Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովում
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը ընտրություններից հետո Ազգային ժողովում երդվում է:
Երդման համար ձայնը տրվեց Վլադիմիր Վարդանյանին:
«Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ընթերցում եմ Սահմանադրական դատարանի դատավորի երդման տեքստը:
Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը:
Շնորհակալություն»,- երդվեց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջարկել էր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:
Վլադիմիր Վարդանյանը 2018-2026 թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 2019-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ), ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2021 թ. հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
Հիշեցնենք, որ քաղհասարակության ներկայացուցիչները կասկածի տակ են դնում ՍԴ նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանի անկախությունն ու անաչառությունը:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ նույնօրինակ իրավիճակ է ստեղծվել նաև տարիներ առաջ՝ 2018թ․ Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր, այնուհետև՝ նախագահ ընտրվելու գործընթացի հետ, որտեղ նույն քաղաքական անթաքույց փոխկապակցվածության հանգամանքը հիմք էր ծառայել այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով այդ ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր էր, այդ նշանակումը որակել որպես Ս․Սարգսյանի կողմից «գործուղում» Սահմանդրական դատարան:
