնաս է կենդանական և բուսական աշխարհին: Մարելուց հետո, երբ նայում էիր այդ տարածքներին, լացդ գալիս էր: Թռչունները նայում էին, որտեղ բներ կամ ճտեր ունեն, նայում էին այն տարածքներին, որտեղ ձվադրել էին: Այդ տարածքների վրա կեդանական ու բուսական աշխարհը մեծամասամբ մաքրվեց: Մեծ վնաս եղավ նաև ժողովրդի համար, քանի որ այն արոտավայրերն էին, որտեղ իրենք անասուններին էին արածեցնում»:
Նիկոլ Մարգարյան
