«Տասը եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ»․ Փաշինյան | Region

«Տասը եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ»․ Փաշինյան

Դեկտեմբեր 18,2025 14:00

Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև ՀՀ իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմն ու հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկննող բոլոր անձանց չեզոքացնելու՝ օրենքով սահմանված կարգով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այսօր Մայր Աթոռում նախատեսված միջոցառումներին։

Հիշեցնենք, որ վարչապետի հետ հանդիպած տասը եպիսկոպոսներ երեկ հայտարարություն էին տարածել, որով նրանք «հավատացյալներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին հրավիրում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ»։

Արագածոտնի թեմն էլ երեկ երեկոյան հայտարարություն է տարածել, որով հավատացյալ քաղաքացիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ժամը 17:00-ին հրավիրում է միասնական ժամերգության:

«Հայաստանյաց Առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից և  Մայր Աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից։ Ես իմ դիրքրոոշումն ասել եմ՝ Կտրիճ Ներսիսյանն ու իր նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են և եղծում են Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու դավանանքը»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով․«Տասը եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ։ Տասը եպիսկոպոսներն Էջմիածնի միաբաններ են, այսինքն էջմիածնի վանական համալիրն իրենցն է, իրենք էլ՝ վանական համալիրինն են, հետևաբար, նրանց հնչեցրած հրավերը լեգիտիմ է»։

Վարչապետն ասաց, որ այդ հավաքին անձամբ մասնակցելու անհրաժեշտություն չի տեսնում։

Թե ինչն է իրեն կապում այս տասը եպիսկոպոսների հետ, վարչապետն ասաց՝ միայն ու միայն Հայաստանյանց Առաքելական սուրբ եկեղեցու նորոգման օրակարգը․«Էլի ուրիշ հարցերում մենք ունենք կոնսեսուս, որ այդ օրակարգն անհնար է իրականացնել առանց Կտրիճ Ներսիսյանի հեռացման։ Որպես վարչապետ ասեմ՝ Կտրիճ Ներսիսյանի որևէ որոշում ՀՀ –ն չի ընդունել, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է։ Օրինակ՝ Տեր Արամ Աաստրյանը շարունակում է ՀՀ-ի համար լինել Տեր Արամ Աաստրյան ու նրան կարգալույծ անելու Կտրիճ Ներսիսյանի որոշումը մենք չենք ընդունել»։

Փաշինյանի ներկայացմամբ՝ այսօրվա իրադարձությունը խոսում է այն մասին, որ եկեղեցում կա ճգնաժամ, որը պետք է հանգուցալուծվի․«Չի հանգուցալուծվելու այդ ճգնաժամը, քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը հեացված չէ Մայր Աթոռից, ուրեմն ճգնաժամի հաղթահարման մեկնարկը կտրվի։ Բոլոր դեպքերում առաջին քայլը դա է և սա է կոնսեսուսի հաջորդ կետն է մեր և տասը եպիսկոպոսների։ Ես նրանց չեմ ուղղորդում, ես ո՞վ եմ, որ ուղղորդեմ։ Նրանց հետ կիսում եմ գաղափարներ, ուզում են նրանց շնորհակալություն հայտնել իրենց խիզախության համար, որովհետև հեշտ չէ անել այն, ինչ անում են; Գուցե ինձ համար հեշտ է այդ թեմաներով հանդես գալ, բայց իրենց համար տասնապատիկ անգամ ավելի դժվար է, դա պետք է գնահատանքի արժանանա»։

Թե առաջիկա կիրակի օրը որտեղ կմասնակցի պատարագի, Փաշինյանը հստակ չասաց, քանի որ մեկնելու է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին։

Դիտարկմանը՝ լուրեր են շրջանավում, որ վարչապետը մտադիր է Նավասարդ Կճոյանին նշանակել կաթողիկոսի տեղապահ, Փաշինյանն ասաց․«Ես պատասխանատու կերպով ասում եմ՝ դա իմ որոշումը չի կարող լինել, դա եպիսկոպոսաց դասի կամ ազգային եկեղեցական ժողովի որոշումն է։ Ինձանից կարծիք կհարցնեն՝ կարտահայտեմ»։

Նորություններ