Վերադարձ նախնիներիս երկիրը
Ինչպե՞ս է Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմ քաղաքում ծնված 23-ամյա երիտասարդը հայտնվել Գյումրիում.
Այս հոդվածում ես ընթերցողներին կպատմեմ իմ ընտանիքի պատմությունը և իմ կապը Հայաստանի հետ։
Չնայած ես ծնվել եմ Նոթինգհեմում, Ռոբին Հուդ քաղաքում, որը գտնվում է Անգլիայի սրտում և ճանաչված է հայտնի «Նոթինգհեմ Ֆորեստ» ֆուտբոլային թիմով և աշխարհի ամենահին փաբով, բայց կյանքիս մեծ մասն անցկացրել եմ Իսթ Լիկ կոչվող գյուղում: Դա իմ հայրական պապի ծննդավայրն է և հին անգլո-սաքսոնական ավելի քան 8000 հազար բնակիչ ունեցող գյուղը, որը շրջապատված է ֆերմաներով, գեղեցիկ անտառներով և կանաչ բլուրներով:
Գրում եմ, որ կյանքիս մեծ մասն այնտեղ եմ անցկացրել, քանի որ մեկ ամսականից մինչև չորս տարեկան ես ապրել եմ աֆրիկյան Զիմբաբվե երկրում գտնվող Մուտար քաղաքում, որտեղ ապրում էին իմ ծնողները։ Զիմբաբվեն միայն մորս ծննդավայրն է, նա աֆրիկանացի է (խմբ.՝ Հարավային Աֆրիկայում բնակվող կովկասցի ժողովուրդ, հոլանդական, գերմանական և ֆրանսիական ծագում ունեցող գաղութարարների ժառանգներ), այլ կերպ ասած՝ նա հոլանդացի գաղութարարների ժառանգն է։ Տեղափոխվել է Հարավային Աֆրիկա 17-18-րդ դարերում: Իսկ հայրս Սուդանից է, բայց ինը տարեկանից ապրել է Զիմբաբվեում։
2005 թվականին, Զիմբաբվեում քաղաքական և տնտեսական խնդիրների պատճառով, ես և ծնողներս վերադարձանք Իսթ Լիկ:
Դեռևս պարզ չէ, թե ինչ կապ ունեմ Հայաստանի հետ։ Մինչ այժմ ես կարողացել եմ միայն մի բարդ պատմություն պատմել այն վայրերի մասին, որտեղ ծնվել են իմ ծնողները և որտեղ ես եմ ծնվել: Մի փոքր համբերությամբ զինվեք և ձեզ համար պարզ կդառնան նաև իմ կապը Հայաստանի հետ։
Հայրս կյանքի առաջին տարիներն անցկացրել է Սուդանում, որտեղ ծնողներս ծանոթացել են, սիրահարվել, ամուսնացել ու միասին ապրել։ Հայրական կողմով պապս՝ Ուոլթեր Գրեհեմ Քրոսոնը, զտարյուն անգլիացի է, ծագումով Իսթ Լիք գյուղից: 1956 թվականին տեղափոխվել է Սուդանի մայրաքաղաք Խարտում։ Նրա տեղափոխության նախապատմությունը հետևյալն է. երկու երիտասարդներ, որոնցից մեկը՝ իմ պապը, մյուսը՝ Սեդրակ Կալփակյանը, հանդիպել են անգլիական Լեսթեր քաղաքի տեքստիլ ինստիտուտում, որտեղ Սեդրակը, ով ծնվել և մեծացել է Խարթումում, եկել էր սովորելու։ Ավարտելուց հետո նա վերադառնում է Սուդան, բայց չի մոռանում ընկերոջը՝ պապիկիս։ Մի օր Սեդրակը զանգահարում է պապիս և առաջարկում նրան գնալ Խարթում՝ իր նորաստեղծ կարի ֆաբրիկայում աշխատելու։
Ուոլթեր պապս, արկածների ծարավ մի երիտասարդ, մտածում է՝ «ինչու ոչ» և 1956 թվականին որոշում է և ճակատագրական ճանապարհորդություն սկսում դեպի Սուդան։
Խարթումում գտնվելու ընթացքում՝ Ուոլթեր պապս ծանոթանում է Սեդրակի քրոջ՝ Իզաբելի հետ։ Որոշ ժամանակ անց նրանք ամուսնանում են և ծնվում է՝ հայրս՝ Ջորջ Քրոսոնը։ Նրան անվանակոչում են Ջորջ, քանի որ, իբր, նրա ծնվելուց առաջ նա երազում տեսել է Սուրբ Գևորգին, իսկ Ջորջը՝ Գևորգ անվան անգլերեն տարբերակն է։
Հիմա արժե պատմել, թե ինչպես են Կալպակյանները հասել Սուդան։
Իմ հայ նախնիները գալիս են հնագույն Կայսերիից /Կեսարիա/: Ներկայումս այն գտնվում է ժամանակակից Թուրքիայի կենտրոնում։ Բայց, ինչպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր հայերի, այնպես էլ իմ նախնիների համար, Ցեղասպանության հրեշավոր իրադարձություններից հետո՝ կյանքն ընդմիշտ փոխվեց։
Իմ նախնիներից մի մասին սպանել են թուրքերը, մյուսները մահացել են սովից ու զրկանքներից սիրիական Դեր Զորի անապատում։ Մի մասն էլ, փառք Աստծո, կարողացան ողջ մնալ։ Իմ նախապապը` Հակոբը, ևս հրաշքով է փրկվել թուրքական յաթաղանից և հայտնվել Հունաստանի Աթենք քաղաքում, որտեղ ապրում էին նրա հարազատները։ Ի դեպ, մինչ օրս Աթենքում գործում է Հունաստանից եկած իմ նախնիներից Արտակ Կալփակյանի անունը կրող դպրոցը։
Աթենքում մնալուց հետո Հակոբը տեղափոխվում է Խարտում։ Ինչու՞ Խարտում: Ասում են՝ Հակոբը ընկեր է ունեցել, ում հետ փախել է Կայսերիից։ Ճակատագիրը բաժանել է նրանց, բայց նախապապս, նախքան բաժանվելը խոստացել է ընկերոջը, որ անպայման կգտնի նրան ու կմիանա։ Հետագայում պարզվում է, որ նրա ընկերը բնակություն է հաստատել Խարթումում։ Թեև Հակոբի հարազատները խնդրում են նրան մնալ իրենց մոտ, բայց նա իր խոսքի տեր մարդ էր, և թողնելով Հունաստանը՝ ճանապարհ է ընկնում դեպի Սուդանի մայրաքաղաք։
Իմ մեծ տատիկներից /նախատատերից/ մեկը՝ Անժելը, իր ընտանիքով հայտնվել էր Եգիպտոսում՝ Կահիրեում: Քանի որ այս ընտանիքը նույնպես Կայսերիից էր, հետևաբար, Հակոբի ու Անժելի ծնողները ճանաչում էին միմյանց և պայմանավորվում են իրենց երեխաներին իրար հետ ամուսնացնել։
Հակոբն Անժելին բերում է Խարտում, որտեղ նրանք չորս երեխա են ունենում՝ Սեդրակը, Իզաբելը, Ռիտան և Բեդոն։ Նրանց ավագ դուստրը՝ տատիկս, ըստ իրեն ճանաչողների, գեղեցիկ, աշխատասեր և աստվածապաշտ կին էր։ Բոլորը նրան շատ էին սիրում։
Բայց հետո ողբերգություն է տեղի ունենում․ ծննդաբերության ժամանակ նա երեխայի հետ միասին մահանում է։ Հայրս այդ ժամանակ ընդամենը երկու տարեկան էր։
Այսպիսով, հայրս՝ Ջորջը, մեծանում է առանց մոր, բայց՝ շրջապատված Իզաբել տատիկի ընտանիքի սիրառատ անդամներով, հատկապես մորաքույր Ռիտայով, որը նրա համար երկրորդ մայր էր: Բայց նրանց խաղաղ կյանքը ձգվում է մինչև 1972 թվականի սկիզբը։ Հայրս ընդամենը ինը տարեկան էր, երբ երկիրը մասնատող սարսափելի քաղաքացիական պատերազմն ավելի կատաղի է դառնում։ Արդյունքում, իմ ընտանիքը ստիպված է լինում լքել սիրելի երկիրը։
Ուոլթեր պապիկիս այնքան էր դուր եկել կյանքը Աֆրիկայում, որ նա որոշում է որդու հետ տեղափոխվել Մուտար, Ռոդեզիա (նախկին անունը Զիմբաբվե), իսկ Կալպակյանները, ավելի շատ կայունություն ցանկանալով, հայացքն ուղղում են դեպի Արևմուտք, և 1973 թվականին տեղափոխվում են Կանադա՝ Վանկուվեր։ Այսպիսով, հայրս՝ Ջորջը, հրաժեշտ է տալիս իր հայ բարեկամներին և շատ առումներով՝ իր կյանքի վրա հայկական մշակույթի ազդեցությանը:
Իր կյանքի վերջին տարիներին հայրս հազվադեպ էր տեսնում իր հայ ազգականներին՝ այդ երկրների (Զիմբաբվե, Մեծ Բրիտանիա) և Կանադայի միջև եղած ահռելի հեռավորության պատճառով, մանավանդ որ ո՛չ Զիմբաբվեում, ո՛չ Արևելքում հայկական համայնք չկար։
Այսպիսով, կարելի է ասել, որ հայրս կորցնում է կապն իր էթնիկ ծագումնաբանական արմատների հետ: Նա երբեք չի եղել Հայաստանում և վատ է խոսում հայերեն, քանի որ հազվադեպ է օգտագործում հայոց լեզուն: Ինձ թվում է՝ նա այնքան ծանր է ապրել մոր մահը, որ նրա համար շատ ցավալի թեմա էր հայկական արմատները բացահայտելը։
Հորս՝ հայկական մշակույթի հետ կապի բացակայությունն, անշուշտ, թափանցել է իմ կյանք: Ես մեծացել եմ առանց որևէ բան իմանալու իմ հայկական արմատների մասին: Հայրս, պապս և ես տանը շատ հազվադեպ էինք հայկական թեմաներ քննարկում, և ինձ ոչ ոք չէր կարողանում հայերեն սովորեցնել։
Ինչպես հայրս՝ Ջորջը, ես ևս ծանոթացա հայկական մշակույթին, լեզվին և կյանքին, երբ արձակուրդներին ծնողներիս հետ գնացինք Վանկուվեր: Մինչ այդ, ես գրեթե ոչինչ չգիտեի ժամանակակից Հայաստանի մասին։
Դպրոցն ավարտելուց հետո միայն Վանկուվեր կատարած ճամփորդության ժամանակ սկսեցի ավելի շատ հետաքրքրվել Հայաստանով և իմ արմատներով։ Մի կիրակի հայրիկիս զարմիկի՝ Իզաբելի (նրա կրում է տատիկիս անունը) հետ գնացինք հայկական եկեղեցի։ Պատարագից հետո ներկա գտնվեցինք «Դեպի Հայք» կազմակերպության կողմից անցկացվող միջոցառմանը։ Կազմակերպության հիմնադիր Էդիլ Հովնանյանն իր ելույթում ներկայացրեց, թե ինչ է «Դեպի Հայք»-ը։
Այնտեղ ես իմացա այս հիանալի նախաձեռնության մասին, որը հայկական արմատներ ունեցողներին տալիս է «կամավորական պրակտիկայի հնարավորություններ» Հայաստանում՝ մի շարք մասնագիտական ոլորտներում: Ինձ անմիջապես հետաքրքրեց. այսպիսի լավ հնարավորություն աշխատանքային փորձ ձեռք բերելու, ավելին իմանալու պատմությամբ և մշակույթով հարուստ հնագույն երկրի մասին և, վերջապես, բացահայտելու իմ էթնիկ ծագման մասին որոշ բաներ:
Այդ ժամանակ ես որոշեցի, որ համալսարանն ավարտելուց անմիջապես հետո կգնամ Հայաստան՝ մասնակցելու այս յուրահատուկ ու հրաշալի ծրագրին։ Ինչպես ժամանակին Ուոլթեր պապիս, հիմա էլ ինձ մոտ ցանկություն առաջացավ աշխարհը բացահայտելու համար որոշ ժամանակով հեռանալ մեր երկրից։
Բիրմինգհեմի համալսարանի բանասիրական ֆակուլտետում ուսանելու 4 տարիները, որտեղ սովորում էի ֆրանսերեն և ռուսերեն, շատ արագ թռան և հիմա ես հայտնվել եմ Գյումրիում: Ես Հայաստան եմ ժամանել այս տարվա օգոստոսի սկզբին և չորս ամիս այստեղ եմ լինելու։ Մեկ ամիս կանցկացնեմ Գյումրիում՝ զգալու հայկական կյանքը մայրաքաղաքից դուրս, իսկ հետո մինչև դեկտեմբեր կլինեմ Երևանում։ Հայաստանում գտնվելու ընթացքում պրակտիկա եմ անցնում լրագրության ոլորտում։
Քանի դեռ այստեղ եմ, ուզում եմ ավելին իմանալ իմ պատմության և մշակույթի մասին, սովորել լեզուն, վերամիավորվել իմ արմատների հետ և նպաստել շատ կարևոր մասնագիտական ոլորտի զարգացմանը:
Վերջապես, հուսով եմ, որ Իզաբել տատիկը հպարտանում է ինձնով՝ մեր նախնիների երկիրը վերադառնալու համար: Այս հոդվածը նվիրված է նրան։