Թրամփն ու Պուտինն այսօր երեկոյան կհանդիպեն Ալյասկայում․բանակցությունների թեման ուկրաինական պատերազմն է | Region

Թրամփն ու Պուտինն այսօր երեկոյան կհանդիպեն Ալյասկայում․բանակցությունների թեման ուկրաինական պատերազմն է

Օգոստոս 15,2025 12:30

ԱՄՆ և ՌԴ  նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինն այսօր բանակցություններ կանցկացնեն Ալյասկայում, քննարկման հիմնական թեման ուկրաինական պատերազմն է։

«ԱՄՆ նախագահի հույսերը Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ անորոշ են, բայց Պուտինը վերջնական առաջարկ է արել հնարավոր միջուկային համաձայնագրի վերաբերյալ, որը կարող է օգնել երկուսին էլ փրկել իրենց դեմքը: Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայի Սառը պատերազմի ժամանակաշրջանի ռազմաօդային բազայում կլինի նրանց առաջին դեմ առ դեմ զրույցը Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Այն տեղի է ունենում Ուկրաինայում և Եվրոպայում առկա մտահոգությունների ֆոնին, որ Թրամփը կարող է դավաճանել Կիևին»,-գրում է  Reuters-ը:

Հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայի ժամանակով 22:30-ին, Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում։

Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը, որն ավելի վաղ ասել էր, թե Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ կավարտի 24 ժամում, երեկ ասել է, որ երեքուկես տարվա հակամարտությունն ավելի բարդ է լուծել, քան ինքը  կարծում էր։

Եթե իր հանդիպումը Պուտինի հետ լավ անցնի, ապա դրան հաջորդող եռակողմ գագաթնաժողովի անցկացումը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որն Ալյսակայի հանդիպմանը հրավիրված չէ, կլինի իր և Պուտինի հանդիպումից էլ ավելի կարևոր, ասել է ԱՄՆ նախագահը։

Ռուսական լրատվամիջոցները հղում անելով Կրեմլի ներկայացուցիչ Յուրի Ուշակովին, գրում են, որ երկու երկրների առաջնորդները կքննարկեն խաղաղության և անվտանգության ապահովման խնդիրները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերը։

Հանդիպման ընթացքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում։ Առաջնորդները ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կխոսեն համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նորություններ