Մենք պարտավոր ենք և միանգամայն ի վիճակի ենք Ադրբեջանին հասցնել «համաչափ» ռազմական պատիժ | Region

Մենք պարտավոր ենք և միանգամայն ի վիճակի ենք Ադրբեջանին հասցնել «համաչափ» ռազմական պատիժ

Ապրիլ 07,2016 12:46

ԳԱԼԱ-ի հարցազրույցն Արցախի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ:

— Պարոն Քանանյան, 4 օր շարունակ շփման գծի ողջ երկայնքով պատերազմական իրավիճակ էր, թեժ մարտեր, երկու կողմերն էլ ունեցան զոհեր ու վիրավորներ, ներկայումս իբր թե հրադադարը պահպանվում է: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը կատարվածի վերաբերյալ: Ինչո՞ւ հանկարծ ադրբեջանական կողմը նախահարձակ եղավ բոլոր ուղղություններով:

— Թեև լիարժեք գնահատականներ տալը դեռ վաղաժամ եմ համարում, հաշվի առնելով անցած օրերի պատճառած հոգեբանական ազդեցությունը, այս պահին կշեշտադրեմ հետևյալը.

Արցախյան երկրորդ՝ չորսօրյա «միջանկյալ» պատերազմը միանգամայն սպասելի և կանխատեսելի էր։ Ներկայիս ապապետական գաղութային վարչակարգի ապիկար պարտվողական քաղաքականության պատճառով Հայաստանը տարեցտարի և օրըստօրե սպառում էր սեփական ուժերը գերժամանակակից սպառազինությունների ահռելի ծավալով հղփացած Ադրբեջանի կողմից մեզ պարտադրվող հյուծող պատերազմում։ Գիտակցելով պետականաշինության և բանակաշինության հարցում իրենց ապաշնորհության աներևակայելի չափը և երկյուղ տածելով ուժի արտաքին կենտրոնների սպասելի դժգոհության նկատմամբ՝ Հայաստանի իշխանությունները փոքրոգաբար արգելակել ու խոչընդոտել են՝ ադրբեջանական կողմին պատշաճ ազդու միջոցներով կարգի հրավիրելու Հայոց բանակի դաշտային հրամանատարության և հանրության գիտակից հատվածի բնական ձգտումը։ Արտաքին ուժի կենտրոնների առջև նողկալի և ինքնիշխանազուրկ ստորաքարշությամբ աչք զարնող պաշտոնական Երևանի ռազմաքաղաքական թուլամորթությունը հանգեցրել է ադրբեջանական կողմի մինչ այդ անլուր լկտիությանը, որի անխուսափելի և միանգամայն կանխատեսելի «պսակը» 2016 թ. չորսօրյա երկրորդ արցախյան պատերազմն էր։

Դիմելով 1994 թվականից ի վեր աննախադեպ ռազմական գործողությունների վերսկսմանը՝ Ադրբեջանը բացահայտել է մեր դեմ վարվող հյուծող պատերազմի ռազմավարության մի շարք ուշագրավ մանրամասներ։ Այսպես՝ չորսօրյա պատերազմական գործողություններն ակնհայտորեն հետապնդել են տեղայնական նպատակներ՝ հարվածել աշխարհագրական դիրքով պայմանավորված հայոց պաշտպանական գծերի առավել թույլ կետերին, ներթափանցել և գրավել միջին ռազմավարական խորությամբ գտնվող և իրենց միջին վիճակագրական քաղաքացու համար քարտեզի վրա երևացող տարածքներ։ Հյուսիս-արևելյան հատվածում նվազագույն ձեռքբերումը պետք է լիներ Թալիշն ու Մատաղիսը, իսկ առավելագույն երազելին, ըստ երևույթին, Սարսանգի ջրամբարի ամբարտակը։ Հարավ-արևելյան ուղղությամբ նվազագույն նպատակը, հավանաբար, շատ կարևոր «Լալաթեփե» բարձունքն էր: Այս վերջինի մասին ավել բան դեռ չեմ գրի… Ինչպե՞ս եղավ, որ Հայաստանը «կուլ տվեց» հրադադարի այս վերջնական ու կատարելապես անհանդուրժելի ոտնահարումը։ Շատ պարզ պատճառով. պաշտոնական Երևանը մինչ այդ էլ «հեզորեն» համակերպվել և ընկրկել է նախորդ փուլերում Ադրբեջանի կողմից նախապատերազմական բոլոր կարմիր գծերի խախտման լկտիագույն ոտնձգությունների առջև։ Եվ քանզի այս վերջին օրերին Մարտակերտ քաղաքի՝ «Գրադ» կայանքներից հրթիռակոծումն էլ հանդուրժվեց, վաղն Ադրբեջանը դիմելու է նաև Ստեփանակերտը «Սմերչ» կայանքներից հրթիռակոծելուն՝ հիմնավորապես ակնկալելով Երևանի՝ «հանուն խաղաղության» ամեն հնարավոր և անհնարին ռազմական ոտնձգություն «կուլ տալու» կրավորաբարո պատրաստակամությունը։ Բարեբախտաբար, մեր զորքերի և դաշտային հրամանատարության անձնվեր, հերոսական և կամային բացառիկ որակների շնորհիվ Արցախը «կտոր-կտոր» գրավելու Ադրբեջանի նորահայտ ռազմավարությունը ցույց է տվել իր ցածրագույն, եթե չասենք՝ զրոյական արդյունավետությունը։ Բայց դրանից բնավ չի կարելի եզրակացնել, որ նման «տեղային բլիցկրիգներն» այսուհետ չեն կրկնվելու։ Կարիք չկա նկարագրելու այս ամենից սպասվող գեթ բարոյահոգեբանական հետևանքները… Չկա ավելի սոսկալի բան, քան հայ զինվորի հեղված արյան մանրադրամ փոխանակումը…

Մեր իրականության մեջ բավականին «ծեծված» է նաև «համաչափ» և «անհամաչափ» պատժիչ գործողությունների դիսկուրս-տրամախոսությունը։ Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներկայիս վարչակարգի օրոք արցախյան հարցն, ըստ էության, կարգավորող «անհամաչափ» պատժիչ գործողությունների (կանխարգելիչ պատերազմի և Կուր գետով ՀՀ սահմանի հաստատման) մասին խոսելը պարզապես ավելորդ է։ Բայց հենց այսօր մենք պարտավոր ենք և միանգամայն ի վիճակի ենք Ադրբեջանին հասցնել նոր «տեղայնացված» պատերազմին «համաչափ» ռազմական պատիժ։ Շեշտեմ՝ խոսքս նվազագույն «համաչափ» կամ «համարժեք» ծավալի գործողության մասին է։ Մենք պարտավոր էինք և այժմ իսկ պարտավոր ենք վերահսկողություն հաստատել Թալիշին մերձակա մի երկու փոքր բնակավայրերի ու բարձունքների, Մարգուշևանի (Լենինավան) և Այգեստանի (Չայլու), ինչպես նաև Հորադիզ կայարանի և մերձակա ամբարտակի վրա։ Այս վերջինը չափազանց կարևոր է Արաքսի իրանահայաց ափով Բաքու-Նախիջևան երթևեկությունը կասեցնելու համար։ Հիշյալ տարածքները մոտավորապես համաչափ են այն տարածքներին, որոնց Ադրբեջանը մտադիր էր տիրանալ վերջին կարճատև պատերազմի միջոցով։ «Համաչափ» պատժիչ պատասխանի երկրորդ՝ պարտադրագույն բաղադրիչը պետք է լինի Թարթառ (խորհրդային շրջանում՝ Միր Բաշիր) քաղաքի աղդամացումը, այսինքն՝ հիմնահատակ ավերումն ու հրկիզումը… Իմ խորագույն, անխախտ, գիտակից և պատասխանատու համոզմամբ միայն այս նվազագույն պատասխան պատժիչ քայլերի միջոցով հնարավոր է գոնե ժամանակավորապես հետ շրջել Հայաստանի դեմ մղվող և մեր համազգային անվտանգության համակարգը քայքայող հյուծող պատերազմի արդյունավետ տրամաբանությունը… Այսքանը պետք է արվի հիմա՝ մինչև երկրում ազգային-պետական իշխանության հաստատումը և ապա՝ արևելյան ուղղությամբ ցեղասպանության հետևանքների լիակատար վերացումը։

Որչափ էլ խորթ ու մերժելի համարեմ «քրեական» աշխարհին հատուկ բառապաշարը՝ ՀՀ ԱԳ նախարարի պես «իջեցված» թշվառականի հրաժարականի պահանջը ծիծաղից բացի այլ բան չի հարուցում։ Բայց Սեյրան Օհանյանը պետք է անպատճառ հեռանա… Մոսկվա մեկնած և հայկական կողմի պատժիչ հակահարվածը կանխարգելելուն միտված բանակցություններին Խաչատուրովի մասնակցությունը պետք է լրջագույն հանրային քննության արժանանա՝ այլ պետության ռազմավարական շահերն ի վնաս սեփական երկրի անվտանգության սպասարկելու հատկանիշներով…

Հանրային, քաղաքական, ապա, ըստ անհրաժեշտության, քրեաիրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն Պն այն պատասխանատուները, որոնք երկար տարիների ընթացքում իրենց անգործությամբ կամ այլ պատճառներով անտեսել կամ խոչընդոտել են Հայոց բանակում ժամանակակից բարձրագույն տեխնոլոգիական նվաճումները ներմուծելուն (և անգամ հանդգնություն են ունեցել հրապարակավ անվանարկելու հիշյալ ոլորտը սեփական ուժերով կայացնել ձգտող հայաստանյան առաջատար գիտաարտադրական շրջանակներին)։

Եվ, ամենակարևորը, երկրորդ արցախյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց է տվել Հայոց բանակի ոգու և բազկի ուժի բացառիկ ամրությունն ու կայունությունը։ Հօդս ցնդեցին բոլոր հոռետես դատարկաբանությունները, թե իբր Հայաստանի ներսում առկա պետական և հանրային կյանքի արատները ջլատելու և տկարացնելու են՝ հանուն մայր երկրի պայքարելու և զոհաբերվելու Հայության պատրաստակամությունը։ Անգամ ներկա վիճակով Հայոց բանակն ու հանրությունն ընդունակ են Ադրբեջանին լիակատար պարտության մատնել՝ անկախ Բաքվի ունեցած գերարդիական սպառազինությունների տեսակի ու քանակի։ Ինչպես միշտ, մեր բուն խնդիրը ներքինն է։ Երկրորդ արցախյան պատերազմը վկայել է, որ մենք ամեն հնարավոր նախադրյալ ունենք վերականգնելու Հայաստանի տեղն ու դերը մեր իսկ տարածաշրջանում։ Պարզապես, հարկ է վերջապես զբաղվել պետականաշինությամբ՝ ինքնիշխան Հայոց ազգային պետականության կերտմամբ։

-Կա կարծիք, որ այս ամենի ելքն այն կլինի, որ ղարաբաղյան կողմը նստի բանակցային սեղանին: Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:

— Ժամանակն է, վերջապես, ազատագրվել «երկու հայկական պետությունների» անհեթեթ և հեռահար ծանրագույն ներպետական վտանգներով հղի ժամանակավրեպ տիրույթից։ Արցախը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անքակտելի և անօտարելի մասն է՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի լիիրավ որոշման և 1990 թ. օգոստոսի 23-ի Անկախության Հռչակագրի անբեկանելի ուժով։ 1991 թ. սեպտեմբերի 2-ի «անկախության» հռչակումը ապօրինի և ի սկզբանե զրո իրավական արժեք ունեցող հակասահմանադրական ակտ էր, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ առաջին նախագահի վրա, որն ամեն գնով կամենում էր անձնապես խուսափել Արցախի ճակատագրի նկատմամբ ռազմաքաղաքական և միջազգային պատասխանատվությունից։ 1991 թ. դեկտեմբերի 10-ի «անկախության հանրաքվեն», բնակչության կողմից հուզազգայական հարթության վրա ընկալվելով բացառապես որպես ևս մեկ անգամ Ադրբեջանի կազմից դուրս գալու ազգային համընդհանուր կամքի դրսևորում, ներպետական իրավունքի տեսանկյունից «միացման» պետաիրավական կայացած իրողության նենգափոխումն էր և Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը Հայաստանի Հանրապետությունից օտարելու քողարկված ոտնձգություն։ ՀՀ Արցախի մարզում գործող բոլոր հասարակական և քաղաքական միավորների կարևորագույն առաքելություններից մեկը պետք է լինի արցախաբնակ ՀՀ քաղաքացիների կոպտորեն ոտնահարված սահմանադրական հիմնարար իրավունքների վերականգնումը, մասնավորապես, համապետական ընտրություններին մասնակցելու միջոցով ՀՀ բարձրագույն իշխանության մարմիններ ձևավորելու իրավունքը։ «Միջազգային» հորջորջված հանրությունը երբեք լուրջ չի ընդունել «երկու հայկական պետությունների» թատրոնը, որին տարիների ընթացքում զավեշտաբար սկսեցինք հավատալ միայն մենք… ՄԻԵԴ վճիռը՝ ասվածի վկա։ ՀՀ մարզեր «բանակցային» կողմ դարձնելու «տուն-տունիկ» մակարդակի խաղերը խաղալու փոխարեն հարկ է զբաղվել իրական քաղաքականությամբ, իսկ եթե հարկ է՝ վերջինիս շարունակությունը հանդիսացող ռազմական կանխարգելման պատժիչ գործողություններով։ Այլապես՝ այս տարածաշրջանում գոյություն չենք ունենա…

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի

Նորություններ