«Չեմ կարող ասել, թե վաղը ինչ կստացվի, բայց համոզված եմ, որ բոլորս կտեսնենք դրական փոփոխություն՝ մոտեցման և նվիրվածության առումով»․Եղիշե Մելիքյան | Region

«Չեմ կարող ասել, թե վաղը ինչ կստացվի, բայց համոզված եմ, որ բոլորս կտեսնենք դրական փոփոխություն՝ մոտեցման և նվիրվածության առումով»․Եղիշե Մելիքյան

Սեպտեմբեր 05,2025 15:01

«Մենք գործ ունենք լուրջ հավաքականի հետ, ու մեզ համար շատ դժվար է լինելու: Պորտուգալիան եվրոպական մակարդակում լավագույն հավաքականներից մեկն է, բայց այնպես չէ, որ նրանք չունեն թույլ կողմեր: Այո դրանք քիչ են, բայց մենք ունենք մեր պլանը, ու  լաշխատենք փակել իրենց ուժեղ կողմերը, կփորձենք դաշտում մենք էլ մեր հարցերը լուծել»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հյաստանի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ վաղը Պորտուգալիայի հավաքականի հետ կայանալիք խաղից առաջ։

Խոսելով թիմում տիրող մթնոլորտից, ինչպես նաև նոր գլխավոր մարզչի հետ աշխատանքից, հավաքականի առաջատար Էդուարդ Սպերցյանը նշեց, որ մարզիչը բավականին խստապահանջ է, և հավաքի ընթացքում նրանք առավելագույն ջանքերն են ներդրել առաջիկա խաղին լավագույնս պատրաստվելու համար:

Սեփական մարզավիճակի, ինչպես նաև անընդհատ շրջանառվող տրանսֆերների մասին խոսակցությունների վերաբերյալ հարցին ի պատասխան «Կրասնոդարի» կիսապաշտպանն ասաց.«Այս պահին չեմ ցանկանում խոսել տրանսֆերային  թեմայով, կենտրոնացած եմ վաղվա խաղի վրա: Ֆիզիկապես և հոգեպես շատ լավ մարզավիճակում եմ գտնվում, և տա Աստված, որ կարողանամ օգնել նաև իմ հավաքականին»։

Եղիշե Մելիքյանն էլ նշեց, որ հավաքականի ֆուտբոլիստների հետ մի քանի օր աշխատելուց, նրանց կարողություններին ծանոթանալուց հետո ավելի, քան վստահ է՝ «այս տղաների հետ կարելի է ճանապարհ գնալ»:

Վաղվա խաղից ակնկալիքների ու հավաքականի հետ աշխատանքի տպավորությունների մասին էլ մարզիչն ասաց․« Չեմ կարող ասել, թե վաղը ինչ կստացվի, բայց համոզված եմ, որ բոլորս կտեսնենք դրական փոփոխություն՝ մոտեցման և նվիրվածության առումով»։

Հարցին՝ հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանի հեռանալուց հետո, ո՞վ է լինելու թիմի ավագը,  հստակ պատասխան չտվեց.«Սա ամենաբարդ հարցերից մեկն է: Առայժմ աշխատում ենք այդ ուղղությամբ: Մի քանի արժանի թեկնածուներ կան, դրա մասին հստակ կիմանաք վաղը»:

Եղիշե Մելիքյանից լրագրողները հետաքրքրվեցին իր և ֆուտբոլի ֆեդերացիայի հարաբերությունների մասին, սակայն գլխավոր մարզիչը չցանկացավ անդրադառնալ դրան, խոստանալով՝ առաջիկա հանդիպումներից հետո մանրաման քննարկել իրավիճակը:

Նիկոլ Մարգարյան

 

 

Նորություններ