Աֆրիկացի հայը. իմ հոր կյանքը Սուդանում և Զիմբաբվեում
Ինչպես հայտնի է, 20-րդ դարը փոթորկոտ էր, հատկապես հայերի համար։ Նախ՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, հայերի մի մասը դաժանաբար սպանվեց, իսկ փրկվածները թողեցին իրենց պատմական հայրենիքը և ցրվեցին աշխարհով մեկ: Իսկ հետո անթիվ պատերազմներ ու հեղափոխություններ եղան… Ճակատագիրը նորից դաժան կատակ խաղաց հայերի հետ, նրանք նորից ստիպված էին տեղափոխվել։ Արդյունքում հայերը կամ նրանք, ովքեր հայկական արմատներ ունեին, հայտնվեցին մեր մոլորակի ամենաանսպասելի վայրերում։
Նրանցից մեկը հայտնվել է Ռոդեզիայում՝ Ումտալի քաղաքում։ Այժմ քարտեզի վրա չեք գտնի ո՛չ Ումտալին, ո՛չ Ռոդեզիան։ 1980 թվականից այդ երկիրը կոչվում է Զիմբաբվե, իսկ 1982 թվականից քաղաքը՝ Մուտարե։ Ընթերցողիս մոտ, ամենայն հավանականությամբ, հարցեր կառաջանան՝ ինչպե՞ս է հայը հասել Աֆրիկյան մայրցամաքի հարավային մասում գտնվող այդ երկիր, ո՞վ է նա, ի՞նչ է արել այնտեղ, որքան ժամանակ է ապրել այնտեղ։ Այս հոդվածում ես կպատմեմ իմ հոր՝ Ջորջ Քրոուսոնի՝ Ումտալի/Մուտարեի միակ հայի զարմանալի պատմությունը:
Հայրս ծնվել է 1963 թվականին Խարտումում (Սուդան): Նրա մայրը հայ է, հայրը՝ բրիտանացի։ Նրա մոր ընտանիքը Ցեղասպանությունից հետո հայտնվել է Սուդանում, իսկ հայրը եկել է Սուդան՝ աշխատելու։ Մայրը մահացել է, երբ Ջորջը 2 տարեկան էր, բայց Խարտումի մնացած բոլոր հարազատները (բացի հորից) հայեր էին։ Եվ, բնականաբար, հայկական մշակույթը կարևոր դեր է խաղացել նրա կյանքի առաջին տարիներին։
Սակայն այս ամենն ավարտվեց 1972 թվականին, երբ Սուդանում տեղի ունեցած սարսափելի քաղաքացիական պատերազմը ստիպեց ընտանիքին փախչել երկրից։ Նախ ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվեցին Մեծ Բրիտանիա, այնուհետև գնացին տարբեր երկրներ: 1973 թվականին հորս բոլոր հայ քույրերը, հորեղբայրները, մորաքույրները տեղափոխվեցին Վանկուվեր, Կանադա, իսկ պապս ու հայրս տեղափոխվեցին Ռոդեզիա՝ Ումտալի քաղաք:
Եվ այսպես, կիսով չափ հայ տղան հայտնվեց աֆրիկյան այդ անհայտ երկրում, որն արդեն գոյություն չունի։
Մի քանի հարց է ծագում՝ ինչո՞ւ պապս հայ ընտանիքի հետ չտեղափոխվեց Կանադա, կամ ինչո՞ւ չմնաց հայրենիքում՝ Անգլիայում։
Պապս, ում անունը Ուոլթեր էր, ինձ ասաց, որ ընկերոջ խորհրդով որոշել է տեղափոխվել Ռոդեզիա։ Սուդանում 10 տարի ապրելուց հետո, ինչպես արդեն նշեցի, նա պարզապես սիրահարվել էր Աֆրիկային, ուստի 1973 թվականին որդու՝ Ջորջի հետ տեղափոխվեցին այս խորհրդավոր երկիր։ Իմ ընթերցողին պատկերացում տալու համար, թե ինչպիսի երկիր է Ռոդեզիան և ինչու այն այլևս գոյություն չունի, ես կարճ պատմական էքսկուրս կկատարեմ:
1923 թվականից երկիրը Բրիտանական կայսրության գաղութն էր և կոչվում էր Հարավային Ռոդեզիա, որը ղեկավարվում էր եվրոպական փոքրամասնության կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ ապագաղութացման դարաշրջանում, աֆրիկացիները պահանջում էին անկախություն եվրոպական տերություններից և հավասար իրավունքներ եվրոպական քաղաքացիների հետ։ Եվրոպացիները, որոնք կազմում էին Հարավային Ռոդեզիայի բնակչության ավելի քան 5%-ը, վախենում էին կորցնել իրենց արտոնյալ դիրքը, եթե իշխանությունը կիսեին աֆրիկյան ճնշող մեծամասնության հետ։
Քանի որ նախքան Հարավային Ռոդեզիային անկախություն տալը, Մեծ Բրիտանիան ցանկանում էր իշխանություն տալ աֆրիկյան մեծամասնությանը, 1965 թվականին սպիտակամորթ կառավարությունն ինքը հայտարարեց անկախություն, և երկիրը սկսեց կոչվել պարզապես Ռոդեզիա, ուստի այս նոր երկրում եվրոպական փոքրամասնությունը կարող էր պահպանել իր իշխանությունը և արտոնյալ դիրքը։ Բայց 1964 թվականին սկսվեց զինված պարտիզանական պատերազմը, որի ընթացքում պարտիզաննները հանդես եկան Ռոդեզիայի կառավարության դեմ՝ հեռացնելու համար եվրոպական փոքրամասնության իշխանությունը։ 1979 թվականին Ռոդեզիայի կառավարությունը պարտվեց պատերազմում, իսկ հաջորդ տարի ծնվեց աֆրիկյան մեծամասնությամբ երկիրը՝ Զիմբաբվեն։
Ինչպե՞ս էր երիտասարդ Ջորջն ապրում համաշխարհային հանրության կողմից չճանաչված այդ երկրում, ինչպե՞ս փոխվեց կյանքը 1980 թվականին անկախություն ձեռք բերելուց և Զիմբաբվե կոչվելուց հետո: Ինչպե՞ս մնացին Ռոդեզիան և Զիմբաբվեն նրա հիշողություններում: Ինչպես հայրս է ասում, չնայած Ռոդեզիայում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակին, նա շատ լավ հիշողություններ ունի ։ Ըստ նրա՝ ընդհանրապես այնտեղ կյանքը շատ չէր տարբերվում Մեծ Բրիտանիայի կյանքից. պարզապես բնությունը շատ ավելի հետաքրքիր էր, իսկ եղանակը՝ շատ ավելի լավը։ Նրա խոսքով՝ Ռոդեզիայում իր կյանքի առաջին տարիներին պատերազմը քաղաքներին չէր առնչվում, մարտերը տեղի էին ունենում հեռավոր գյուղերում։
Այն բանից հետո, երբ 1975 թվականին հարևան Մոզամբիկում սոցիալիստ պարտիզանները Պորտուգալիայից անկախություն ձեռք բերեցին, Զիմբաբվեի սոցիալիստ պարտիզանները կարողացան բազաներ ստեղծել այնտեղ: Քանի որ Ումտալին գտնվում է հենց Մոզամբիկի սահմանին, քաղաքը դարձել էր պարտիզանների թիրախ։ Ումտալին երբեմն կրակի տակ էր հայտնվում, և պապս, ով աշխատում էր որպես տեքստիլ գործարանի մենեջեր, ստիպված էր երկու տարի ծառայել ոստիկանության պահեստազորում՝ Ռոդեզիայի անվտանգության ուժերում: Հայրս նաև պատմում է, որ իր ավագ ընկերներից շատերը ստիպված են եղել ծառայել Ռոդեզիայի բանակում (հայրս շատ երիտասարդ էր):
Ըստ հորս, 70-ականների վերջին նույնիսկ ամենամոլեռանդ եվրոպացիների համար պարզ դարձավ, որ Ռոդեզիայի վերջը եկել է, նրանք պարզապես չգիտեին, թե ինչ կլինի հետո: Շատերը վախենում էին սարսափելի հաշվեհարդարից, աֆրիկյան բնակչությունը կարող էր սպանել կամ վտարել նրանց, ինչպես եղավ այդ օրերին աֆրիկյան այլ երկրներում, ուստի շատ եվրոպացիներ հեռացան Ռոդեզիայից:
Հայրը պատմում է, որ այդ ժամանակ հարավամերիկյան մի քանի երկրներ եվրոպացիներին հրավիրել են Ռոդեզիայից տեղափոխվել իրենց երկրներ։
Հայրս պատմում է, որ պորտուգալացի դասընկեր է ունեցել, ով վերջերս էր փախել Մոզամբիկից: Նրա ընտանիքը նույնպես Ուրուգվայ տեղափոխվելու հրավեր էր ստացել: Մի օր դպրոցում պորտուգալացի դասընկերը մեկնելուց առաջ սեղմել է հորս ձեռքը և ասել, որ իրար կտեսնեն Ուրուգվայում։ Սակայն նրանց հանդիպումը Ուրուգվայում չկայացավ, քանի որ նա մնաց Ռոդեզիայում/Զիմբաբվեում։ Զիմբաբվեի ծնունդը և աֆրիկյան պետության անցումը քիչ թե շատ խաղաղ էր: Հայրս ավարտել է դպրոցը, պապս շարունակել է աշխատել գործարանում, եվրոպացիների և աֆրիկացիների հարաբերությունները հիմնականում լավ են եղել։ Հայրս պարզապես նշել է, որ 1980-ից հետո Ումտալիում ավելի քիչ եվրոպացիներ կային:
Հորս հիշողություններով՝ 80-90-ականներին լավ են ապրել։ Հարավային Աֆրիկայում համալսարանն ավարտելուց հետո նա իր հոր հետ աշխատել է տեքստիլ գործարանում, իսկ 1980-ականների վերջին ինքն է դարձել մենեջեր։ Ու չնայած Զիմբաբվեի այն ժամանակվա առաջնորդ Մուգաբեն բռնապետ էր, ով երկիրը կառավարում էր երկաթե բռունցքով, ինչպես հայրս էր պատմում, եթե քաղաքականությամբ չզբաղվեիր, ոչինչ չէր խանգարի քեզ նորմալ կյանքով ապրել։ Նա ասում է, որ պետության տնտեսական վիճակը բավականին լավ մակարդակի վրա էր, բոլորին հասանելի էին բոլոր ապրանքները, Զիմբաբվեն մթերք էր արտահանում աֆրիկյան այլ երկրներ, այն նույնիսկ կոչվում էր Աֆրիկայի հացի շտեմարան։
Ամեն ինչ փոխվեց 2000-ականներին։ Այդ ժամանակ Աֆրիկայի բնակչության մի մասը հիասթափված էր, որ բերրի հողերի մեծ մասը դեռ եվրոպացիների ձեռքում էր, աֆրիկացիների խմբերը սկսեցին թալանել և յուրացնել ֆերմաները, որոնք պատկանում էին եվրոպացիներին: Զիմբաբվեի կառավարությունը, դեռևս Մուգաբեի գլխավորությամբ, աչք փակեց այս բռնությունների ու թալանի վրա և նույնիսկ խրախուսեց այն։ Քանի որ նոր ֆերմերային սեփականատերերը ոչինչ չէին հասկանում ոչ առևտրից, ոչ գյուղատնտեսությունից, և քանի որ դա Զիմբաբվեի տնտեսության հիմքն էր, երկրի ամբողջ տնտեսությունը փլուզվեց: Եվ արդյունքում տեղի ունեցավ պատմության վատթարագույն հիպերգնաճի դեպքերից մեկը, և առաջացավ սննդի, վառելիքի և հագուստի պակաս։ Զիմբաբվեում կյանքը շատ դժվար էր դարձել բոլորի համար։ Հայրս ստիպված էր փակել իր գործարանը, և իմ ու մորս հետ տեղափոխվել Անգլիա։ Ես շնորհակալ եմ հորս, որ ինձ հնարավորություն տվեց մեծանալ կայուն երկրում, որտեղ ես կարող էի լավ կրթություն ստանալ։
Ինչ վերաբերում է հորս կապին իր հայկական արմատներին, ապա կարելի է ասել, որ նա ամեն ինչ արեց մի երկրում, որտեղ հայկական շատ փոքր համայնք կար։ Նա միակ հայն էր Ումտալիում, սակայն նա ասում է, որ մայրաքաղաքում մի քանի հայ ընտանիք է եղել, որը Ռոդեզիայի ժամանակաշրջանում կոչվում էր Սոլսբերի, իսկ ժամանակակից Զիմբաբվեում՝ Հարարե: Իր հայկական արմատների հետ կապի մեջ մնալու համար հայրս երբեմն դպրոցական արձակուրդների ժամանակ այցելում էր Սոլսբերի, հյուրընկալվում հայ ընտանիքին և մի քանի օր մնում: Պապս՝ Ուոլթերը, հասկանում էր, որ Ջորջի համար կարևոր է կապը չկորցնել այն մարդկանց հետ, որոնց ազգակից էր նրա մայրը։
Բացի այդ, երբ հայրս դեռահաս էր, պապս նրան ուղարկել է Վանկուվեր՝ հայ ազգականների մոտ ապրելու։ Հայրս ասում է, որ տարին գոնե մեկ անգամ մեկնում էր Կանադա և մի քանի շաբաթ կամ նույնիսկ մի քանի ամիս մնում նրանց մոտ։
Վանկուվերում Ջորջը լիովին հայկական միջավայրում էր։ Նրա հարազատները պահպանել են հայկական ավանդույթները, ակտիվորեն մասնակցել Վանկուվերի հայ համայնքի կյանքին, խոսել հայերեն։ Հայրս ասում է, որ եթե անգամ Ռոդեզիայում/Զիմբաբվեում երկար ժամանակ հայերեն չի խոսել, Վանկուվեր կատարած իր ճանապարհորդության ժամանակ սուրբ լեզուն արագ յուրացրել է։
Հայրս պատմում է, որ չնայած Ռոդեզիայում/Զիմբաբվեում և Վանկուվերում մշակույթների, սովորույթների և ավանդույթների հսկայական տարբերությանը, նա երբեք ինքնության ճգնաժամ չի ունեցել, հարգում էր իր էթնիկ ծագումը, իրեն հարմարավետ էր զգում և որպես անգլիացի և որպես հայ: Նա հեշտությամբ ինտեգրվեց Ռոդեզիայի/Զիմբաբվեի եվրոպական հասարակությանը և երբեք իր տարբեր արմատների միջև հակամարտություն չզգաց:
Հորս չի մտահոգել, որ Ումտալի/Մուտարեում հայկական համայնք չկա, քանի որ իրեն միշտ հայ է զգացել, և դա իրեն բավական է։ Հայրս երբեք չի թաքցրել, որ կիսով չափ հայ է: Հատկապես հաճույքով էր խոսում իր հայկական արմատների մասին հունական համայնքի անդամների հետ։ Զարմանալիորեն, Ռոդեզիայում/Զիմբաբվեում բավականին մեծ հունական համայնք կար: Հույների և հայերի նմանությունների պատճառով հայրս՝ Ջորջը, շատ արագ ընկերացել է հույների հետ, և նրանց ընտանիքները մեծ ուրախությամբ հրավիրում էին հայ տղային:
Այնպես ստացվեց, որ չնայած Ռոդեզիայում/Զիմբաբվեում հայկական համայնքի բացակայությանը և հորս ու նրա հայ ազգականների միջև եղած հսկայական հեռավորությանը, Ջորջը կապ պահպանեց իր հայկական արմատների հետ, և այսօր, անկասկած, հպարտ է, որ կիսով չափ հայ է: Սա հորս կյանքի բարդ և զարմանալի պատմությունն է աշխարհի ամենայուրօրինակ երկրներից մեկում՝ պատմության շատ հետաքրքիր ժամանակաշրջանում: Այս հոդվածը նվիրված է նրան։
Քրիստոֆեր Քրոուսըն