«Բարեկամներին մոտ պահիր քեզ, իսկ թշնшմիներին՝ ավելի մոտ». Մարիամ Հովսեփյան | Region

«Բարեկամներին մոտ պահիր քեզ, իսկ թշնшմիներին՝ ավելի մոտ». Մարիամ Հովսեփյան

Մայիս 30,2024 21:30

Մոսկվայի շահագրգռվածությունը Ստեփանակերտում հյուպատոսություն բացելու հարցում

-Կրեմլը ցանկանում է պահպանել իր  հեղինակությունը գոնե հյուպատոսության տեսքով

Ռուսաստանն ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստման հարցում։  ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «մեր երկկողմ հարցերից ես կնշեի Խանքենդիում գլխավոր հյուպատոսության բացումը:  Մենք նախատեսում ենք առաջիկայում սկսել նախապատրաստական աշխատանքները և ակնկալում ենք ձեր աջակցությունը։ Դա մեզ թույլ կտա վերացնել տարաձայնությունները փոխադարձ հյուպատոսական ներկայությամբ»:

Հարկ է ընդգծել, որ ռուսաստանցի քաղաքական գործիչն Արցախի մայրաքաղաքն անվանել է ոչ թե Ստեփանակերտ, այլ «Խանքենդի»։ Ցավոք, երբ Արցախն անկախ պետություն էր և մոտ 30 տարի գտնվում էր հայերի տիրապետության տակ, իսկ հայերի հետ ապրում էին ռուսներ, Ռուսաստանը Ստեփանակերտի հետ նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ակնարկ չարեց: Այժմ Ստեփանակերտը գրեթե դատարկ է, հայերը լքել են քաղաքը, ինչպես ամբողջ Արցախը, իսկ ադրբեջանցիներն այնտեղ դեռ չեն հաստատվել։

Կարասինի հայտարարությունը տարակուսանք է առաջացրել Ադրբեջանում՝ ինչո՞ւ Ստեփանակերտում, ինչո՞ւ գլխավոր հյուպատոսություն… Ադրբեջանցի որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ Ստեփանակերտում հյուպատոսության բացումը կօգնի հայերին վերադառնալ Արցախ, և չեն բացառում տարածաշրջանին հատուկ կարգավիճակ շնորհելը: Հարկ է նշել, որ ներկայումս Ռուսաստանն Ադրբեջանում դիվանագիտական մակարդակով ներկայացված է միայն Բաքվում գտնվող դեսպանատնով: Երկրի այլ քաղաքներում ՌԴ հյուպատոսություններ չկան: Իր հերթին, Ադրբեջանը երեք հյուպատոսական ծառայություն ունի Ռուսաստանում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում: Ադրբեջանում որոշ փորձագետներ կարծում են, որ ԼՂ-ում ռուսական հյուպատոսության կարիք չկա։ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել իր դիրքերը խաղաղապահ ուժերի դուրսբերումից հետո։ Ըստ ադրբեջանցի փորձագետների, Ադրբեջանին դա պետք չէ։

Հարկ է նշել, որ Ռուսաստանն արդեն ավելի քան 30 տարի անդրկուլիսյան պայքար է մղում Թուրքիայի դեմ՝ Ադրբեջանում իր ներկայության համար: Բայց նա տանուլ տվեց այս մենամարտը: Թուրքիան երեք հյուպատոսություն ունի Ադրբեջանում՝ Բաքվում, Գյանջայում և Նախիջևանում։ Թուրքական կողմն Ադրբեջանին առաջարկել է Շուշիում բացել Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն։ 2024 թվականի մայիսի 10-ին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին հայտնել է, որ իրենք հարցում են ուղարկել Շուշիում հյուպատոսություն բացելու համար։ Բաղչիի կարծիքով, ԼՂ-ում շատ են թուրք քաղաքացիները և շինարարական ընկերությունները, և Թուրքիան պետք է ներկայացված լինի Շուշիում, որպեսզի ապահովի նրանց շահերը: Բաքուն բանավոր համաձայնություն է տվել։ Սակայն Ռուսաստանին դա դուր չեկավ, և նա հայտարարեց Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացելու ցանկության մասին՝ թուրքերի նախաձեռնությունը չեզոքացնելու համար։

Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանին խնդրեցինք մեկնաբանել Գրիգորի Կարասինի հայտարարությունը՝ առաջիկայում Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացելու Ռուսաստանի մտադրության մասին: Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանի համար միանշանակ լավ է ավելի շատ գլխավոր հյուպատոսություններ բացելը, և դրանով իսկ իր ներկայությունը աշխարհի ցանկացած կետում ամրապնդելը։ Առավել ևս այնտեղ, որտեղ ռուսական ներկայությամբ կարելի է հավասարակշռել թուրքականը։  «Մենք հիշում ենք, որ 2020 թվականին Թուրքիան հայտարարել էր Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, բայց փառք Աստծո, այդպես էլ չբացեց և հույս ունենք չի էլ բացի։ Ռուսաստանը չպետք է հեռանա Հարավային Կովկասից, իսկ Հարավային Կովկասի բանալին հենց ԼՂ-ն է»,-ընդգծեց Հովսեփյանը:

Մեկնաբանելով ադրբեջանցի որոշ քաղաքագետների խոսքերն այն մասին, որ Ստեփանակերտում հյուպատոսության բացումը կօգնի հայերին վերադառնալ Արցախ, քաղաքագետը նշեց. «Գուցե նրանք կարծում են, որ խոսքը հայերի՝ Արցախ վերադառնալու հնարավորության մասին է, որոնք առնվազն երկու քաղաքացիություն ունեն՝ և ռուսական, և հայկական՝ Արցախի տարածքում գրանցմամբ, ինչը միանգամայն տրամաբանական է։ Հյուպատոսությունը աշխարհի ցանկացած կետում ունի մեկ նպատակ՝ ապահովել իր ռեզիդենտների համար անհրաժեշտ պայմաններ։ Բայց ես, որպես հայուհի, արմատներով արցախցի, որը սերտ և ազգակցական կապեր ունի նրանց հետ, ովքեր հազիվ փրկվեցին անցյալ տարվա սեպտեմբերին, հաշվի առնելով Բաքվում գերեվարվածների փաստը, որոնց թվում է բարի և լուսավոր հայրենասեր Ռուբեն Վարդանյանը, իմանալով Ռամիլ Սաֆարովի նախադեպը, խորհուրդ եմ տալիս արցախցիներին, ովքեր հնարավորություն ունեն ապրելու այլ վայրերում, երբեք չվերադառնալ Արցախ, քանի դեռ այն, ցավոք, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Ես, իհարկե, չեմ պատրաստվում դատապարտել նրանց, ովքեր կվերադառնան, բայց իմ մարդկային դիրքորոշումն այս դեպքում ավելի բարձր է բացականչում, քան մասնագիտական դիրքորոշումը»,- նշեց քաղաքագետը։ Թե որքանով են հուսալի Ռուսաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ, քաղաքագետն ընդգծեց. «Ռուսաստանը և Թուրքիայի, և Ադրբեջանի հետ հարաբերությունները պահպանում է «բարեկամներին մոտ պահիր քեզ, իսկ թշնամիներին ՝ ավելի մոտ» սկզբունքով:

Ռուսաստանի համար Շուշիում թուրքական ներկայացուցչության բացումը հեղինակության հարց է, տարածաշրջանում Թուրքիայի ամրապնդման ցուցանիշ։ Կրեմլը, որը խաղաղապահ ուժերի դուրսբերումից հետո չի կարողանում պահպանել իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում, ցանկանում է պահպանել իր  հեղինակությունը գոնե հյուպատոսության տեսքով։

Հնարավոր ևս մեկ պատճառ կա. հավանական է, որ համատեղ նախագծերի վերաբերյալ գործնական և նախնական պայմանավորվածություն կա, որը, ամենայն հավանականությամբ, ձեռք է բերվել վերևներում։

 

Զաբելա Ավագյան               

 

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

Նորություններ