«ԱՄՆ նախագահի հայտարարությունները մեծացնում են Ադրբեջանի նախագահի մանևրելու հնարավորությունները»․Արմեն Պետրոսյան | Region

«ԱՄՆ նախագահի հայտարարությունները մեծացնում են Ադրբեջանի նախագահի մանևրելու հնարավորությունները»․Արմեն Պետրոսյան

Հունվար 09,2025 21:25

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփն իր հայտարարություններում տարածքային հավակնություններ է ներկայացրել այլ պետությունների նկատմամբ, ինչը Ալիևին  ավելի մեծ հնարավորություններ է տալիս՝ առնվազն նույն ոճով խոսելու 

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ երկու գործոն է եղել, որոնք խոչընդոտել են միջանցքի՝ ադրբեջանաթուրքական ծրագրի իրականացմանը։ Այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված  «Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը. ի՞նչ է սպասվում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին» թեմայով քննարկման ժամանակ Արմեն Պետրոսյանն ասաց՝ այդ երկու հիմնական գործոններն են՝ հավաքական Արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումներն են։

Փորձագետը նշեց՝ մինչ այժմ պահպանվում է որոշակի անորոշություն՝ կապված Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության հետ, որը, ըստ նրա, շարունակվում է ազդել ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև գլոբալ հարցերի վրա։

«ԱՄՆ-ի նոր նախագահն իր հայտարարություններում բարձրացրել է բազմաթիվ տարածքային հավակնություններ, որոնք վերաբերում են Կանադային, Մեքսիկային, Պանամային ու Դանիային։ Սա ստեղծում է ավելի մեծ հնարավորություններ Ադրբեջանի համար՝ առնվազն նույն ոճով արտահայտվելու»,-ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ նման «մեսիջներն,» ի վերջո, մեծացնում են Ադրբեջանի նախագահի մանեւրելու հնարավորությունները։

Անդրադառնալով Իրանին, փորձագետը նկատեց՝ իրավիճակը բարդ է, քանի որ Իրանը դեռ չի պարզաբանել իր դիրքորոշումը, ինչը պայմանավորված է ոչ միայն տարածաշրջանային գործընթացներով, այլ նաև Իրանի դեմ պլանավորվող քաղաքականությամբ՝ հաշվի առնելով Իրանի տարբեր հակառակորդների գործողությունները տարբեր տարածաշրջաններում։

 

Սյուզաննա Խառատյան

Նորություններ