«Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտներն ինչպես կանվանեն, իրենց խնդիրն է»․Կոստանյանը «Զանգեզուրի միջանցքի» մասին

«Չեմ սիրում խոսել այն աշխատանքի մասին, որն իրականացրել եմ, ենթադրում եմ մի օր դրա մասին ավելի հայտնի կդառնա»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչի համար է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել, Արցա՞խն է ազատագրել, բանակո՞ւմ է ծառայել։
«Դիվանագիտական ծառայության միջոցով նույնպես հայրենիքին կարելի է ծառայություն մատուցել։ Իսկ, թե ժամկետներին ուշադիր լինեք, թե երբ է տրվել պարգևը, կարելի է հասկանալ, թե ինչի համար է տրվել»,-ասաց Կոստանյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի մասին էլ փոխնախարարն ասաց․«Բրյուսելում տեղի է ունենալու «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ ֆորումը, որը ԵՄ լոգիստիկ ամենամեծ նախագծերից մեկն է, որը պետք է կապի ԵՄ-ն տարբեր տարածաշրջանների հետ, այդ թվում՝ մեր և կենտրանական Ասիայի։ Վարչապետը հրավիրված է ելույթ ունենալու ֆորումի բացման արարողությանը։ Նախատեսվում են հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ, նաև՝ այլ երկկողմ հանդիպումներ։ Եվ եթե իմ տեղեկությունները ճիշտն են, Ադրբեջանի նախագահն այս միջոցառմանը չի մասնակցում»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ղեկավարության կողմից «Թրամփի ուղին» «Զանգեզուրի միջանցք» ասելուն, Կոստանյանն ասաց․«Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ չկա ու չի կարող լինել։ Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները՝ արդեն իրենց խնդիրն է»։
Հարցին՝ ՀՀ-ն ի՞նչ է ստացել վաշինգտոնյան համաձայնագրերով, փոխնախարարը պատասխանեց՝ Հայաստանը հնարավորություն է ստացել խաղաղ ու կայուն տարածաշրջան կառուցելու, ինչը և սկսել է․Մենք հույս ու վստահություն ունենք, որ խաղաղության գործընթացը կգնա դրական ուղով»։