Արման Գրիգորյան. «Փաշինյանին այլևս թույլ չեն տա անվերջ երկու աթոռի վրա նստել» | Region

Արման Գրիգորյան. «Փաշինյանին այլևս թույլ չեն տա անվերջ երկու աթոռի վրա նստել»

Ապրիլ 04,2026 22:06

«Պուտինը միշտ չափազանց դիվանագետ է՝ ի տարբերություն որոշ պետական գործիչների, որոնք, ինչպես մեզ հայտնի է, փողոցային խուլիգանների պես ընդունակ են վիրավորել նույնիսկ բարեկամ երկրների առաջնորդներին։ Սակայն դիվանագիտական վարվելակերպը չի փոխում այն փաստը, որ նա կոշտացնում է իր դիրքորոշումը։ Փաշինյանը չափազանց երկար փորձեց «երկու աթոռի վրա նստել», սակայն նրան թույլ չեն տա անվերջ այդպես վարվել։ Հարկ է նշել, որ խնդիրն այստեղ միայն ռուսական կողմի դիրքորոշումը չէ. ընտրության նման կոշտ դրվածքը նաև ԵՄ անզիջում մոտեցումն է։ Եվրամիությունն այդ մասին տեղեկացրել էր Սերժ Սարգսյանին դեռ 2013 թվականին։ Այդ ժամանակից ի վեր, եթե ինչ-որ բան փոխվել է, ապա միայն այդ սկզբունքի էլ ավելի կոշտացման ուղղությամբ»,-այս մասին RegionsTV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնեց Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը՝ մեկնաբանելով Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը։

Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանը շարունակում է շարժվել դեպի Արևմուտք, և Մոսկվան ստիպված է արձագանքել։ Նա նշեց, որ Փաշինյանն արդեն տարիներ շարունակ ակտիվորեն փորձում է Հայաստանը կցել արևմտյան կառքին՝ այն նույն Արևմուտքին, որն օգնում է Ուկրաինային հարվածներ հասցնել ռուսական միջուկային զսպման ուժերին և մահափորձ կազմակերպել Պուտինի դեմ։ «Կատարելապես տարօրինակ կլիներ, եթե Պուտինը չփորձեր ազդել Հայաստանի քաղաքական գործընթացների վրա։ Գիտեմ, որ հիմա Հայաստանում ինքնիշխանության մասին բարձրագոչ հայտարարությունները շատ մոդայիկ են, և ինձ հաստատ կմեղադրեն այդ հարցի նկատմամբ անտարբերության մեջ։ Սակայն նորություն չէ, որ մեծ տերությունները փորձում են միջամտել այն երկրների քաղաքական գործընթացներին, որտեղ վտանգված են իրենց սեփական շահերը։ Ավելին, ինչ էլ որ ասի Պուտինը, նա անգամ չի մոտեցել այն անպարկեշտությանը, որը դրսևորեց ԱՄՆ փոխնախագահը՝ բացահայտ աջակցելով Փաշինյանին առաջիկա ընտրություններում»,-ասաց Գրիգորյանը։

Նա հավելեց, որ «այն նույն մարդիկ, ովքեր այսօր ցնցված ու զայրացած են Պուտինի վարքագծից, հերթ էին կանգնում Վենսի հետ լուսանկարվելու համար»։

Գրիգորյանը կոչ է անում միջազգային հարաբերություններին նայել ավելի օբյեկտիվ և առանց կանխակալության, որտեղ բոլոր դերակատարների գործողությունները պետք է գնահատվեն միևնույն չափանիշներով, այլ ոչ թե գաղափարական նախապատվությունների ազդեցության տակ։

Գրիգորյանը նշեց՝ քաղաքականությունը, որն ուղղված է հաստատված կապերի խզմանը և դեպի նոր, անհայտ վեկտորներ վերակողմնորոշմանը, վտանգում է հանրապետության ազգային անվտանգությունն ու տնտեսական կայունությունը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է հրաժարվի երկրի ռազմավարական կողմնորոշման փոփոխության իր անխոհեմ քաղաքականությունից։ Արման Գրիգորյանը Երևանին կոչ արեց ցուցաբերել ավելի պրագմատիկ մոտեցում՝ հիմնված շահերի հավասարակշռման և շահավետ գործընկերային հարաբերությունների պահպանման, այլ ոչ թե արտաքին թելադրանքին կուրորեն հետևելու վրա։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Փաշինյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել էր ՌԴ նախագահ Պուտինին։ Երկու երկրների առաջնորդները քննարկել էին երկկողմ հարաբերությունների հեռանկարները, ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև ինտեգրացիոն փոխգործակցությունը եվրասիական տարածքում։ Նրանք անդրադարձել էին նաև տնտեսական ոլորտում համագործակցությանը, այդ թվում՝ Հայաստանի փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ։ Վլադիմիր Պուտինը նշել էր, հստակ դիրքորոշում է հայտնել՝ հանրապետության համար անհնար է միաժամանակ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ մաքսային միության մեջ։

Արման Գրիգորյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ճնշման զգալի լծակներ ունի, մինչդեռ Հայաստանը գրեթե չունի այդպիսիք։ Քաղաքագետը կարծում է, որ «նման ասիմետրիկ հարաբերություններում ազդեցություն ունեցող կողմն անխուսափելիորեն կօգտվի դրանից, եթե մյուս կողմի վարքագիծը սկսի խնդիրներ ստեղծել։ Միակ հանելուկն այստեղ այն է, որ Փաշինյանն ու նրա կողմնակիցները, կարծես, չեն հասկանում այս տարրական, աքսիոմատիկ ճշմարտությունը։ Նրանք հավատարիմ են մնում ցանկալին իրականության տեղ ընդունելու իրենց ավանդույթին՝ համոզելով մեզ, թե Արևմուտքում կան իրական այլընտրանքներ, որ Արևմուտքը կփոխհատուցի մեզ ցանկացած կորուստ, եթե խզենք կապերը Ռուսաստանի հետ, և որ Արևմուտքը նաև կպաշտպանի մեզ ռուսական ճնշումներից։ Սա այնքան ակնհայտ է, որ ակամա հարց է առաջանում՝ արդյո՞ք նրանք իսկապես ի վիճակի չեն հասկանալ տարրական փաստերը, թե՞ գիտակցաբար սաբոտաժի են ենթարկում Հայաստանի շահերը»։

Անդրադառնալով միջուկային էներգետիկայի հարցին՝ պրոֆեսորն ընդգծել է. «Ձեր ընթերցողները կհիշեն մի քանի ամիս առաջ տեղի ունեցած բուռն քննարկումները Հայաստանում ամերիկյան մոդուլային կայան կառուցելու հնարավորության վերաբերյալ։ Այս գաղափարի կողմնակիցները հրաժարվում էին լուրջ խոսակցություն վարել նման նախագծի իրագործելիության մասին։ Փոխարենը նրանք զբաղված էին այդ գաղափարի քաղաքական գովերգմամբ։ Մինչդեռ ԱՄՆ-ում մոդուլային ռեակտորները դեռ հետազոտությունների և մշակումների փուլում են։ Այսօր նման ռեակտորներ կառուցած միակ երկու երկրները Չինաստանն ու Ռուսաստանն են։ Ավելին, ամերիկացիներն իրենց ռեակտորների համար միջուկային վառելիքի զգալի մասը գնում են հենց Ռուսաստանից։ Մենք պարզապես կորցրել ենք լուրջ խոսակցություններ վարելու ունակությունը։ Ամեն ինչ հանգում է նրան, որ «դրոշակ խփենք» որևէ դիրքորոշման վրա և պաշտպանենք այն ամեն գնով»։

Արման Գրիգորյանը հիշեցրեց Պուտինի խոսքերը՝ Ռուսաստանը ԵՄ երկրներին գազը վաճառում է 1000 խորանարդ մետրը 600 դոլարով, ՀՀ-ին՝ մոտ 170 դոլարով։ «Մի՞թե դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե ռուսները եռապատկեն գինը։ Մենք ի՞նչ է, լրջորեն քննարկում ենք Ադրբեջանը որպես բնական գազի այլընտրանքային մատակարա՞ր։ Մի՞թե նրանք մատակարարելու են նույն արտոնյալ սակագնով։ Եվ ինչո՞ւ։ Որովհետև Ալիևը մեզ շա՞տ է սիրում։ Նման խոսակցություններ կարող էին լինել միայն գժանոցում, եթե Հայաստանում ամեն ինչ այսքան մեթոդաբար ու հիմնավորապես աղավաղված չլիներ»,-ասաց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է TRIPP նախագծին, Գրիգորյանն այն համարում է աշխարհաքաղաքական նախագիծ։ Նրա կարծիքով՝ եթե այս նախագիծն իրականացվի, ճնշում կառաջանա ռուսներին դուրս մղել դրա հետ կապված ցանկացած նախաձեռնությունից․«Սրանք իմ ենթադրությունները չեն։ Ջեյմս Օ’Բրայենը դեռ տարիներ առաջ այս մասին արտահայտվել է առավելագույն հստակությամբ։ Իհարկե, այն ժամանակ նախագիծը դեռ չէր կոչվում TRIPP, բայց քննարկումներն արդեն ընթանում էին։ Եվ այո, ես չեմ կարծում, որ ռուսները լուռ կհամակերպվեն դրա հետ։ ՌԴ-ն դիրքորոշումը բավականին ուղղակի տեքստով հաստատեց նաև փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա հայտարարեց, որ մտադիր չէ «Հարավկովկասյան երկաթուղիների» կոնցեսիան հանձնել որևէ մեկին։ Այն, որ Օվերչուկը կոշտ դրեց հարցը՝ եթե Ռուսաստանի ընկերություններն ու գործարարները չեն կարող աշխատել Հայաստանում, ապա ինչո՞ւ պետք է հայկական ընկերություններն ու գործարարները կարողանան աշխատել Ռուսաստանում, լիովին սպասելի էր։ Եվ սա շանտաժ չէ, այլ շատ իրական սպառնալիք։ Սակայն ես նաև կարծում եմ, որ TRIPP-ի իրականացումը կասկածելի է՝ հաշվի առնելով այն ծանր կացությունը, որում հայտնվել են ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի հարցում»,- շեշտեց Գրիգորյանը։

Ըստ նրա՝ Իրանում ստեղծված իրավիճակը կարող է դառնալ էական գործոն, որը կդանդաղեցնի կամ ընդհանրապես կկանգնեցնի նախագիծը։ Տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածությունը ստեղծում է անկանխատեսելի միջավայր, որտեղ նման ամբիցիոզ նախագծերի իրականացումը կարող է բախվել լուրջ մարտահրավերների ու ռիսկերի՝ թե՛ քաղաքական, թե՛ գործնական առումով։

Զաբելա Ավագյան

 

 

Նորություններ