Թշնшմին հիմա էլ է կրակում, տըղըցի´ք, տուն գալու ժամանակն է
Տաքսու վարորդին խնդրում եմ կանգ առնել։ Ես՝ Երևանում սովորողս, իրավունք չունեմ Տեղում տաքսիով պտտվելու. պիտի քայլեմ, քայլեմ, ոտքերս՝ փողոցներից, փողոցները՝ ոտքերիցս կարոտներն առնեն:
Հայացքս պտտվում է․ դաշտերն են, Տեղի դաշտերը՝ սահմանից այս կողմ, իսկ հայրենիքիս մի մասը սահմանից այն կողմ է: Խորեան է. Խորեան պատմության վկաներից մեկն է, որ անցնող-դարձողին հիշեցնում է իր տոհմածառի խորն արմատների մասին:
Խորեան նախկին մեծ գյուղատեղիներից էր, որն իր գրկում պահել ու փայփայել է հոյակերտ կառույցներ՝ Սռնեղցին, Կոտրած Եղցին, Քարակալ ամրոցը, բնության հրաշքներ՝ Գուդու և Վանու ջրվեժները:
Առաջին անգամ էլ այսպես վերադարձա Երևանից, վերադարձա հպարտ՝ համալսարան եմ ընդունվել, կարոտիս արցունքներին ուրախության անուն դրի, որ դիմացս ելած Հրանտ պապը շատ չնեղվի, տեղով նեղված էր՝ պատերազմի տարին էր լրացել:
«1990 թվականի հունվարն էր, երբ լուր տվին, թե ադրբեջանական կողմից եկել են Սև քերծում պահվող հոտը գողանալու: Ես ֆերմայի վարիչ էի, Գրիգորյան Արայիկը՝ սովխոզի վարիչը, հասանք տարածք, որ հասկանանք՝ ի՞նչ է կատարվում: Այդ ժամանակ կռիվներ արդեն լինում էին, ռուսական զորք էլ կար կանգնած: Հրաձգություն եղավ մեր ու ադրբեջանական կողմի միջև, ու հենց էդ պահին ռուսները թողեցին ու փախան տարածքից: Ադրբեջանցիների կողմից զոհեր եղան, մենք էլ, փառք Աստծո, ո՛չ վիրավոր տվինք, ո՛չ էլ զոհ»,- պատմում էր Հրանտ պապը:
Հիմա էլ եմ ուզում, որ թեկուզ անցած, բայց հաղթական պատմություններ պատմվեն, որ տարվա վերջին տաք օրերը սարում անցնի, ասում են՝ վտանգավոր է, չի կարելի, իսկ Հրանտ պապը չկա, որ ասի՝ «վախը մենակ թուրքին է սազում»:
Փոխարենը Հասմիկ տատն է՝ գյուղի «քայլող ավանդազրույցը»։ Մեկ էլ տեսար որոշեց ու սնդուկից հանեց տարազը, հանեց, որ ջահելներիս հիշեցնի՝ ճիշտ շորն ինքն ունի, մնացածինս չինական «զիբիլ» է: Ինձ գրկել է՝ պինդ…
-Հասմիկ տատ, ինձ ուղարկել են՝ իմանամ մեր էն սրբերը, որ մնացին սահմանի վրա, ի՞նչ նշանակություն ունեին:
-Է՜հ, բալա ջան, մեր տան ապրուստն էր էդ բաղերից դուրս գալիս, մեր սիրուն օրերն էինք այդ տարածքներում անցկացնում: Այդտեղի հողը բերրի էր: Եթե ամբողջ գյուղում ծիրան չէր աճում, բաղերում քաղցր ծիրանն աճում էր՝ Արարատի ծիրանից էլ քաղցր:
Հասմիկ տատը սիրով ու քնքշանքով է հիշում Սռնեղցի ու Կոտրած Եղցի եկեղեցիները: Սռնեղցու մասին գյուղի բնակիչները հպարտորեն պատմում են, որ Խորենացին ճգնել է հենց այդտեղ: Իսկ Կոտրած Եղցին հայտնի է մի սովորությամբ, որը Տեղի և հարակից գյուղերի բնակիչները շատ էին կարևորում.
-Կոտրած Աղցի՞ն,-կրկնում է Հասմիկ տատը զարմացած, որ հարցնում եմ ամենահայտնի ճշմարտության մասին։ «Եկեղեցուց վերև, որ հիմա չենք կարող գնալ, որովհետև թուրքերը… կար մի սիրուն կամար: Էդ կամարի մեջավ ժըղովուրդը տանում ու իրեք հետ սուսուփուս անց էր կացնում մինչև մեկ տարեկան խոխորնցը: Քեզ էլ ենք տարել, տրա հետի էլ բոյդ տեղնա: Հիմա մեր խոխորնցը եղցուն հեռվից ենք ցույց տալիս: Խե՞ մինակ էտ եղցիանա՞: Բա՞ հազար տարեկան Սռնեղցին»: (Սռնեղցին լավ պահպանված միջնադարյան եկեղեցի է):
Սռնեղցի գնալն օրեր առաջ շատ վտանգավոր էր, հիմա՝ անհնար… Ադրբեջանցիների կրակը Սռնեղցուն էլ է հասնում: Մենք՝ Տեղի բնակիչներս, եթե անգամ ուսանում ենք մայրաքաղաքում, այլ քաղաքներում, եթե նույնիսկ գնացել ենք հեռու երկրներում ապրելու, մի սովորություն ունենք՝ հավաքվում ենք մեր պապական տներում, երբ հայրենի գյուղը վտանգի մեջ է, երբ թշնամին կրակում է: Թշնամին հիմա էլ է կրակում, տըղըցի´ք, տուն գալու ժամանակն է: