Կանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են. Նարեկ Սարգսյան | Region

Կանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են. Նարեկ Սարգսյան

Մարտ 25,2026 21:40

Ազատության պողոտայում խոշոր հրդեհի դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել իրականացվող հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ։

«19։12-ին է եղել հրդեհի վերաբերյալ ահազանգը Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն, և անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Այս պահին հրդեհաշիջում է իրականացնում փրկարար ծառայության 13 մարտական հաշվարկ»,- նշեց Սարգսյանը։

ՆԳՆ խոսնակը պարզաբանեց, որ հրդեհի բարդությունից ելնելով՝ նախ հայտարարվել է թիվ 3 կանչ, որից հետո մարտական հաշվարկների թիվն ավելացվել է։

Անդրադառնալով վտանգներին՝ նա ընդգծեց փրկարարների օպերատիվ աշխատանքը. «Փրկարարները շատ կարևոր աշխատանք են կատարել։ Ինչպես տեսնում եք՝ երկու հատվածներում բնակելի շենքեր են շատ մոտ, և կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր»:

Նա նաև հաստատեց, որ մոտակա շենքերի հատվածներից բնակիչները տարհանվել են։

Ըստ նրա՝ հրդեհաշիջման աշխատանքները դեռ երկար կտևեն:

«Կարծում ենք՝ դեռ երկար կտևի, քանի որ բարդություն է առաջացել նաև նրանից, որ շենքն ունի բաղդատային հատված, որն ավելի հեշտ է այրվում։ Այդ հատվածում նաև քանդման աշխատանքներ են իրականացվում»,- պարզաբանեց նա։

Հրդեհի բռնկման պատճառների մասին խոսելը, ըստ Սարգսյանի, դեռ շատ վաղ է։ Ինչ վերաբերում է հնարավոր տուժածներին, ՆԳՆ խոսնակը նշեց, որ այս պահին այդ հարցին պատասխանել չի կարող։ Դեպքի հանգամանքները կպարզվեն համապատասխան ուսումնասիրություններից հետո:

Հիշեցնենք՝  հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին։

Նորություններ