«Ես որևէ հրաման չեմ տվել Հայաստանի ինքնիշխան տարածքից զորքի հետ քաշման մասին»․ Փաշինյան | Region

«Ես որևէ հրաման չեմ տվել Հայաստանի ինքնիշխան տարածքից զորքի հետ քաշման մասին»․ Փաշինյան

Նոյեմբեր 27,2025 15:58

«Որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար, վճռականությամբ և հաստատակամությամբ ողջունում եմ այդ հայտարարությունը, որը ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության գործում։ Եվ ես, իհարկե, սրբազան հայրերի համաձայնության դեպքում, հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի հարցը ավելի մանրամասն հասկանամ։ Իսկ իմ դիրքորոշումն արտահայտելու առիթ ունեցել եմ և կարծում եմ նոր բան չկա ասելու»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով եպիսկոպոսների՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դատապարտող հայտարարությանը։

Հիշեցնենք, որ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակ»-ը գրել է, որ «տելեգրամյան ալիքներում Եպիսկոպոսաց դասին վերաբերող նոր հայտարարության լուսանկար է տարածվում: Դրանում ասվում է, որ փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին: Վերջինս առոչինչ է համարում այս արդյունքները:․․․ Հաշվի առնելով սա՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կտրիճ Ներսիսյանից և Արշակ Խաչատրյանից մաքրելու գործընթացին միանալու համար»:

Հարցին՝ արդյոք ձեզ համար ընդունե՞լի է սրբության սրբոց Մայր Աթոռը ազատագրել այն անձանցով, որոնց մասին էլ կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ տեղեկություններ կան, Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Ես ասել եմ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը  ազատագրելու գործին կարող է մասնակցել Հայաստանյանց առաքելական եկեղեցու ցանկացած հետևորդ։ Ես առաջ եմ քաշել օրակարգ, որը վերաբերում է Հայաստանյաց եկեղեցու բարենորոգմանը և մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Եթե հարցնեք, թե արդյոք Կտրիճ Ներսիսյանը ևս կարող է այդ բարենորոգման ճանապարհով անցնել, ես կասեմ, որ նա բոլոր հնարավոր շանսերը վաղուց սպառել է և նա պետք է ազատի մեր սրբության սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»։

Փաշինյանը նաև նշեց Ամենայն հայոց կաթողիկոսի բարեվարքության ստուգման գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից, մասնավորապես դիտարկմանը, որ «Մեր ձևով» շարժումը հայտարարել է, որ հունվարից հանդես կգան որպես քաղաքական ուժ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, սակայն նույն ուժը պնդում է, որ հրահանգված է այս ուժին որպես կուսակցություն չգրանցել, քանի որ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից  ու քանի որ ներկա պահին այդ ուժն ավելի մեծ շանսեր ունի հաղթելու, քան ՔՊ-ն, Փաշինյանը պատասխանեց․«ՀՀ-ում կան իրավական ընթացակարգեր և այդ ընթացակարգերով է պետք առաջնորդվել։ Եթե ինչ-որ մեկը ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Ես ունեմ շատ մեծ վստահություն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին  հայ ժողովուրդը միանշանակ և աներկբա  հաղթանակ  կտանեն։ Ես երբեք ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել՝ անկախ նրանից վարչապետ, թե պատգամավոր եմ եղել»։

Անդրադանալով վերջերս  տեղի ունեցած հայ և ադրբեջանցի փորձագետների քննարկմանը, երբ ադրբեջանցինեևրը Հայաստան էին ժամանել, իսկ հայ փորձագետները մեկնել էին Բաքու,  Փաշինյանն ասաց․«Երկխոսությունը նրա համար է, որ խոսույթում բան փոխվի, 35 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի 2 հանդիպման ընթացքում բան չի կարող փոխել։ Պետք է տեղի ունենա գործընթաց, որպեսզի բան փոխվի։ Երկխոսության բացակայությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանի բնակիչները տեսնում են, որ Ադրբեջանի որոշակի շրջանակների հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվում, իսկ ադրբեջանցիները տեսնում են, որ, ըստ իրենց՝ Հայաստանի որոշակի շրջանակների հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվում»։

Փաշինյանը հայտնեց, որ  առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի կողմից բանավեճի հրավերը ընդունել է և պատրաստ է դրան։

Հարցին՝  44-օրյա պատերազմից հետո մի շարք բարձրաստիճան կամ միջին օղակի զինվրականներ այսօր դատվում են Հայաստանի դատարաններում, այս համատեքստում շատերը հարց են տալիս՝  դուք ի՞նչ գործ ունեք Արցախի հետ, եթե ճանաչել եք այն որպես Ադրբեջանի կազմում, 44-օրյա պատերազմից հետո ձեր հրամանով Քաշաթաղն ու Քարվաճառը հանձնվեց թշնամուն, դու հայտարարել եք, որ դուք եք հրաման տվել զորքերի հետ քաշել, ինչի արդյունքում բարձունքներ կորցրեցինք, ադրբեջանցիները ՀՀ-ի տարածքների վրա վերահսկողություն հաստատեցին, ձեր այս գործողություններն արդյոք չպետք է քննեն իրավապահները,  կանգնեք դատարանի առաջ, Փաշինյանը պատասխանեց․«Նախ՝ առաջին մասով այդ հարցին թող իրավաբանները պատասխանեն, ես հարկ չեմ համարում այդ հարցը մեկնաբանել։ Քննություններ իրականավել են և ես հարցաքննվել եմ մոտ 5 ժամ։ Հրապարակայնորեն քննվել եմ Քննիչ հանձնաժողովում և այդպես շարունակ և ավելին, քննվել եմ ամբողջ ժողովրդի կողմից և 2021 թվականի ընտրություները այդ քննությունն է եղել։  Դա թյուր կարծիք է մտածել, թե քրեական վարույթներ կան, որոնց մասին հանրությունը չգիտի, գործողությունները քննվել են և կարող են էլի քննվել։Ես որևէ հրաման չեմ տվել Հայաստանի ինքնիշխան տարածքից զորքի  հետ քաշման մասին»։

Նորություններ