«Մեր երկրները պատանդ են դարձել իրենց մակաբույծ ավտորիտար ռեժիմներին». բելառուս քաղաքագետ
«Դիալոգ» միջազգային մամուլի կենտրոնի նախագծի շրջանակներում կազմակերպված առցանց մամլո ասուլիսի հյուրն է բելառուս քաղաքագետ, Տրանսֆորմացիայի եվրոպական կենտրոնի տնօրեն Անդրեյ Եգորովը: Քաղաքագետը պատասխանել է նաեւ galatv.am—ի հարցերին:
—Պարոն Եգորով, նախ սիրիական իրադարձությունների մասին: Ի՞նչ կապ եք տեսնում Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների մեկնարկի եւ Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի, Դոնբասում հանրաքվեի հետաձգման հետ: Ընդհանրապես, ի՞նչ նպատակներ է հետապնդում ՌԴ նախագահ Վ.Պուտինը Սիրիայում ակտիվ ռազմական գործողություններ սկսելով:
-Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ձեռնարկն Արեւմուտքի նկատմամբ ճնշման եւս մեկ միջոց է: Ռուսաստանն իրեն տեսնում է Արեւմուտքի հետ առճակատման մեջ եւ ձգտում է նախաձեռնողականության կամ նման հակամարտությունների մեջ ներգրավվելու միջոցով ներկայացնել իրեն որպես աշխարհաքաղաքական խաղացողի, որի հետ Արեւմուտքին անհրաժեշտ է երկխոսություն վարել: Առանց Ռուսաստանի նման հակամարտությունների կարգավորումը դառնում է անհնար, եւ այդ կերպ Ռուսաստանը հաստատում է իր միջազգային առարկայացումը:
—Արդյո՞ք ԽՍՀՄ նախկին պետությունները` մասնավորապես Բելառուսը, Ուկրաինայի ճակատագրին արժանանալու վտանգի առաջ կանգնած չեն: Եվ Արեւմուտքի հետ Ձեր նախագահ Ա. Լուկաշենկոյի վերջին շրջանում նկատելի մերձեցումը հղի չէ՞ վտանգներով, քանի որ Ռուսաստանը, գաղտնիք չէ, որ խանդոտ է վերաբերվում Արեւմուտքի հետ Բելառուսի մտերիմ հարաբերություններին:
-Ղրիմի սցենարի կրկնության վտանգը կա, եւ այն բավականին իրատեսական է: Բելառուսի կողմից դեպի Եվրամիություն շեղվելու իրական փորձի դեպքում Ռուսաստանն ի վիճակի է կիրառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք կիրառվել են ժամանակին Ուկրաինայի ապակայունացման համար: Սակայն, ներկայումս Բելառուսի եւ Եվրամիության մերձեցումն այնքան աննշան է, որ այն վտանգ չի ներկայացնում Բելառուսում ռուսաստանյան շահերին:
—Ա. Լուկաշենկոն 5-րդ անգամ ընտրվեց Բելառուսի նախագահ: Մենք Հայաստանում քաջատեղյակ ենք, թե ինչպես են ԽՍՀՄ նախկին երկրներում վերընտրվում նախագահները: Ձեր կարծիքով, արդյո՞ք Ա. Լուկաշենկոն Բելառուսում եւ Սերժ Սարգսյանը Հայաստանում վերընտրվել են ժողովրդի կամքով եւ ցանկությամբ: Եթե ոչ, ապա ի՞նչ լծակներ եւ մեթոդներ են օգտագործում մեր եւ ձեր երկրների նախագահները վերարտադրվելու համար:
— Ոչ, իհարկե, ոչ Լուկաշենկոն, ոչ Սարգսյանը ժողովրդավարական մեթոդներով ընտրված նախագահներ չեն: Լուկաշենկոյի դեպքում, վերընտրվելու համար կիրառվել է ընտրական մանիպուլյացիաների լայն համակարգ (արտահերթ քվեարկություն, ձայների անվերահսկելի հաշվարկ եւ այլն), քաղաքական ազատությունների սահմանափակում, անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշում, քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ընդդիմության դեմ հետապնդումներ, այդ թվում քաղաքական մրցակիցների սպանություններ եւ ռեժիմի հակառակորդների երկարատեւ ժամկետներով բանտարկություններ:
—Պարոն Եգորով, Ձեր կարծիքով Հայաստանին սահմանադրական փոփոխություններ պե՞տք են, թե՞ ոչ: Ի՞նչ նպատակ են հետապնդում Հայաստանի նախագահը եւ իշխող կուսակցությունը` հանդես գալով Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությամբ:
— Ցավոք, ես այնքան էլ լավ չեմ տիրապետում Հայաստանի քաղաքական իրավիճակին: Կարող եմ միայն ընդգծել, որ Սահմանադրության փոփոխության նախաձեռնությունը ոչ թե Հայաստանի քաղաքացիների մեծամասնությանն է, այլ իշխող վարչակազմի, եւ որ այն անցկացվում է առանց նորմալ հրապարակային քննարկումների, ինչն ինքնաբերաբար կասկած է հարուցում նման գործողությունների թաքնված դրդապատճառների մասով:
—Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները զարգանալու հնարավորություն ունե՞ն, թե՞ ոչ: Ի՞նչն է խանգարում ԵՏՄ—ի, Մաքսային միության անդամ լինելով հանդերձ իրական ժողովրդավարական համակարգով կառավարել, աշխատել եւ ապրել:
— Եվ Հայաստանը, եւ Բելառուսը ժողովրդավարական զարգացման հնարավորություններ ունեն, եւ մեր ժողովուրդները դրան արժանի են: Սակայն այսօր մեր երկրները պատանդ են դարձել իրենց մակաբույծ ավտորիտար ռեժիմներին, որոնք հաճախ գործում են ոչ երկրի շահերից: ԵԱՏՄ կազմ ընդգրկվելն ավտորիտար առաջնորդների ռազմավարական վնասակար վարքագծի եւս մեկ օրինակ է, եւ դա, իհարկե, էականորեն բարդացնում է ժողովրդավարացման գործընթացները:
Հարցազրույցը` Էդուարդ Մխիթարյանի