Հայտարարությունները, թե ՀՀ-ն համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, իրականության խեղաթյուրում են. վարչապետ
Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նախ կայացել է նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Բացի ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից, ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը և Ուզբեկստանի Կառավարության ղեկավար Աբդուլա Արիպովը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստին մասնակցելու համար։
Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ, անկասկած, ընդլայնում է տնտեսական փոխգործակցության հնարավորությունները և վայելում մեր լիակատար աջակցությունը»։
Փաշինյանն ասել է՝ հայկական կողմն առաջնային նշանակություն է տալիս փոխշահավետ համագործակցությանը հավատարիմ երրորդ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման շուրջ բանակցություններին։
Արտաքին կոնտուրի վրա փոխազդեցությունը հնարավորինս օպտիմալացնելու համար անհրաժեշտ է.
– իրականացնել երրորդ երկրների հետ առկա առևտրային համաձայնագրերի լրացուցիչ վերլուծություն՝ դրանց թերությունները բացահայտելու և բարելավման ուղղությունները որոշելու նպատակով։
– Մանրակրկիտ դիտարկել առևտրի ծավալները մեծացնելու նպատակով նոր դրույթների ներդրման հնարավորությունը։
– Սահմանել փոխգործակցության արդյունավետությունը գնահատելու հստակ չափանիշներ, ինչպիսիք են՝ առևտրի մակարդակը, ներդրումների հոսքերը և ենթակառուցվածքների զարգացումը:
Փաշինյանի խսքով․«Պետք է նշեմ, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում միասնական էներգետիկ շուկայի ստեղծման հարցի չլուծված լինելը զգալիորեն դանդաղեցնում է մեր երկրների տնտեսությունների աճի տեմպերը, որոնք կարող էին ավելի բարձր լինել, քան հիմա։ Կցանկանայի նշել նաև Հայաստանի համար արդյունավետ տրանսպորտային և լոգիստիկ քաղաքականության իրականացման արդիականությունը։
Բեռների առաքման ժամանակի կրճատման, Ասիայի և Եվրոպայի, Հյուսիսի և Հարավի միջև նոր այլընտրանքային տրանսպորտային հաղորդակցությունների որոնման տեսանկյունից կցանկանայի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վրա։
Նախագծի նպատակն է՝ ստեղծել առավել բարենպաստ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև էապես մեծացնել տարածաշրջանի լոգիստիկ ներուժը՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիարժեք հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը։ Ի դեպ, բոլոր հայտարարությունները, թե Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում իբր համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, ուղղակի իրականության խեղաթյուրում են։ Ցանկանում եմ նշել, որ նույնը վերաբերում է որոշ մեկնաբանությունների, թե իբր Հայաստանն ինչ-որ տեղ, երբևէ, ինչ-որ կերպ համաձայնել է սահմանափակել իր ինքնիշխանությունը տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում։ Այդպիսի բան երբեք չի եղել, և սա նույնպես իրականության ակնհայտ խեղաթյուրում է։ Հայաստանի պարտավորությունը հստակ է՝ երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունը, և մենք դա երաշխավորում ենք»։
Այնուհետև նիստի մասնակիցները ստորագրել են ընդունված որոշումների արձանագրությունները: Որոշումները վերաբերել են հարկային, մաքսային վարչարարություններին, ինտեգրացիոն մեխանիզմներին, երրորդ երկրների հետ փոխգործակցությանը և այլ հարցերի: