Տարածքային «զիջումը» հանգեցնելու է նոր անողոք պատերազմի վերսկսմանը
ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ
-Պարոն Քանանյան, Ադրբեջանի նախագահի՝ հասարակական—քաղաքական գծով օգնական Ալի Հասանովը հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մոտակա ժամանակներում բանակցություններ են սկսվելու` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ Մոսկվայի առաջարկով: Արդյո՞ք սա նշանակում է, որ գոնե մոտ ապագայում ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման վտանգը նվազում է, և ինչն էլ ենթադրում է, որ հայկական կողմը կշարունակի բանակցությունների գնալ արդեն իսկ խախտված ստատուս-քվոյի պայմաններում:
-Քաղաքականությունն, անկախ ներքին մանրամասների գաղտնիությունից, բավական թափանցիկ երևույթ է, իսկ Ռուսաստանի պուտինյան կայսերապաշտությունը պարզունակության աստիճան բացահայտ է։ Ամսվա 21-ին Երևան սպասվող Լավրովի այցը, ռուսական առաջատար սպասարկու լրատվամիջոցների վերլուծականները, Բաքվում՝ ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Ադրբեջանի միանալու ցանկալիության մասին լավրովյան զեղումները, վերջին տարիներին Ռուսաստանի՝ տարածաշրջանում վարած ողջ քաղաքականությունը նվազագույն իսկ տարակուսանքի տեղիք չի տալիս։ Մոսկվան Հայաստանը շփոթել է իր իսկ բուծած գաղութային վարչակազմի հետ՝ կարծելով, որ կրկին եկել է Հայաստանի կենսական հիմնարար շահերն Ադրբեջանի ակնկալվող «հպատակության» դիմաց մանրելու ժամանակը։ Բոլորովին կարիք և ցանկություն չունեմ անդրադառնալու այս քաղաքականության անհեռատեսությանը։
Դրանք Ռուսաստանի խնդիրներն են, որոնք վերահաս անխուսափելիությամբ արդեն միջնաժամկետ հեռանկարում սաստկապես ջարդվելու են իրենց իսկ գլխին։ Կարծում եմ, որ ակտիվ պատերազմական բնույթի ռազմական գործողությունների վերսկսումը տեղի է ունենալու այս փուլի լավրովյան նախագծի ձախողումից հետո։ Որքան էլ ՀՀ նախագահ դիտվող անձը թույլ, անճար և արտաքին ճնշման ներքո սարսափած լինի, նա քաջ գիտակցում է, որ «կազանյան» կամ, առհասարակ, «մադրիդյան» թղթապանակի գոնե մեկ բաղադրիչի իրականացման ոտնձգությունը հաշված ժամերի ընթացքում բերելու է ոչ միայն նրա գահընկեցության, այլև՝ տարերային բնույթի դաշտային պատասխանատվության։ «Խաղաղապահների» անվան ներքո ռուսական սպեցնազի՝ Արցախ ներթափանցելու ոտնձգությունը միանգամից ապակայունացնելու է իրավիճակը՝ անխուսափելիորեն հանգեցնելով նոր՝ այս անգամ լրիվ լայնածավալ պատերազմի՝ ներքին և արտաքին անկանխատեսելի հետևանքներով։ Ամեն դեպքում, ՀՀ ներկայիս վերնախավն այս ամենի տակից դուրս գալու որևէ «շանս» չի ունենա։ Իսկ եթե որպես ՀՀ նախագահ հանդես եկող անձը «բարեհաջող» կերպով կարողանա դուրս գալ ճնշումների այս փուլից, ապա կրկին պատերազմը շատ չի ուշանա։ Մյուս կողմից՝ անիմաստ եմ համարում զբաղվել երրորդ արցախյան պատերազմի վերսկսման ժամկետի կռահման փորձերով, քանի որ անգամ այսօր, երբ շատ բան «ավելի պարզ» է, քան նախկինում, մենք դարձյալ գործ ունենք բազմաթիվ դժվարորեն կանխատեսելի և գնահատելի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների հետ։ Մի բան, սակայն, չափազանց հստակ է՝ երրորդ արցախյան պատերազմը լինելու է։ Այն անպայման լինելու է, որովհետև նախորդ երկուսը մենք մեր ղեկավարության մեղքով հանցավորապես անավարտ ենք թողել։ Արևելյան ուղղությամբ ցեղասպանության հետևանքների վերացումն ու խաղաղության հաստատումը հնարավոր է միայն Կուր գետով Հայաստանի Հանրապետության սահմանը հաստատելուց հետո։ Մնացածն՝ ի չարէ է…
-Հասանովի խոսքերով՝ առաջիկա օրերին կսկսվի բանակցությունների հագեցած նոր փուլ: Ի՞նչ կարող է ներառել իր մեջ «հագեցած բանակցությունները»: Վերջին շրջանում հայկական կողմից դարձյալ ակտիվացել են խոսակցությունները տարածքներ զիջելու մասին:
-Բնական է, որ այս փուլում իշխանությունները և արտաքին ազդեցության տարատեսակ գործակալները դեմքի «խելոք» արտահայտությամբ նորից փորձելու են հեքիաթներ պատմել՝ տարածքային զիջումների անխուսափելիության և «խաղաղաբեր» նպատակահարմարության մասին։ Ստորաբար շահարկվելու է ապրիլյան զոհերի հիշատակը և հասարակության միանգամայն բնական ձգտումը՝ փրկել մեր երիտասարդների կյանքը ևս մեկ պատերազմի արհավիրքից։ Իշխանությունները չափազանց հեղինակազրկված են՝ շրիշակից էլ ցած։ Ուստի, մոտ օրերին ականատես ենք լինելու «սթափ» ու «իրապաշտ փորձագետների» հանձնողական նոր զեղումներին։ Գործի են դրվելու նաև ազգի «սերուցք» համարվող «մտավորականները»՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը՝ ասվածիս այսօրվա վկան։
Հայաստանում բոլորը պետք է աչալրջորեն գիտակցեն, որ տարածք հանձնելու քարոզը հավասարազոր է Հայաստանի անվտանգության հիմնասյուները կործանելու և հայրենաբնակ հայությանը նոր վերահաս ցեղասպանությանը ենթարկելու կոչերի։ Տարածք հանձնելու «անխուսափելիության» մասին բարբաջանքը ծանրագույն հակապետական հանցագործություն է՝ անգամ սովորական քաղաքացու մակարդակով։ Նվազագույն իսկ չափով տարածքային «զիջումը» վայրկենապես հանգեցնելու է մեր պաշտպանական համակարգի լիակատար փլուզմանը և վատթարագույն մեկնարկային պայմաններում նոր անողոք պատերազմի վերսկսմանը։ Տարածք հանձնելու քարոզը Հայաստանի բոլոր քաղաքացիների կյանքի իրավունքի նկատմամբ բացահայտ և քրեորեն պատժելի ոտնձգություն է։ Որպես «մադրիդյան» և այլ «սկզբունքներով» հանձնման «ենթակա» տարածքի բնակիչ՝ ինձ բարոյական և քաղաքական իրավունք եմ վերապահում ասելու, որ տարածք հանձնելու օգտին գիտակցաբար կամ հիմարաբար հանդես եկող անձինք դավաճան են և որևէ սրբություն չունեցող քստմնելիներ։ Այդ մարդիկ խորշելի են. նրանց չի կարելի բարևել, նրանց հետ չի կարելի հաց կիսել, նրանց հետ չի կարելի մի հարկի տակ գտնվել… Նրանք պիտի մղվեն անարգանքի լուսանցք և կյանքի հատակ։
—Արցախի քաղաքական շրջանակներն ինչպե՞ս են վերաբերվում տարածքներ զիջելու մասին հնչող հայտարարություններին կամ քննարկումներին:
-Ի հեճուկս «երկու հայկական պետությունների» շարունակվող վտանգավոր թատրոնի՝ Արցախի մարզի քաղաքական վերնախավը Երևանի ածանցյալն է։ Մեծ հույսեր փայփայել պետք չէ։ Համոզված եմ, որ իրավիճակի լրջանալու դեպքում Արցախում էլ թաքստոցներից կսկսեն դուրս գալ տարածք հանձնելուն և ռուսական օկուպացիոն ուժերի հետ համագործակցելուն պատրաստակամ որոշակի թվով անհատներ։ Բայց, արդար լինելու համար, հարկ է ասել, որ Ստեփանակերտն, ի տարբերություն Երևան մայրաքաղաքի, անմիջապես պատերազմական գոտի է, և այստեղի մարզային վերնախավն ինքնաբերաբար ավելի զգոն է. նրանք ավելի հստակ և անմիջական պատկերացում ունեն, թե ինչ կկատարվի տարածք հանձելու հրամանն ի կատար ածել ոտնձգած պաշտոնյայի հետ… Մեծ հույս, համարյա համոզմունք ունեմ, որ չեն հանդգնի…
Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի