«Այս գործով ակնհայտ է պետական ու քաղաքական պատվերը․գլխավոր դատախազը ուղղորդումներ է իրականացնում»․դատարանն անցավ Միքայել Աջապահյանի գործով ապացույցների հետազոտմանը | Region

«Այս գործով ակնհայտ է պետական ու քաղաքական պատվերը․գլխավոր դատախազը ուղղորդումներ է իրականացնում»․դատարանն անցավ Միքայել Աջապահյանի գործով ապացույցների հետազոտմանը

Օգոստոս 19,2025 18:21

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով այսօրա դատական նիստում հանրային մեղադրողը ներկայացրեց Միքայել սրբազանին առաջադրված մեղադրանքը, կրկին պնդելով, որ նա զանգվածային լրատվամիջոցների օգտագործմամբ հնչեցրել է «իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր։

Դատարանն այսօր անցավ ապացույցների հետազոտմանը, ցուցադրվեց «Գալա» հեռուստաընկերությամբ հեռարձակված այն տեսանյութը, որը հիմք է հանդիսացել Միքայել սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։

Միքայել Աջապահյանի պաշտանները շարունակում են պնդել, որ այդ տեսանյութում հստակ է, որ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է նաև Շիրակի թեմի առաջնորդը, իսկ սրբազանի խոսքը իշխանության զավթման կոչ կամ պահանջ չէ։

Նրա փաստաբանների պնդմմաբ՝ պետությունն իր ողջ գործիքակազմով ճնշում է ազատ խոսքը, Միքայել Սրբազանին ազատ խոսքի համար են պատժում։

Միքայել Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանի ներկայացմամբ՝ սրբազանը կոչ չի արել, պարզապես պատմել է նախկինում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Միքայել սրբազանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը հիշեցրեց, որ Հանրային հեռուստատեսության եթերով գլխավոր դատախազը անդրադարձել էր Միքայել սրբազանի մեղադրանքին, ու նշեց, որ դա, ըստ սրբազանի պաշտպանների, մեղադրանքը հիմնավորելու փորձեր էին, ինչն ապօրինի է, և ակնհայտ է այս գործում պետական պատվերը․«Սա ցույց է տալիս, թե ՀՀ գլխավոր դատախազի մեկնաբանությամբ` պետությունն ինչ վերաբերմունք ունի այդ գործի նկատմամբ։ Գլխավոր դատախազը փաստացի միջամտում է նախաքննությանը, ուղղորդումներ իրականացնում։ Ակնհայտ է, որ այստեղ կոնտեքստ փնտրելն օրինականության շղարշ հաղորդելու միտում է այս գործին, եւ ՀՀ գլխավոր դատախազի նման մեկնաբանություններն ու դիրքորոշումը ցույց են տալիս իրավական պետությանը ոչ հարիր գործելաոճ։ Եթե գործը նոր սկսված, ապացույցների հավաքագրման փուլում, դեռ ոչ մի բան չհաստատված, օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռի բացակայության պայմաններում մենք խոսում ենք մեղադրանքի եւ ապացույցների անվիճարկելիության մասին, ապա պետական ու քաղաքական պատվերն այս գործով ակնհայտ է։ Խնդրում եմ իրականացնել իրական արդարադատություն»։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է զանգվածային լրատվության միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգի բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու մեջ:

Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստում  պաշտպան Երեմ Սարգսյանը ՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանին ինքնաբացարկի միջնորդությունն էր ներկայացրել, որը մերժվեց։

 

 

 

 

 

Նորություններ