Պատմական նվաճում Պրահայում. Հայաստանի գեղասահքի զույգն աշխարհի առաջնությունում մտավ լավագույն տասնյակ և նվաճեց կարևոր ուղեգրեր | Region

Պատմական նվաճում Պրահայում. Հայաստանի գեղասահքի զույգն աշխարհի առաջնությունում մտավ լավագույն տասնյակ և նվաճեց կարևոր ուղեգրեր

Մարտ 27,2026 11:29

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտված գեղասահքի աշխարհի առաջնությունը նշանավորվեց հայկական սպորտի համար աննախադեպ հաջողությամբ։ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա — Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը, գրանցելով տպավորիչ արդյունքներ երկու ծրագրերի հանրագումարով, զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ պատմության մեջ առաջին անգամ ապահովելով մեր երկրի տեղը լավագույն տասնյակում։

Գերազանցված ռեկորդներ և տպավորիչ ելույթներ

Աշխարհի առաջնությունում նորամուտը նշող հայկական զույգը կայունություն դրսևորեց մրցաշարի ողջ ընթացքում։ Կարճ ծրագրում, հանդես գալով Արա Գևորգյանի հայտնի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո, նրանք 67,12 միավորով գրավեցին 8-րդ տեղը։

Ազատ ծրագրում Ակոպովա-Ռախմանին զույգը ներկայացավ հնդկական երաժշտական մոտիվներով՝ ցուցադրելով բարձր տեխնիկական պատրաստվածություն։ Մրցավարական կազմը նրանց ելույթը գնահատեցին 123,34 միավորով, որից 63,75-ը տրվեց տեխնիկական տարրերի, իսկ 59,59-ը՝ ծրագրի բարդության համար։ Թեև ելույթի վերջնամասում գեղասահորդները մեկ տարրի կատարման ժամանակ վրիպում թույլ տվեցին, դա չխանգարեց նրանց գերազանցել սեփական ռեկորդը։ Երկու ծրագրերի հանրագումարով Հայաստանի ներկայացուցիչները վաստակեցին 190,46 միավոր՝ զգալիորեն բարելավելով Օլիմպիական խաղերում գրանցած իրենց իսկ արդյունքը (180,66 միավոր)։

Պատմական հաղթանակ հայկական գեղասահքի համար

Այս ցուցանիշը ոչ միայն անհատական, այլև պատմական հաղթանակ է Հայաստանի համար։ Լավագույն տասնյակում հայտնվելու շնորհիվ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը ճանապարհ հարթեցին հաջորդ տարվա աշխարհի առաջնությունում Հայաստանի ևս մեկ սպորտային զույգի մասնակցության համար։

Ավելին, այս պատմական արդյունքը նրանց հնարավորություն է ընձեռում մասնակցելու Միջազգային գեղասահքի միության (ISU) մեծահասակների Գրան պրի (Աշխարհի գավաթ) շարքի երկու փուլերին, ինչը բարձրագույն նվաճում է և նոր էջ մեր մարզական պատմության մեջ։

Առաջնության մրցանակակիրները

Նշենք նաև, որ 20 զույգերի պայքարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը 228,33 միավորով նվաճեց Գերմանիան ներկայացնող Միներվա Ֆաբիեն Հազե — Նիկիտա Վոլոդին զույգը։ Արծաթե մեդալներին արժանացան Վրաստանի ներկայացուցիչներ Անաստասիա Մետյոլկինան և Լուկա Բերուլավան (218,41), իսկ լավագույն եռյակը եզրափակեցին կանադացիներ Լիա Պերեյրան և Տրենտ Միշոն (216,09)։

armsport.am

Նորություններ