«Թարգե´ք այս սխալը: Չեք թարգում, ուրեմն կհատուցեք»․Միքայել Աջապահյանը՝ դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստում պաշտպան Երեմ Սարգսյանի՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց։
Փաստաբան Երեմ Սարգսյանը համոզմունք էր հայտնել, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում, ու շահագրգռված է, որպեսզի դատական գործը մնա իր վարույթում: Նա իր ծավալուն ելույթում հիմքեր ներկայացրեց, որոնք իր համոզմամբ, բավարար են, որպեսզի կասկածի տակ դրվի գործը քննող մարմնի անաչառությունը.«Նշված հանգամանքները օբյեկտիվ և հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ նախագահող մարմինը ինչ-ինչ հանգամանքներով, (օրինակ՝ վախ, կաշկանդվածություն, հանձնարարություն, թշնամանք) պայմանավորված հատուկ քայլեր է անում, որ գործը շարունակի մնալ իր հսկողության տակ, և ինքը քննի այն, ինչը հիմք է կասկածելու դատավորի անկախությանն ու անաչառությանը»։
Մերժվեց դատավորի ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը: Նշվեց, որ այն փաստահեն չէ, ու պաշտպանական կողմը չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստ, որը թույլ կտա հանգել դատարանի անկողմնակալության վերաբերյալ հիմնավոր հետևության:
Միքայել Աջապահյանի փաստաբանները այս նիստի ընթացքում ևս բարձրացրին այն հարցը, որ հաջորդ դատական նիստը կայանա Շիրակի մարզում, քանի որ սրբազանը հարցազրույցները տվել է Գյումրիում, և ըստ գործերի ընդդատության կանոնների, գործը պետք է քննվի այնտեղ:
Հնչեցված միջնորդությունների վերաբերյալ իր կարծիքը հայտնեց նաև մեղադրյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը.«Ամեն մի շփում մեր դատաիրավական համակարգի հետ, ավելի խորացնում է իմ հիասթափությունը: Հուլիսի 27-ից ինչ առնչվում եմ, փուլ առ փուլ իմ վերաբերմունքը իջնում է, դեպի խորխորատ, որի վերջը չի երևում: Ես շատ ասելիք ունեմ, բայց չեմ ուզում մարդկանց համբերությունը չարաշահել: Ես ձեր դատապարտությունից չեմ վախենում: Այսօր կլինի, 10 տարի հետո լինի, իմ մահից հետո լինի, թե 50 տարի հետո ես արդարացվելու եմ, բայց դուք մալու եք մեղավոր: Դուք ամաչելու եք ձեր սերունդների առաջ: Ինչպես անցած անգամ եմ ասել՝ մեր ձերբակալությունը այս իշխանությունների մեծագույն խարանն ու խայտառակությունն է»։
Դիմելով անձամբ դատավորին, արքեպիսկոպոսը ասաց, որ մեծ ցավ է ապրում նրա պահվածքից, ու չի հասկանում, թե ի՞նչն է իրեն դրդում մասնակցել այս խայտառակությանը.«Ես ցավում եմ ձեզ համար այնպես, ինչպես կցավամ ցանկացած հայորդու համար, որը սխալ է գործում: Թարգե´ք այս սխալը: Չեք թարգում, ուրեմն կհատուցեք»:
Հիշեցնենք, որ ՄԻքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է զանգվածային լրատվության միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգի բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու մեջ: Սույն գործով առաջին դատական նիստը կայացել էր օգոստոսի 15-ին, որտեղ որոշվել էր մերժել նրա խափանման միջոցը բեկանելու պահանջը, ու կալանքը երկարաձգել ևս 10 օրով:
Նիկոլ Մարգարյան