Առևտրի կետերի փոխարեն՝ կանաչ գոտի․ ի՞նչ է սպասվում Շինարարների փողոցի կրպակատերերին | Region

Առևտրի կետերի փոխարեն՝ կանաչ գոտի․ ի՞նչ է սպասվում Շինարարների փողոցի կրպակատերերին

Նոյեմբեր 11,2026 17:30

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում ապամոնտաժման եռամսյա գործընթացից հետո կրպակատերերն անորոշ, սպասողական վիճակում են։

Տևական ժամանակ կրպակատերերն ու վարձակալները կոչ էին անում քաղաքապետարանին հետաձգել ապամոնտաժումը, ժամանակ տրամադրել իրավական ընթացակարգերից օգտվելու համար։ Կոչերին հաջորդեցին նաև բողոքի ակցիաները, սակայն այդպես էլ նրանց այդ ժամանակը չհատկացվեց։

Երևանի քաղաքապետարանը հիմնավորում էր, որ դրանք ապօրինի շինություններ են, կրպակատերերն իրենց հերթին պնդում էին, որ սեփականության կամ վարձակալության պայմանագիր ունեն։

Այդ հատվածում տարբեր կրպակներ կային՝ մթերային, միրգ-բանջարեղենի ու մսամթերքի խանութներ, կոշիկի ու հեռախոսի վաճառքի կետեր, հացի փուռ և այլն, որտեղ, տարածքի բնակիչների պնդմամբ, գները համեմատաբար ցածր էին։

Շինարարների փողոցի այդ հատվածի մյուս շարքի կրպակատերերը մտավախություն ունեն, որ հերթը կհասնի նաև իրենց։ Նրանք ևս անորոշ սպասումների մեջ են։

Արդյո՞ք սեփականատերերն ունեն փոխհատուցում ստանալու օրինական իրավունք, և ի՞նչ կարգով կարող են իրացնել այն։ Regions TV-ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից պարզաբանել են․

«Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառուցված և Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումների հիման վրա քանդված շինությունները գերակա շահ չեն ճանաչվել։ Սակայն երրորդ փուլով ապամոնտաժված այն շինությունների մասով, որոնց հողամասը համայնքային սեփականություն է, իսկ շինությունը՝ ֆիզիկական անձի սեփականություն, հայտնում ենք, որ Երևանի քաղաքապետարանում քննարկումներ են ընթանում հիշյալ շինությունների սեփականատերերին ֆինանսական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ