Մեր սահմանապահ շրջաններից մեկը, որտեղ անհրաժեշտության դեպքում բոլորը պատրաստ են բահը փոխարինել զենքով
Ճամբարակ քաղաքը ձևավորվել է երեք բնակավայրերի միացումից՝ Կրասնոսելսկ, Վերին Ճամբարակ ու Ներքին Ճամբարակ: Ունեցել է տարբեր անվանումներ՝ Միխայլովկա, Կարմիր և Կրասնոսելսկ։ 1992 թ.-ին վերանվանվել է Ճամբարակ: Այստեղ են վերաբնակվել Ադրբեջանի տարբեր շրջաններից տեղահանված փախստական հայերը։
1996 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ Ճամբարակը խոշորացվել է 2 անգամ՝ 2017թ.-ին և 2022թ.-ին՝ ընդգրկելով 15 բնակավայր և Ճամբարակ քաղաքը:
1992թ.-ին Ճամբարակը հրետակոծվել է, այն օրերին, երբ Արծվաշենն անցավ ադրբեջանցիների տիրապետության տակ: Ապրելով սահմանամերձ բնակավայրում` ճամբարակցիներն ամեն օր զգում են յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր պահի դժվարություններն ու խնդիրները, սակայն, ինչպես ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, անկախ ամեն ինչից, ճամբարակցին հաստատակամորեն է կանգնած իր հողի վրա: