«Մենք լիովին ընդունում ենք, որ կոռուպցիան տարածված է ՀՀ-ում, և իշխանություն ստանձնած անհատները բացառություն չեն». ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ք.Հիլիարդ | Region

«Մենք լիովին ընդունում ենք, որ կոռուպցիան տարածված է ՀՀ-ում, և իշխանություն ստանձնած անհատները բացառություն չեն». ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ք.Հիլիարդ

Մարտ 29,2016 13:50

Ինչպես հայտնի է, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում ՀՀ կառավարությունն ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ 2015 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ ստեղծեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ:

Հայաստանի իշխանությունները հատկապես միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնում են կոռուպցիան մեր երկրից արմատախիլ անելու պատրաստակամություն, սակայն մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ականատես ենք լինում քայլերի, որոնք ամենևին չեն խոսում ոչ պայքարի ցանկության և ոչ էլ քաղաքական կամքի առկայության մասին:

Ահավասիկ, 2016թ. մարտի 3-ին Սերժ Սարգսյանը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակեց նախագահականի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանին, ում ներկայացրած հայտարարագրերը թերևս պետք է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկման թեմա դառնային և արժանանային համապատասխան մարմինների ուշադրությանը: Նրա՝ տարիներ շարունակ ստացած աշխատավարձի և կուտակած ունեցվածքի տարբերությունն ահռելի է, որի վերաբերյալ ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ եղան:

Ոչ միայն Հովսեփյանի, այլև պետական ապարատում տեղ զբաղեցրած շատ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը ցանկացած ժողովրդավարական երկրում լուրջ ուսումնասիրության առարկա կդառնային համապատասխան մարմինների, տարբեր հանձնաժողովների կողմից, հասարակությանը կներկայացվեր բացատրություն, թե ինչպես կարող է պաշտոնյան, զբաղեցնելով այս կամ այն պետական պաշտոնը, դառնալ ահռելի կարողության տեր: Սակայն մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ նման փաստերն ուշադրության առարկա չեն դառնում, իսկ իշխանությունները կոռուպցիայի մեջ թաթախված լինելով հանդերձ շարունակում են միջազգային կառույցներից ստանալ աջակցություն:

ԳԱԼԱ-ն թեմայի վերաբերյալ հարցադրումներ է ներկայացրել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն, դոկտոր Քարեն Հիլիարդին: Վերջինս ավելի շատ ընդհանրական գնահատականներ է տվել կոռումպացված իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ «տարվող պայքարին»:

Հարցերին, թե առաջիկայում ԱՄՆ ՄԶԳ կողմից արդյոք առաջարկ չի՞ ներկայացվի ՀՀ իշխանություններին, մասնավորապես Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներին, խորհրդի վստահության մակարդակը բարձրացնելու համար ուսումնասիրության առարկա դարձնել սեփական հայտարարագրերն ու նաև այն հայտարարագրերը, որոնք իրենց ուշագրավ պարունակությամբ հայտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում, կամ ԱՄՆ ՄԶԳ-ն փորձե՞լ է ՀԿ շրջանակներից, քաղաքացիական ակտիվ հատվածից ճշտել, թե ինչպիսին է ԱՄՆ հարկատուների հաշվին սնվող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վստահության մակարդակը մեր երկրում, դոկտոր Քարեն Հիլիարդը պատասխանել է.

«Կոռուպցիայի նվազեցումը չափազանց կարևոր է Հայաստանի ապագայի համար, քանի որ այն ոչ միայն վտանգում է ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը և հաստատությունների նկատմամբ վստահությունը, այլ նաև խոչընդոտում է տնտեսական աճին: ԱՄՆ կառավարությունն աշխատում է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարբեր միջոցներով, այն է` 1) ուղղակի օժանդակություն ՀՀ Կառավարությանը` Հակակոռուպցիոն խորհրդի հիմնադրման և մասնագիտական օժանդակության տրամադրման հարցում` առողջապահության, կրթական, հարկային ու մաքսային վարչարարման և ոստիկանության կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների ոլորտներում վարչական կոռուպցիայի նվազեցմանն ուղղված գործողությունների ծրագրերի մշակման նպատակով, ինչպես նաև հանրային իրազեկման ռազմավարության մշակման հարցում, 2) դրամաշնորհ Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպության կողմից կառավարվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոնսորցիումին` ապահովելու քաղաքացիների ներդրումը կառավարության գործողությունների ծրագրում, 3) հատուկ ծրագրեր հարկային վարչարարության և սոցիալական ծառայությունների ոլորտներում, որոնք կդյուրացնեն բյուրոկրատական ընթացակարգերը և կնվազեցնեն կոռուպցիայի հնարավորությունները»:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենը տեղեկացնում է, որ խորհրդին 14 ամսով տրամադրված դրամաշնորհը բաղկացած է երկու մասից` յուրաքանչյուրը 325.000 ԱՄՆ դոլար արժողությամբ: Սակայն դրամաշնորհը տալով՝ նպատակ չունեն անդրադառնալ Հայաստանում բիզնեսի և քաղաքականության միջև հարաբերությունների ավելի մեծ խնդրին: Այն ուղղված չէ նաև լայնածավալ կոռուպցիայի կամ այլ պաշտոնեական հանցանքների բացահայտմանը կամ հետապնդմանը: Պարզ ասած, ֆինանսավորելով ՀՀ իշխանություններին, նրանցից առանձնապես մեծ սպասելիքներ չունեն:

«Մեր նպատակն է նվազեցնել կոռուպցիայի հանդեպ հանրության հանդուրժողականությունը և Հայաստանի քաղաքացիներին տրամադրվող ամենօրյա ծառայություններում կաշառակերության տարածումը: Գտնում ենք, որ այստեղից է պետք սկսել: Եթե դրամաշնորհի առաջին փուլը հաջող իրականացվի, մենք կհատկացնենք դրամաշնորհի երկրորդ կեսը: Կարևոր է հասկանալ, որ մեր աջակցությունը Հակակոռուպցիոն խորհրդին նպատակ ունի Կառավարությանն օգնել մշակելու և սկսելու չորս ոլորտներում վարչարարական կոռուպցիայի նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը»,- նշում է Քարեն Հիլիարդը:

Հարցին, թե Խորհրդի ավելի քան 1-ամյա գործունեության ընթացքում ի՞նչ նշանակալի արդյունք են արձանագրել, արդյոք մեկ տարի շարունակ արդյունավետ են ծախսվել ամերիկացի հարկատուների գումարները՝ Հայաստանում, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենն արձագանքում է.

«Մինչ օրս Խորհրդի կողմից իրականացված ամենից հատկանշական գործողություններից մեկը ՀՀ Կառավարության կողմից կատարած հայտարարությունն է Հանքարդյունաբերության թափանցիկության նախաձեռնությանը (EITI) միանալու մասին: EITI-ը կառավարությունների, հանքարդյունաբերող ընկերությունների և քաղաքացիական հասարակության կոալիցիա է, որի աշխատանքներն ուղղված են հանքարդյունաբերող ոլորտում բիզնես գործողությունների թափանցիկության և բարենպաստ մրցակցային պայմանների ապահովմանը: 2012-2016 թվականներին ԱՄՆ և Համաշխարհային Բանկի օժանդակությամբ Հայաստանը դյուրացրել է հարկերի վճարումը՝ աշխարհում 153-րդից (վատագույններից մեկը) բարձրանալով 41-րդ տեղ` համաձայն Համաշխարհային Բանկի Doing Business զեկույցի: Խորհրդի աշխատանքների արդյունքում ակնկալում ենք նաև այլ բարելավումներ: Կառավարությունը նաև քայլեր է ձեռնարկել` բարելավելու պայմանագրերի կատարումը` գործերը պատահականության սկզբունքով հանձնարարելով դատավորների` այդպիսով նվազեցնելով կաշառքի միջոցով որոշումների կայացման վրա ազդեցությունը: Սրանք վերջերս տեղի ունեցած հաջողությունների երկու օրինակ են»:

ԱՄՆ ՄԶԳ նկատած և առանձնացրած հաջողությունները թվարկելուց զատ դոկտոր Քարեն Հիլիարդը նշում է. «Մենք լիովին ընդունում ենք, որ կոռուպցիան տարածված է Հայաստանում, և իշխանություն ստանձնած անհատները բացառություն չեն: Մենք նաև համաձայն ենք, որ շատ աշխատանք կա կատարելու` ստեղծելու և խթանելու համար անհատի պաշտոնական դիրքի ավելի խիստ տարանջատում նրա գործարար շահերից: Շահերի բախման կանոնակարգման խստացման, ճշգրիտ հայտարարագրերի և դրանք կեղծելու համար իրական տույժեր պահանջելը լավ սկիզբ կհանդիսանա»:

Հարցին, թե ԱՄՆ ՄԶԳ-ն փորձե՞լ է հասկանալ՝ ինչու մի շարք հեղինակավոր ՀԿ-ներ հրաժարվեցին ընդգրկվել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում, և այս հանգամանքն արդյոք, այսպես ասած, ոչ լեգիտիմ չի դարձնում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությունը, Ք. Հիլիարդն արձագանքում է.

«Հակակոռուպցիոն խորհուրդը պետք է լինի ներկայացուցչական և ներառի քաղաքացիական հասարակության և ընդդիմության շահերը, ինչպես նաև ընդգրկի կառավարության ներկայացուցիչներ, ովքեր բավարար իշխանություն ունեն Խորհրդի որոշումների իրականացումն ապահովելու համար: Ըստ միջազգային լավագույն փորձի՝ կոռուպցիայի դեմ պայքարն ամենահաջողն է ընթանում, երբ տարվում է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ ուժերով: Սակայն սա բավարար չէ: Այդ իսկ պատճառով մեր դրամաշնորհը Խորհրդին ներառում է ֆինանսավորում հանրային իրազեկման և կրթության արշավի համար` քաղաքացիներին համոզելու դադարեցնել կոռուպցիայի հանդուրժումը: Մենք քաջալերում ենք քաղաքացիներին միանալ մեզ` ակտիվորեն մշտադիտարկելու Խորհրդի աշխատանքները նրա վեբ կայքի միջոցով և իրենց ընտրած պաշտոնյաներին պատասխանատվության կանչել արդյունքների համար, ինչպես մենք ենք անում մեր կողմից ֆինանսավորվող բոլոր ծրագրերում»:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ