Խորամանկության տարրեր՝ Ռուսաստանի գործողություններում
ՌԴ կողմից ժամանակ առ ժամանակ մամուլ են սպրդում տեղեկություններ Հայաստանում առկա կամ ձեռքբերվելիք զինատեսակների վերաբերյալ: Օրինակ՝ վերջերս Ռուսաստանը պաշտոնապես հրապարակեց 200 միլիոն դոլար վարկով Հայաստանին տրվելիք և արդեն վաճառված սպառազինությունների ցանկը։ Ապա ռուսաստանցի ռազմական փորձագետ Խրամչիխինի հոդվածը հրապարակվեց, որում ներկայացվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, զինատեսակները և ռազմական տեխնիկան:
Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով մեր երկրի կողմից ձեռք բերվող ռազմական միջոցների մասին հրապարակվող տեղեկություններին, նախ նշեց, որ իրականում այդ տեղեկությունները ռազմական գաղտնիք չեն պարունակում, այլ հարց է, որ շարքային քաղաքացիների համար այդ ինֆորմացիան հասանելի չի եղել: «Երբ որ սպառազինություն է ձեռք բերում այս կամ այն կողմը, համապատասխան կառույցներ կան ՄԱԿ-ում և մեր դեպքում նաև ԵԱՀԿ-ում, տեղյակ են պահվում: Կարճ ասած՝ բաց աղբյուրներ են, ուղղակի մասնագետները գիտեն այդ աղբյուրը որտեղ է, որ գտնեն բացեն կարդան: Մեր հակառակորդները՝ օսման և ազեր թուրքերը, այդ թվերից տեղյակ են»:
Ազատամարտիկի խոսքերով՝ հայկական կողմի մասնագիտական շրջանակներն իրենց հերթին ունեն տեղեկություններ հակառակորդի ռազմական կարողության վերաբերյալ: Հարցին, թե այնուամենայնիվ ռուսաստանյան կողմն ինչու է որոշել այդ տեղեկությունը դուրս բերել, այսպես ասած, մասնագիտական շրջանակներից, Վարդանովն արձագանքեց. «խորամանկության տարրեր կան Ռուսաստանի հիշյալ գործողություններում: Նման հրապարակումներով մի քանի խնդիր են փորձում լուծել»:
«Սա նման է այն երևույթին, որ մի տարի առաջ մեկին խոստանում են, որ ծնունդիդ նվեր եմ անելու: Հետո ասում է՝ ես համարյա ընտրել եմ նվերը, հետո անընդհատ ասում են՝ հեսա պատրաստվում ենք առնել, հետո առել ենք, հետո՝ պատրաստվում ենք բերել և այսպես շարունակ: Մարդու ծնունդին նվեր են տալիս, բայց այնպես են անում, որ այս մարդը մեկ տարի շարունակ շնորհակալություն հայտնի: Հիմա նույնը ռուսն է անում մեր նկատմամբ: Մենք ըսկի փող էլ չունենք, որ զենք գնենք: Մեզ պարտքով զենք են վաճառում, մեզանից ստանալու չունեն, կոպիտ ասած, կստանան այն ժամանակ, երբ որ ըստ պայմանագրի գումարը պետք է սկսենք մարել: Մեզ կախվածության մեջ դնելու համար իրենք մի տարի էդ նվեր տալու պատմությունը կշահարկեն, հետո էլ մի տարի կասեն՝ «հը՞, ո՞նց էր, համո՞վ էր»: Դա նաև թուրքերին ակտիվացնելու ձևերից մեկն է՝ առևտրի առումով: Դա տարրական մարկեթինգային քայլ է: Իհարկե դրա մեջ ստորություն կա»,- նշեց Վովա Վարդանովը:
Ծանոթ լինելով Ադրբեջանի սպառազինությանը՝ հետախույզը նշում է՝ վերջին տարիներին տեղի է ունեցել «դիսբալանսի որոշակի կրճատում»:
«90-ական թվականներին, երբ որ թուրքն ուներ 10.000 զինված օմոնականներ, մենք ոչ մի բան չունեինք: Մենք «կոլցո» օպերացիայից ընդամենը մեկ տարի առաջ ստեղծեցինք Հատուկ գունդը, որն ընդամենը շուրջ հազար հոգուց էր բաղկացած: Մեկին տասը մենք տարբերվում էինք դեռ այն ժամանակ: Երբ որ իրենք ունեին հսկայական քանակությամբ զենք-զինամթերք, մենք գրեթե ոչ մի բան չունեինք: Իսկ հիմա այդպես չէ: Բայց ռուսը որ բալանսը չի պահում, դա այնքան էլ ճիշտ չէ, ինքն իր դաշնակցի հաղթանակի համար ոչ մի բան չի անում: Իր համար միևնույն է՝ մենք Անդրկովկասում կլինենք գերիշխողը, թե թուրքը մեզ կջախջախի ու ինքը կլինի գերիշխողը: Ռուսաստանի համար հիմա կարևորը ՆԱՏՕ-ի սահմանը պահելն է՝ էն մյուս թուրքերից»,- նշեց ազատամարտիկը:
Անդրադառնալով ՀՀ իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե դաշնակից Ռուսաստանին չեն կարող մեղադրել հակառակորդին զենք վաճառելու համար, քանի որ կան առևտրային շահեր, և Ռուսաստանը չի կարող այլ կերպ վարվել, Վովա Վարդանովը նշեց, որ դա անողնաշար քաղաքականության արդյունք է:
«Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որ ճստիկ պետությունն աշխարհի հեգեմոնի վրա մատ է թափ տալիս, գնում սուր ելույթներ է հնչեցնում տարբեր ամբիոններից: Օրինակ՝ Իսրայելի վարչապետի ելույթները: Իրենք պետք է աշխատեն: Կան մարդիկ, ովքեր բեռնակրի հոգեբանություն ունեն, ժողովուրդը կասեր՝ համբալ: Ուսին ինչ դնես՝ կտանի, բայց որ մի քիչ ավել ուղեղին զոռ տա, արդյունքում մի հատ, ասենք, փայտ վերցնի, որպես գործիք օգտագործի իր գործը թեթևացնելու համար, նման բան չկա: Այ մեր որոշ պետական պաշտոնյաներ էդ բեռնակրի մտածելակերպով են կազմակերպում աշխատանքը: Ժողովրդի խնդիրն է իրենց ստիպել, որ մտածեն ու աշխատեն: Ոչ թե «гужевой скот»-ի նման կարգենք, բարձենք, ինքը քշելով տանի: Էդպես չի կարելի: Վտանգված երկիր է, այստեղ միշտ կարող են լարված իրավիճակներ լինել, և մի կերպ իրենց պարտականությունները կատարող պետական այրերին ուղղակի մտրակով ծեծել է պետք, որ իրենք ավելի լավ աշխատեն»:
Ազատամարտիկի խոսքերով՝ դիվանագիտական հարթությունում հմուտ աշխատանքի կարիք է զգացվում, աշխարհում տեղի ունեցող զարգացումներից հնարավոր օգուտ ստանալու, ի շահ երկրի ծառայեցնելու համար նպատակասլաց գործունեություն:
«Իսկ մերոնք ոչ մի բան չեն անում: Գնում են, ստորագրում են ինչ-որ բան, մեքենայով գործի են գնում, հետ են գալիս, բայց աշխատել, ուղեղին զոռ տալ, թեկուզ չվախենալ, որ ինչ-որ վրիպումներ թույլ տան: Մերոնք, չե՞ք նկատել, ոչ մի վրիպում չեն անում: Անսխալական են մեր մինիստրները: Բոլորը: Իսկ չի սխալվում ոչ մի բան չանողը, դա հին արտահայտություն է»:
Արմենուհի Վարդանյան