Անի խոշորացված համայնքի տրանսպորտի խնդիրը չի լուծվում․ մրցույթ են հայտարարում, ոչ ոք չի մասնակցում, ձեռնտու չէ | Region

Անի խոշորացված համայնքի տրանսպորտի խնդիրը չի լուծվում․ մրցույթ են հայտարարում, ոչ ոք չի մասնակցում, ձեռնտու չէ

Հոկտեմբեր 20,2024 14:45

Անիի տարածշրջանում, թեև նորոգ են Գյումրի տանող ու միջհամայնքային ճանապարհները, սակայն արդեն քանի տարի է՝ կանոնավոր երթուղի ու փոխադրամիջոց չկա։ Այստեղ խնդիր է նաև ներհամայնքային ուղևորափոխադրումը, գյուղեր կան, որ ընդհանրապես  զրկված են կանոնավոր ուղևորափոխադրումից։

Խոշորացված Անի համայնքի Անիպեմզա, Աղին, Հայկաձոր, Ջրափի, Սարակապ, Բագրավան գյուղերի բնակիչներն ապավինում են միայն Գյումրի-Երևան-Գյումրի երկաթուղային գնացքին, որի ժամանակացույցը հարմար չէ ոչ համայնքից Գյումրի մեկնող ուսանողների և ոչ էլ Գյումրիից համայնք մեկնող ուսուցիչների համար:

Գյումրիիում սովորող բագրավանցի ուսանողը RegionsTV-ին պատմում է, որ նա ամեն օր դասի է մեկնում գնացքով, այլ տարբերակ չունի։ Ասում է՝դասերը սկսվում են  առավոտյան ժամը 9:00-ին, սակայն նա Գյումրի է հասնում  ժամը 11:00-ին՝ գնացքի ժամանակացույցի պատճառով:  Նա ստիպված բաց է թողնում առաջին դասաժամերը, ու չնայած, քոլեջում փոխըմբռնում ստանում է, տրանսպորտային փոխհատուցում՝ ևս, բայց գիտելիքների հարցում տուժում է:

Համայնքի դպրոցներից մեկի ուսուցիչը մեզ պատմեց, որ ամեն աշխատանքային օր առավոտյան ժամը 5-ին է արթնանում, որպեսզի հասցնի պատրաստվի ու ժամը 7:30-ին լինի երկաթուղու  կայարանում։ Այլընտրանք չունի, միայն գնացքով կարող է հասնել աշխատանքի վայր։

Գյումրիից  համայնք մեկնող միակ միկրոավտոբուսը հասնում է մինչև Աղին բնակավայր, մյուս չորս-հինգ գյուղերը մնում են կտրված մարզկենտրոնից ու համայնքի կենտրոնից:

Ուսուցչի պատմելով՝ տրանպորտային փոխհատուցում ստանում է, որոշակի գումար են տրամադրում իրեն, բայց բուն խնդիրը դրանով չի լուծում։

2017-ին խոշորացված այս համայնքում 19 բնակավայր կա։ Կառավարությունը խոշորացնելով  խոստանում էր՝ համայնքային խնդիրներն ավելի հեշտ ու արագ կլուծվեն, ճանապարհները կնորոգվեն, տրանսպորտի հարցը կլուծվի, համայնքից համայնք  գյուղացիների տեղաշարժը ավելի դյուրին կլինի,  պետական հաստատությունների հետ որոշ հարցերը տեղում կլուծվեն։

Այդուհանդերձ, համայնքի բնակիչներն ասում են, որ մինչ օրս տրանսպորտի հարցը չի լուծվել, մարզկենտրոն հասնելն այնքան էլ դյուրին չէ, նրանք Գյումրի կարող են հասնել կամ գնացքով  կամ օգտվել երջանիկ պատահականությամբ ճանապարհին հայտնված մեքենայից, իսկ տաքսին ճոխություն է գյուղացու գրպանի համար:

«Գյումրի ենք գնում տարբեր պաշտոնական գործերով, ասենք՝ անձնագրային, բուժկենտրոն, հազար ու մի գործ է օրական լինում։ Ավտոբուս չկա, գնացքով էլ միշտ չէ, որ հարմար է լինում։ Տաքսիով գնալն էլ ֆինանսապես ձեռնտու չէ»,-մեզ հետ զրույցում ասաց Ջրափիի բնակիչներից Հասմիկ Մադոյանը։

«Ամբողջ հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներում առկա են լուրջ խնդիրներ, շատ համայնքներ չունեն տրանսպորտային կանոնավոր սպասարկում։ Կապված ցածր ուղևորահոսքի, ոչ եկամտաբեր երթուղիների հետ՝ փոխադրողները հրաժարվում են երթուղիներից»,- խնդրի առնչությամբ RegionsTV-ին այսպիսի պարզաբանում  ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի  քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը։ Նախարարությունն է կազմակերպում միջմարզային, ներմարզային երթուղիները։

Այվազյանն ասաց, որ նախարարությունը ներդնում է միասնական երթուղային ցանց։

Նրա վստահեցմամբ՝  2022 թվականին Շիրակի մարզում երկու անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն այն չի կայացել, որովհետեւ որեւէ փոխադրող չի դիմել․« Գործընթացը շատ մեծ ծավալի ներդրումներ է պահանջում, դրա համար ցանկացողներ չկան։ Հիմա նախատեսում ենք Շիրակի մարզը դիտարկել, ուսումնասիրում ենք տարածաշրջաններում մրցույթ հայտարարելու տարբերակը։ Բայց մարզը սպասարկել ցանկացող կազմակերպություններ չկան»։

RegionsTV-ի հարցին՝ եթե տարիներով չլինի երթուղին սպասարկել ցանկացող ընկերություն, գյուղացին պետք է մնա  առանց տրանպո՞րտ, Այվազյանը  պատախանեց․«Այս պահի դրությամբ ավտոբուսային պետական որեւէ կազմակերպություն չկա, որին մենք դիմենք ու ասենք՝ պիտի սպասարկեք։ Բավականին մեծ քանակով բնակավայրեր կան, որ չունեն տրանսպորտային սպասարկում։ Փորձում ենք ժամանակավոր մրցույթներ հայտարարել, մինչեւ ընդհանուր  մարզային տարբերակը լինի»։

Մեր հարցին՝ գուցե քննարկվի փոխադրողի վնասի փոխհատուցման  տարբերակը, որպեսզի շահագրգիռ լինեն մրցույթին մասնակցելու, ՏԿԵՆ պաշտոնյան պատասխանեց՝ այս պահին  պետական նման ծրագիր չկա․«Համայքներն ունեն  ծրագրեր, կարող են սուբվենցիոն ծրագրով դիմեն, տրանսպորտային միջոցներ ձեռք բերեն եւ  իրենց ներհամայնքային երթուղին կազմակերպեն՝  կամ 100% համայնքային  կազմակերպություն ստեղծեն, ձեռք բերեն տրանսպորտային միջոցներ ու գոնե ներհամայանքայինը կարողանան կազմակերպել, կամ գնման գործընթացով կամ մրցույթի եղանակով»։

Կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում տրանսպորտի հարցը չի լուծվի, մեր այս դիտարկմանն ի պատասխան էլ Այվազյանն ասաց՝ օրենքով մեզ ինչ լիազորություն վերապահված է, դրանից ավելին չենք կարող անել։

Համայնքի ներսում տրանսպորտի ապահովումը վերապահված է համայնքին։ ՏԿԵՆ պաշտոնյան Անի խոշորացված համայնքի ղեկավարությանը խորհուրդ է տալիս օգտվել արտոնություններից տրանսպորտային միջոցներ ձեռքբերելու համար, օրինակ՝ էլեկտրամոբիլներ ձեռք բերել, քանի որ մաքսազերծման արտոնություն կա։

«Եթե ինչ որ մեկը նման խորհուրդ է տվել, մի հատ մեր բյուջեն թող նայի ու ասի՝ թե այս բյուջով ես քանի՞ հատ էլեկտրոմոբիլ կարող եմ գնել ու քանի տարվա մեջ։ Չի կարող նման բան լինել, դա աբսուրդ է»,-ՏԿԵՆ պաշտոնյայի առաջարկին այսպես արձագանքեց Անիի համայնքապետ  Արման Սարիբեկյանը։

Երեկ RegionsTV-ի հետ  զրույցում  Սարիբեկյանը նշեց՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ զրույցի ընթացքում տեղեկացել է՝տրանսպորտի հարցը մրցութային փուլում է, 8-10 օրվա ընթացքում այն կայանալու է, հարցը` կարգավորվելու է․«Մրցույթը երկու առանձին լոտով է դրված`Անի ու Արթիկ համայնքների համար, որպեսզի տնտեսվարողը կարողանա մասնակցել»:

Մինչ Սարիբեկյանի այս պարզաբանումը, նրա տեղակալը՝  Էդգար Սաղաթելյանն էլ մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում նշեց՝ ՏԿԵՆ-ը նոր մրցույթ է հայտարարել Գյումրիից համայնք՝ Անիպեմզա  երթուղու համար, բայց  այնպիսի չափորոշիչներ է սահմանել, ասենք՝ մի քանի տարվա թարմ մեքենա պետք է լինի, որ ոչ ոք չի մասնակցում մրցույթին, ձեռնտու չէ։

Նա ասաց, որ ներհամանյքային երթուղին սպասարկում է գրեթե բոլոր համայնքները․«Բաց է մնացել Լանջիկն ու ցածի հինգ-չորս գյուղը։ Ուզում ենք Մարալիկից Անիպեմզա ներհամայնքային գիծ ստեղծենք սուբվենցոն ծրագրով, բայց սա այս տարի չենք հասցնի»։

Ելենա Ավետիսյան   

Նորություններ