Հաղորդագրությունում ասվում է, որ այցելելով ներկայում օկուպացված Արցախի Հանրապետության տարածք՝ հեղինակը, Ադրբեջանի քիմքին համապատասխան, փորձել է նոր շունչ հաղորդել այդ երկրի կողմից հորինված հայկական մշակութային արժեքների «աղվանական ծագումնաբանության առասպելին»:
«Սա ադրբեջանական քարոզչամեքենային մատուցված ակնհայտ ծառայություններից է՝ տարածաշրջանի և նրա բնիկ հայ ժողովրդի ստեղծած հոգևոր–մշակութային ժառանգության իրական պատմության կեղծ ու հիմնազուրկ ներկայացման հերթական փորձ։ Նման քարոզչանյութը հրապարակելուց առաջ հեղինակը նախ պետք է փորձեր գոնե հպանցիկ ծանոթանալու ընդամենն ամիսներ առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, դրանց դրդապատճառներին։ Այնուհետև նա պետք է նաև ուշադրություն դարձներ իր այցելած և մատնանշած Դադիվանքի, Գանձասարի, Խաթրավանքի իրական պատմությանը, նրանց պատերին ու շրջակայքում սփռված տասնյակ հարյուրների հասնող արձանագրություններից գոնե մեկ-երկուսի բովանդակությանը, կամ փորձեր հասկանալ, թե դրանք ինչ լեզվով են գրված, կամ ինչու են հենց հայերեն գրված»,– ասված է հայտարարությունում:
Արցախի թեմը նաև ընդգծել է, որ նման կեղծ ու անհիմն քարոզչությունը միանգամայն դատապարտելի ու անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն հայ ժողովրդի, նրա հոգևոր կառույցը հանդիսացող Հայ առաքելական եկեղեցու բազմադարյան պատմության, հոգևոր ու գաղափարաքաղաքական հարուստ կենսագրություն ունեցող նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոնների, այլև ընդհանրապես համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության պատմության նկատմամբ: