«Բաքվում հասկանում են, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո Մոսկվան կարող է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում» | Region

«Բաքվում հասկանում են, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո Մոսկվան կարող է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում»

Օգոստոս 20,2024 21:01

Ի՞նչ կարևոր թեմաներ են քննարկվել Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում 

– «Մոսկվան հակամարտող կողմերին կառաջարկի վերադառնալ մոսկովյան հարթակ». Տարասով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով Ադրբեջանում էր: Նա մեկ տարվա ընթացքում երրորդ բանակցությունն է անցկացնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բանակցությունների ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցերը:

Ինչպես հայտնում է APA-ն, Պուտին-Ալիև բանակցություններից հետո մամուլի համար համատեղ հայտարարության մեջ Ռուսաստանի նախագահը նշել  է. «բանակցություններում քննարկվել են տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, բնականաբար, հաշվի առնելով այն դերը, որ Ադրբեջանը խաղում է Կասպյան տարածաշրջանում և Անդրկովկասում։  Արծարծվել են նաեւ միջազգային արդիական թեմաներ: Արտաքին քաղաքականության մեջ երկու երկրներն էլ հաստատակամորեն հավատարիմ են միջազգային իրավունքի գերակայության, ինքնիշխանության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին»։

Քաղաքագետներն ու փորձագետները մատնանշել են Պուտինի ադրբեջանական այցի տարբեր պատճառներ:

«Մերձավոր Արևելք-Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու շատ կարեւոր է, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները թույլ կտան լուծել երկու երկրների համագործակցության և Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված մի շարք հարցեր: «Թեև Ադրբեջանը ՀԱՊԿ և Եվրասիական միության անդամ չէ, բայց ԱՊՀ երկրների և Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների մակարդակն այնքան բարձր է, որ Ադրբեջանը հետագայում ինտեգրվելու է կամ մասնակցելու է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացին։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում ակտիվորեն քննարկվելու էր նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի հարցը: Անհրաժեշտ կլինի համաձայնեցված քաղաքականություն վարել և ամրապնդել ընդհանուր ինտեգրացիոն գործընթացները»,-նշել է Տարասովը։ Քաղաքագետի կարծիքով, «բանակցություններում կարևոր թեմա է նաև Անդրկովկասում իրավիճակի կարգավորումն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հավանաբար, Մոսկվան հակամարտող կողմերին կառաջարկի վերադառնալ մոսկովյան հարթակ»,-ավելացրել է Տարասովը։

«Քաղաքական փորձագիտական խմբի» ղեկավար Կոնստանտին Կալաչովն ընդգծել է. «այսօրվա դրությամբ ադրբեջանա-հայկական կարգավորման խնդիրները երկրորդ պլանում են։  Այցից առաջ հրապարակումներ էին եղել այն մասին, որ Ադրբեջանը կսկսի ռուսական էներգակիրներ գնել։ Կարելի է ենթադրել, որ ռուսական գազը ադրբեջանականի հետ կարող է Թուրքիայի տարածքով գնալ Եվրոպա։ Ինձ թվում է, որ այժմ Մոսկվան և Բաքուն ավելի մոտ են, քան երբևէ, քանի որ Ադրբեջանը ձեռնպահ է մնում հակառուսական պատժամիջոցներից՝ հաշվի առնելով Բաքվի բարդ հարաբերություններն Արևմուտքի հետ։ Այստեղ նույնպես շփման կետեր կան, քանի որ ոչ միայն Մոսկվան առճակատում ունի Վաշինգտոնի հետ, այլև Ադրբեջանը որոշակի բարդություններ ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլև ընդհանրապես Արևմուտքի հետ հարաբերություններում։ Բաքվի համար Մոսկվան կարևոր գործընկեր է, բայց ոչ պակաս կարևոր գործընկեր է Անկարան։ Բաքուն ռազմավարական դաշինք ունի Անկարայի հետ, Ադրբեջանն ու Թուրքիան ապրում են «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» սկզբունքով։ Ադրբեջանը չի ուզում կորցնել իր ինքնությունը, ուստի Մոսկվան նրան պետք է, այդ թվում՝ շահերը հավասարակշռելու համար»։

BBC-ի ադրբեջանական ծառայության խմբագիր Քենուլ Խալիլովան նշել է, որ «այդ այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ուկրաինան ներխուժել է ռուսական տարածք և մարտեր են ընթանում հենց Ռուսաստանում։ Այն բանից հետո, երբ Արևմուտքը մեկուսացրեց Պուտինին ուկրաինական հողերը բռնակցելու համար, նա ձգտում է ամրապնդել իր կապերը հին դաշնակիցների հետ և գտնել նորերին։ Նա Ադրբեջանի հետ դաշնակցային համաձայնագիր է ստորագրում այն օրերին, երբ ՌԴ բանակը ներխուժել է Ուկրաինայի տարածք։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի կառավարությունը լավ հարաբերություններ է պահպանում Ուկրաինայի և Արևմուտքի հետ, այնուամենայնիվ, երբեք երես չի թեքել Պուտինից։ Ներկայիս պետական այցը նաև հնարավորություն է Ռուսաստանի ղեկավարի համար աշխարհին ցույց տալու, որ նա աջակցություն ունի», – ընդգծել է Քենուլ Խալիլովան:

Բանակցությունների օրակարգում կարող է լինել նաև Ստեփանակերտում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցի քննարկումը,-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։ Նա նշել է, որ «այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում և հարցը քննարկման փուլում է»։  Ըստ դեսպանի՝ չի բացառվում, որ երկու նախագահների բանակցությունների ևս մի կարևոր թեմա  կարող է դառնալ Ադրբեջանի անդամակցությունը BRICS-ին:

Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի դոցենտ Արթուր Ավակովը Ռուսաստանի ղեկավարի Բաքու կատարած այցի մասին խոսելիս նշել է.  «այսօր Բաքվում շատ լավ հասկանում են, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո Մոսկվան կարող է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում։ Հաշվի առնելով դա՝ նախագահ Ալիևը հիմք է դնում ապագա համագործակցության համար։ Այդ պատճառով Բաքվում շարունակում են հայտարարել, որ Հայաստանն է, որ չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել և շարունակում է ավելացնել սպառազինությունը։ Երբ Ռուսաստանը կարողանա ամբողջ թափով վերադառնալ Հարավային Կովկաս, իրավիճակը կփոխվի։ Բաքվին ձեռնտու է, որ իր նոր դիրքը ապահովագրված լինի ցնցումներից։ Ապագայում չի բացառվում, որ Մոսկվան ցանկանա փոխել իր որդեգրած ուղեգիծը»:

Ադրբեջանում քաղաքական գործիչների մեծ մասի համար մտահոգիչ էր այս այցը։ Ըստ «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուի՝ այժմ Պուտինի ամենագլխավոր խնդիրը Ռուսաստանի տարածքային ամբողջականության պահպանումն ու թուլացած իմիջի վերականգնումն է, և Ադրբեջանի նախագահի հետ համակարգումը վճռորոշ նշանակություն ունի Պուտինի ծրագրի համար:

   Զաբելա Ավագյան

 

Նորություններ