«Ադրբեջանա-թուրքական պահանջը հենց նախաբանում փոփոխության մասին է, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին». Մելոյան | Region

«Ադրբեջանա-թուրքական պահանջը հենց նախաբանում փոփոխության մասին է, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին». Մելոյան

Սեպտեմբեր 26,2024 19:00

Սահմանադրական դատարանը քննության է առել հայ-ադրբեջանական հանձնաժողովների հաստատած կանոնակարգը, որը հաստատվել էր օգոստոսի 30-ին, մինչդեռ սահմանազատումը գետնի վրա սկսվել է դեռ ապրիլին՝ Տավուշից: Սահմանադրագետ Գոհար Մելոյանի խոսքով՝ այս առումով լուրջ արձանագրումների ակնկալիք չկա ՍԴ-ի գործող կազմից, վերջին փոփոխություններով իշխանությունը բարձր դատարանը համալրել է յուրայիններով:

«Մենք անորոշությամբ, անգիտությամբ, անհասկանալի պատրաստակամությաւմբ տարածքային կորուստների ենք գնում, որն արդեն իսկ հակասահմանադրական է»,-REGIONSTV-ի հետ զրույցում նշեց մասնագետը:

Չեն փոխվել նաև Բաքվի պահանջները՝ այդ թվում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին: Մելոյանն հիշեցնում է՝ այս իշխանության  օրակարգում երբեք չի եղել նոր Սահմանադրության ընդունման խոսույթը, առաջին անգամ Նիկոլ Փաշինյանն այս տարվա փետրվարին է խոսել այդ մասին, ինչը Բաքվի ուղիղ պահանջն է:

«Որն է տարբերությունը նոր Սահմանադրության և սահմանադրական փոփոխությունների, եթե փոփոխությունների պարագայում իրենք կաշկանդված են նախաբանում և անփոփոխելի հոդվածներում փոփոխություններ կատարելու հարցում, ամբողջական փոփոխությունը ենթադրում է փոփոխություն հենց նշված տեղերում: Ադրբեջանա-թուրքական պահանջը հենց նախաբանում փոփոխության մասին է, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին դրույթներ է պարունակում Արցախի հարցի մասին, Ցեղասպանության պահանջի մասին»,- հիշեցնում է սահմանադրագետը:

«Անկախության  հռչակագիրը մեր պետությաւն կայացման հիմքերից է, և այն կասկածի տակ դնելը լրջագույն հարված է մեր պետության իրավական հիմքերին, եթե մենք այդ ուղղությամբ գնանք, Ադրբեջանը հաջորդ քայլով արդեն բարձրացնելու  է Հայաստանի՝ որպես պետության գոյությաւն հարցը»,-նշեց Գոհար Մելոյանը:

 

 

 

Նորություններ