ԿԸՀ-ն միջազգային համաժողով է հրավիրել
Մարտի 25-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրել է միջազգային համաժողով՝ Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի (A-WEB) գործադիր խորհրդի անդամ երկրների, ինչպես նաև այլ ընտրական մարմինների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համաժողովի գլխավոր թեմաներն են՝
․Ընտրությունների կառավարման ոլորտում միջազգային համագործակցություն
․Թվային նորարարություն, կարողությունների զարգացում եւ ինստիտուցիոնալ ուսուցում։
Համաժողովը հարթակ է թվային նորարարության, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ընտրությունների կառավարման ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ փորձի փոխանակման համար:
Համաժողովը երեք թեմատիկ նիստեր է հրավիրել, որոնցից առաջինը վերաբերում է «ՀՀ ընտրական համակարգի վարչարարությանը»։ Այս նիստի ընթացքում հյուրերին ներկայացվել է ՀՀ ԿԸՀ-ի կառուցվածքը, մանդատը և հիմնական գործառույթները, ինչպես նաև հունիսի 2026 թվականի 7-ին նշանակված ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները՝ կարևորելով ԿԸՀ-ի ընթացիկ միջազգային գործընկերությունների և համագործակցության նախաձեռնությունները:
«Թվային տրանսֆորմացիան ընտրական վարչարարությունում» նիստին քննարկվել է ընտրական կառավարման մեջ թվային գործիքներ և համակարգեր ներդրած ընտրական մարմինների փորձը, ինչպես նաև թվային փոխակերպման հետ կապված հնարավորություններն ու մարտահրավերները:
Երրորդ նիստը կրել է «Կարողությունների զարգացում և ինստիտուցիոնալ համագործակցություն» խորագիրը։ Այս նիստի ընթացքում քննարկման հիմնական առանցքն է եղել կարողությունների զարգացման նախաձեռնությունների, ինստիտուցիոնալ ուսուցման և ընտրական համակարգերի ամրապնդման հարցում միջազգային համագործակցության դերը։
