«Գաղութային վարչակազմը կողմնակից և ընդունակ է սոսկ մի բանի՝ հնարավորինս երկար մակաբուծել Հայոց պետության մարմնի վրա» | Region

«Գաղութային վարչակազմը կողմնակից և ընդունակ է սոսկ մի բանի՝ հնարավորինս երկար մակաբուծել Հայոց պետության մարմնի վրա»

Սեպտեմբեր 09,2016 11:39

ԳԱԼԱ-ի հարցազրույցն արցախաբնակ քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ:

— Պարոն Քանանյան, օրերս հայությունը նշեց Արցախի անկախության 25-ամյակը: Դուք ընդհանրապես այն քաղաքական գործիչներից եք, որ ավելորդ եք համարում խոսել Արցախի անկախության մասին, հակառակը՝ Արցախ—Հայաստան միասնության կողմնակից եք: Եվ գտնում եք, որ Արցախի «անկախության ճանաչումը» հանրորեն մերժելի պետք է դառնա: Կբացատրեք՝ ինչո՞ւ:

— Զարմանալի է, որ մեր հռչակագրորեն ինքնիշխան պետական գոյության քառորդ դարի ընթացքում մենք հակառակ հարց չենք տալիս, թե ինչպե՞ս հնարավոր եղավ այսքան ժամանակ մնալ զավեշտալի ու անհեթեթ քաղաքական առասպելաբանությունների և միանգամայն կեղծ արտաքին քաղաքական օրակարգերի զոհը։ Նկատի ունեմ միմյանց փոխշաղկապված Ցեղասպանության և Արցախի «անկախության» միջազգային ճանաչման օրակարգերը։

Անդրադառնանք երկրորդին։ Արցախյան շարժումն ի սկզբանե ուներ ընդամենը մեկ նպատակ՝ միացում։ 1989 թ. դեկտեմբերի 1-ին միացումը ներհայաստանյան օրենսդրության տեսանկյունից դարձել էր կատարված իրողություն՝ ի հեճուկս փլուզվող ԽՍՀՄ միութենական կենտրոնի արտահայտած մերժողական դիրքորոշման։ 1990 թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրում, որն ընկած է անկախ Հայաստանի բոլոր սահմանադրությունների հիմքում, Արցախի հայությունը մնացյալ Հայաստանի բնակչության հետ միասին հանդես է եկել որպես Հայոց անկախ և ինքնիշխան պետականության հիմնադիր։ Արցախից ընտրված ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավորները լիարժեք և իրավահավասար կարգավիճակով մասնակցում էին Հայաստանի ներքին քաղաքական կյանքին և օրենսդիր գործունեությանը։

Սակայն արդեն 1991 թ. տեղի է ունեցել «անսպասելի» շրջադարձ. պաշտոնական Երևանը որոշել է հրաժարվել դե-ֆակտո և ներհայաստանյան օրենսդրությամբ դե-յուրե կայացած միացումից և Արցախի ղեկավարությանը «համոզել», այսինքն՝ պարտադրել է տրամագծորեն փոխել քաղաքական դիրքորոշումն ու ընթանալ առանձին «հանրապետություն» և ապա վերջինիս անկախություն հռչակելու ճանապարհով։ Այս քայլն արդարացնելու համար լայն շրջանառության մեջ է դրվել դիվանագիտական «հանճարեղ» խաղի առասպելաբանությունը, թե իբր դրանով Հայաստանը խուսափում էր միջազգային ասպարեզում «տարածքային վեճ» հրահրող և «ագրեսոր» պետություն դիտվելուց։ Մեկ բան, սակայն, միանգամայն ակնհայտ է. Արցախի՝ Հայաստանից «անկախացման» պատճառն իրականում ավելի «պրոզայիկ» էր.

պաշտոնական Երևանն՝ ի դեմս խիստ «զգուշավոր» առաջին նախագահի, սկսվող Արցախյան առաջին պատերազմին ընդառաջ ամեն կերպ ջանում էր վայր դնել և իրենից հեռացնել հիմնախնդրի համար ռազմական և արտաքին քաղաքական պատասխանատվությունը։

Միաժամանակ, ԽՍՀՄ «վերահսկելի կազմաքանդման» և ԱՊՀ ձևաչափի ստեղծման հեղինակներից Բ. Ելցինը և տարածքային վեճերից ծագած վայրիվերումներից խուսափել ձգտող համաշխարհային ուժի կենտրոնները հակված էին ճանաչել միութենական հանրապետությունների նախկին վարչական սահմանները՝ որպես նոր պետական սահմաններ։ Պաշտոնական Երևանն այս անգամ ևս Ելցինին հաճոյանալու և իր պետաիրավական պատասխանատվության գոտուն Արցախի չպատկանելը նոր քաղաքական ակտով հռչակագրելու համար 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի ԱՊՀ գագաթնաժողովում ճանաչել է այդ կազմակերպությանը միացած բոլոր երկրների, այդ թվում և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Եթե փորձենք հասկանալ, թե ինչ է շահել Հայաստանն Արցախի մարզի «անկախության» թատրոնի անարհեստավարժ բեմադրումից, ապա անկեղծորեն ստիպված կլինենք խոստովանել, որ տառացիորեն ոչինչ չի շահել։ Արցախի անկախության թատրոնը ոչ մի միջազգային դերակատար, բնականաբար, լուրջ չի ընդունել։ Ավելին՝ արևմտյան աշխարհաքաղաքական բևեռի քաղաքականությունն իրավական հարթությունում սպասարկող վերպետական «տիպային» կառույցներից մեկը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, 2015 թ. հունիսի 16-ի վճռով ևս մեկ անգամ պատշաճ իրավաբանական ձևակերպմամբ հաստատել է, որ Արցախի ներկայիս ողջ տարածքում տեղի ունեցող բոլոր գործընթացների պատասխանատու է ճանաչում Հայաստանի Հանրապետությանը։

Արցախի՝ Հայաստանից «անկախության» թատրոնին ներքին ագրեսիվ քարոզչության ազդեցությամբ թյուրիմացաբար հավատացել է միայն հայաստանյան և սփյուռքյան հայ հասարակությունը։ Իբր «արտաքին օգտագործման» համար նախատեսված «անկախության» բեմադրումը լրջորեն ընկալվել և բազմաթիվ ավերներ է գործել միայն ներհայաստանյան քաղաքական և հանրային կյանքում։ Կարճ լինելու համար՝ «անկախության» ճանաչման կեղծ օրակարգի ջատագովներին ընդամենը մի քանի հարց ուղղենք.

Ո՞ր սահմաններում է ճանաչվելու Արցախի «անկախությունը»։ Հուսալ, որ այն ճանաչվելու է ներկա սահմաններում (կամ՝ առանց սահմանների հստակեցման), լուրջ միամտություն է։ Միջազգային իրավունքը գերազանցապես նախադեպային է. ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին վիճահարույց ինքնավարությունների (ի դեպ՝ միայն մասնակի) ճանաչումներն ընթացել են բացառապես «ճանաչվող» պետական միավորների նախկին վարչական սահմանների շրջանակում՝ Կոսովո, Աբխազիա, Հարավային Օսիա։ Արցախի համար «ճանաչման» գինը հարկավ ներառելու է տարածքներ հանձնելու բաղադրիչը։ Միայն ԼՂԻՄ սահմաններում հնարավոր «անկախության» մասնակի ճանաչումն էապես բարդացնելու է «ճանաչված» սահմաններից դուրս հայտնվելիք Արցախի տարածքի 2/3 հատվածի պահպանումը։

Կա սահմանների խնդրին սերտորեն առնչվող այլ հարց ևս՝ ինքնորոշման իրավունքի վկայակոչումը։ Ինչ էլ խոսվի նախկին «ադրբեջանահայության»՝ Ադրբեջանից տարածքային տեսքով փոխհատուցում ստանալու ենթադրյալ իրավունքի մասին, փաստն այն է, որ ներկայիս Արցախի մեծագույն մասի օտար բնակչությունը 1988-1991 թթ. չէր ինքնորոշվել Հայաստանին միավորվելու օգտին և 1991-1993 թթ. անկախ Ադրբեջանի «մաս» է կազմել։ Ինքնորոշման իրավունքի վկայակոչումն՝ անկախ Հայաստանին միավորվելու կամ անկախություն հռչակելու տարբերակներից՝ միանգամայն խախուտ իրավական հիմքեր է ապահովում Արցախի ներկայիս տարածքի վրա հայկական վերահսկողությունը հիմնավորելու համար։ Այն առավել ևս անպիտան է Ադրբեջանի նոր ագրեսիային ի պատասխան ազատագրվելիք տարածքների հայաստանապատկանությունն իրավական հավակնության տեսքով ձևակերպելու համար։ Ուստի՝ տարածքային վեճի հայեցակարգը մեր պարագայում այլընտրանք չունի։ Հիշյալ մոտեցման հիմքում պետք է դրվի ցեղասպանության հետևանքների վերացման հայեցակարգը։ Ի վերջո, Հայաստանի թուրք-խորհրդային ապօրինի բաժանումը, խորհրդային Մոսկվայի վերահսկողության ներքո հայտնված Հայաստանի տարածքների մեծ մասը հարևան հանրապետություններին կամայականորեն կցելու և դրանք հայաթափելու հանգամանքն իրավական տեսանկյունից բավարար հռչակագրային հիմք է՝ Կուր գետով ՀՀ պետական սահմանը հաստատելու համար։

Լիովին անհիմն է նաև այն պնդումը, թե ԼՂՀ միջազգային ճանաչումն ապահովելու է անվտանգության հավելյալ երաշխիքներ։ Նախ կրկնենք, որ իրական միջազգային ճանաչում՝ ՄԱԿ-ում անդամակցությամբ հանդերձ, երբեք չի լինելու, իսկ թեականորեն ենթադրվող մասնակի (մեկ կամ մի քանի պետության կողմից՝ առանց ՄԱԿ անդամակցության) ճանաչումն անխուսափելիորեն կունենա այնպիսի գին, որն ինքնին զրոյացնելու է անվտանգության բոլոր իրական երաշխիքները, ինչպիսիք են՝ վերահսկվող ներկայիս տարածքի ամբողջականությունը, Արցախում բացառապես յուրային զինված ուժերի ներկայությունը և այլն։

Անկախության ճանաչման ջատագովներն անտեղյա՞կ են, որ համաշխարհային ուժի որևէ կենտրոնի կողմից նախկին ինքնավարությունների մասնակի ճանաչումը, որպես կանոն, ուղեկցվում էր պաշտոնապես կամ առնվազն լռելյայն արձանագրվող՝ այլ պետությունների հետ չմիավորվելու նախապայմանով։ Կարծել, որ Արցախի «անկախության» ճանաչումից հետո Արցախը «հաջորդ իսկ օրը», այսինքն՝ ճանաչումից հետո կարճ կամ միջնաժամկետ ժամանակահատվածում միավորվելու է Հայաստանին, նույնպես միամտություն է՝ չարաչար միամտություն։ Համաշխարհային ազդեցիկ ուժի կողմից «անկախ» ճանաչված Արցախի մարզային քաղաքական վերնախավը ոգևորիչ գլխապտույտ է ապրելու՝ առանձին քաղաքական համակարգ դառնալու բացվելիք ցնորային հեռանկարից։ Հատկապես, որ դրանով անտարակույս մեծապես շահագրգռված կլինի Արցախը ճանաչելու քայլին դիմած տերությունը։ Ուստի՝ Արցախի անկախության ճանաչումը նպաստելու է ոչ թե տարածաշրջանում հայության ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը, այլ ներազգային ավելի խորն ու վտանգավոր մակարդակի պառակտմանը, Արցախում առանձին կենտրոնախույս քաղաքական վերնախավի ձևավորմանը, Հայաստանի հետ վերամիավորման հեռանկարի համակարգային տապալմանը, անվտանգության մակարդակի նվազմանը, տարածքային կորուստների սպառնալիքի շեշտակի աճին և, որպես հետևանք, շահագրգիռ այլ պետությունների «խաղաղարար» զորամիավորումների ռազմակալող ներթափանցմանը։

Արցախի անկախության ճանաչման հայեցակարգի ջատագովները պատրա՞ստ են ստանձնել Հայաստան-Արցախ ներազգային պետական պառակտման, ուստի և Հայոց պետականության վերահաս կործանման բարոյական, քաղաքական և պատմական պատասխանատվությունը։ Հայաստանը գտնվում է աշխարհագրական այնպիսի միջավայրում, որտեղ Սերբիա-Չեռնոգորիա, Գերմանիա-Ավստրիա, Ռումինիա-Մոլդովա օրինակով էթնոտրոհման նմանակումը հայության համար հղի է անվտանգության միջավայրի և պատմական հեռանկարի անվերականգնելի տապալմամբ։

-Պարոն Քանանյան, թերևս շատ խիստ եք դատում։ Չէ՞ որ Արցախի անկախության մոդելը Հայաստանի դիվանագիտության կողմից որդեգրվել է տարածքային վեճ հրահրող ագրեսոր պետության կարգավիճակում չհայտնվելու և Արցախի հայության ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչել տալու համար։ Այսօր աշխարհն անհանդուրժող է տարածքային հավակնություններ ներկայացնող պետությունների նկատմամբ։ Արցախի՝ այն էլ ներկա սահմաններով միացումն ավտոմատ չի՞ հանգեցնելու Հայաստանի միջազգային մեկուսացմանը, կործանարար պատժամիջոցներին, բանակցային գործընթացի դադարեցմանը և անխուսափելի նոր պատերազմին։

— Ոչ, խիստ չեմ դատում. իրերն ու երևույթները գնահատում եմ ըստ էության և առանց անհարկի մեղմասացությունների։ Հայաստանում քաղաքական ցնորքներով և կեղծ օրակարգերով առաջնորդվելը սպառնում է հայության վերահաս պետական ու ֆիզիկական կործանմամբ։

Կարծել, որ ըստ տարածված պատկերացումների՝ Ադրբեջանի «միջազգայնորեն ճանաչված» տարածքի «20%-ը բռնազավթած» Հայաստանը միջազգային համընդհանուր դատապարտության, կործանարար պատժամիջոցների կամ մեկուսացման չի ենթարկվել ազգերի ինքնորոշման իրավունքի իրացմամբ ԼՂՀ անկախությունն ինքնահռչակագրելու շնորհիվ, պարզապես անլուրջ է։

Իրականությունը բոլորովին այլ է։ Անխտիր բոլոր միջազգային դերակատարները գիտեն, որ Արցախի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է տարածքային վեճ։ Բոլորին հայտնի է, որ Արցախը դե-ֆակտո հատուկ կարգավիճակով Հայաստանի Հանրապետության մարզ է։ Միաժամանակ, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում և հարակից տարածաշրջանում («Հարավային Կովկաս») համաշխարհային ուժի կենտրոններից և հարևան տարածաշրջանային տերություններից ոչ մեկն այլոց նկատմամբ չունի բացարձակ ռազմաքաղաքական գերակայություն՝ հայ-թուրքական հակամարտության հայ-ադրբեջանական բաղադրիչի սեփական հայեցողությամբ «հանգուցալուծումը» կամ ընթացիկ միակողմանի «տնօրինումն» ապահովելու համար։ Փոխադարձաբար ինքնազսպվող հակադիր շահերի հարատև խաչաձևումը Հայաստանի համար բացառիկ դրական մեկնարկային հնարավորություններ է ստեղծում՝ արտաքին քաղաքական սուբյեկտության հայտ ներկայացնելու և ազգային պետականակերտման ու ցեղասպանության հետևանքների փուլային վերացման քաղաքականությունը վարելու համար։

Հայաստանի վերահսկողությունն Արցախի ներկայիս տարածքի նկատմամբ գործնականում վաղուց մարսված կլիներ, եթե ազատագրված տարածքի բնակֆոնդն ու բոլոր ենթակառուցվածքները Երևանի ուղիղ հրամանով ոչնչացվելու փոխարեն օգտագործվեին 90-ականների սկզբներին Հայաստանում ապաստանած հարյուր հազարավոր փախստականների ու երկրաշարժի պատճառով անտուն մնացած քաղաքացիների վերաբնակեցման համար։ Մյուս կողմից, պարզ չէ՞, որ սեփական նախաձեռնությամբ Արցախի ներկայիս տարածքի 2/3-րդը հիմնավեր հրկիզած պաշտոնական Երևանի անսկզբունք կեցվածքը միջազգային դերակատարներին դնում է մի վիճակում, երբ նրանցից յուրաքանչյուր ոք ձգտում է առավելագույն օգուտ քաղել անընդհատ խոստացվող տարածքային զիջումներից։ Անգամ կասկածելի հանգամանքներում սկսված ապրիլյան պատերազմը չի օգտագործվել տարածք հանձնելու օրակարգը բանակցային գործընթացից արտամղելու համար։

Ո՞րն է ելքը։ Ելքը մեկն է՝ համակարգորեն նպաստել երկրի ապագաղութացմանը և ինքնիշխանության վերականգնմանը։ Հայաստանում ազգային-պետական իշխանության հաստատումից անմիջապես հետո լռելյայն վերացվելու են Արցախը Հայաստանի Հանրապետության մնացած մասից տարանջատող սակավաթիվ ներքին ապօրինի ակտեր։ «ԼՂՀ նախագահի» նոր ընտրության փոխարեն Արցախի տարածքում ձևավորվելու են ՀՀ չորս նոր մարզեր. Վարանդա՝ մարզկենտրոն ք. Շուշի, Դիզակ՝ մարզկենտրոն ք. Գետահատ (Հադրութ անվանումը բնիկ Գետահատ տեղանվան պարսկերեն թարգմանությունն է), Խաչեն՝ մարզկենտրոն ք. Հաթերք և Քաշաթաղ՝ մարզկենտրոն ք. Բերձոր։ Այս մարզերում համապատասխանաբար նշանակվելու են (կամ ազգային նոր սահմանադրությամբ՝ ընտրվելու են) նոր մարզպետներ։ Վերականգնվելու է 1995 թվականից ի վեր արցախաբնակ ՀՀ քաղաքացիների՝ համապետական ընտրությունների միջոցով երկրի բարձրագույն իշխանությունը ձևավորելու կոպտորեն ոտնահարված հիմնարար սահմանադրական իրավունքը։ Այս բոլոր քայլերը պետք է կատարվեն առանց նվազագույն իսկ ցուցադրականության կամ հռչակագրային պերճությունների։ Ստորագրվելու է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին նոր օրենք և վե՛րջ…

-Իսկ միջազգային հանրության արձագա՞նքը։

-Լինելու է աղմուկ, ցուցադրական դժգոհության դրսևորումներ, լուրջ ջղաձգումներ Բաքվում և Անկարայում, թերևս որոշակի լարվածության աճ շփման գծում։ Զուգահեռաբար տեղի կունենա Հայաստանի տարածաշրջանային դերի վերագնահատում և հեղինակության աճ։ Ընդ որում՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու բանակցային գործընթացը վերջապես կբերվեն իրականության՝ ազգային անվտանգության հիմնարար հրամայականների և առկա անվերափոխելի իրողությունների դաշտ։ Աղմուկը հետզհետե կմարի, իսկ մեր տարածաշրջանային դիրքերը միանգամայն կամրապնդվեն։

-Միջազգային հանրությունն Արցախի միացումը չի ճանաչի…

-Բայց չէ՞ որ Արցախի անկախությունն էլ չի ճանաչել… Եվ այն երբեք չի ճանաչի Հայաստանի համար շահեկան տարբերակով (այն սկզբունքորեն անհնարին է)։ Մինչդեռ միացումն, ի զարմանս առասպելաբանություններով տարված և իրողություններին անհաղորդ տարակուսյալների, այս խնդիրն ըստ էության կլուծի։

-Ինչպե՞ս։

-Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն լիովին ճանաչված պետություն է, նաև՝ ՄԱԿ անդամ։ Հայաստանն ունի անկախ ինքնիշխան պետության միջազգայնորեն ճանաչված տիտղոս։ Տարբեր երկրներ կարող են սեփական պատկերացումներ ունենալ Հայաստանի տարածքային տարողության վերաբերյալ։ Շատերը, ինչպես օրինակ, Մեծ Բրիտանիան, ՀՀ անկախությունը ճանաչելիս կարող են հատուկ նշել, որ Արցախը Հայաստանի մաս չեն համարում։ Հետո ի՞նչ։ Օրինակ՝ Գոլանի բարձունքների իսրայելապատկանությունը, Քաշմիրի հյուսիսային հատվածի պակիստանապատկանությունը և այլ նմանատիպ նախադեպեր համընդհանուր կերպով կամ առհասարակ միջազգայնորեն դեռ «ճանաչված» չեն։ Բայց չէ՞ որ յուրաքանչյուր երկրում գերակա է ներքին ազգային օրենսդրությունը։ Որևիցե ընկերություն, այն պահից, երբ ոտք է դնելու Հայաստան, հարկավ ստիպված է լինելու առաջնորդվել ներհայաստանյան օրենսդրությամբ, որի համաձայն Արցախը Հայաստանի ինքնիշխան տարածքի մասն է։ Այսօր էլ օտարերկրյա դեսպանատները մասնակիորեն և լռելյայն ճանաչում են այս իրողությունը՝ ընդունելով Արցախի բնակչության ՀՀ քաղաքացի լինելու իրավական իրողությունը։ Ասենք, բջջային կապի օպերատորը, մուտք գործելով Հայաստան, չի կարողանա հրաժարվել ապահովել իր ծառայություններն այն տարածքում, որը ներհայաստանյան իրավունքի տեսանկյունից հռչակված է պետության ինքնիշխան տարածքի մաս։

-Այսինքն, մենք ընդմիշտ պետք է մոռանա՞նք Արցախի հայաստանապատկանությունը կամ անկախությունը միջազգայնորեն ճանաչված տեսնելու հնարավորությունը։

-Իհարկե, ո՛չ։ Մոտակա մեկ-երկու տասնամյակների ընթացքում աշխարհում կուտակվելու են միջազգային իրավունքի արդի խմբագրությանը չհամապատասխանող այնքան փաստացի «շեղումներ»՝ տարածքային վերաձևումներ, նախկին պետությունների տրոհումներ և այլն, որ դրանց ճանաչումն ինքնին անխուսափելի է դառնալու։ Միջազգային իրավունքն իր բնույթով ու գործառույթներով հարկավ պետք է պահպանողական լինի, բայց այն ևս որոշակի փուլում վերահամապատասխանեցվելու է համաշխարհային զարգացումներից առաջացած ճգնաժամային քանակի ու որակի նոր իրողություններին։ Ի վերջո, «միջազգային իրավունքը» թե՛ պատմական կտրվածքով և թե՛ ներկա «ինստիտուցիոնալիզված» կարգավիճակով խիստ հարաբերական և հակասական, հիմնականում նախադեպային, բոլոր մակարդակների ընթացիկ ռազմաքաղաքական լուծումներն ըստ գերակա կողմի/կողմերի/ կոնյուկտուրային նպատակահարմարության կարգավորող անկայուն համակարգ է: «Միջազգային իրավունքի» բազմազան, գործնականում միմյանց ըստ էության հակասող և նպատակահարմարային կամայականությամբ մեկնաբանվող ու պարտադրվող դրույթներն ընդամենը սահմանում են խաղի կանոնների մոտավոր շրջանակ: Պետությունների կամ աշխարհաքաղաքական բևեռների մրցակցային դիմակայության ընթացիկ դրսևորումներն ու արդյունքները պատճառաբանվում, արդարացվում և հաստատագրվում են ըստ «միջազգային իրավունքի» ընձեռած «հնարավորությունների պատուհանի». յուրաքանչյուր երկիր յուրաքանչյուր դեպքում դա անում է ըստ ունեցած փաստացի կշռի և հարակից տարատեսակ հանգամանքների նպաստավորության:

Ի դեպ, 1991 թ. Հայաստանը Արցախի միացումը որպես պետաիրավական իրականություն հրապարակավ պահպանելու դեպքում կձևավորեր ուրույն միջազգային նախադեպ։ Հազար ափսո՜ս, որ Երրորդ Հանրապետության իշխանություններն այդ սկզբունքայնությունն ու համարձակությունը չէին ունեցել…

—Որոշ քաղաքական գործիչներ և քաղաքագետներ գտնում էին, որ հատկապես ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ իշխանությունները չունեցան համարձակություն ճանաչելու ԼՂ անկախությունը, ինչն, ըստ նրանց, կարևոր էր այն տեսակետից, որ Արցախը որպես ինքնուրույն միավոր կմասնակցեր բանակցություններին, կդառնար բանակցային սեղանի լիիրավ անդամ: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

— Միջազգային դերակատարները երբեք թույլ չեն տալու, որ իրենց «հիմարի տեղ» դնեն՝ բանակցային գործընթացում գոյություն չունեցող «երկրորդ» հայկական կողմի մասնակցությունն արտոնելու համար։ Հերթական՝ լիովին կեղծ օրակարգ…

— Հայաստանի իշխանությունները ոչ այնքան Արցախի անկախության ճանաչման և ոչ էլ միացման կողմնակից են: Ի՞նչ դիրքորոշում է որդեգրում պաշտոնական Երևանը և ինչո՞ւ:

— Հայաստանի ներկայիս գաղութային վարչակազմը կողմնակից և ընդունակ է սոսկ մի բանի՝ հնարավորինս երկար մակաբուծել Հայոց պետության մարմնի վրա՝ հանուն սեփական նյութական հարստացման։ Այլ շահ, նպատակ կամ իրական հետաքրքրություն այդ մարդիկ չունեն։ Իրենց բնութագրելու համար ստիպված եղա նոր եզրույթ-ածական հորինել՝ ապապետական։ Նրանք ուղիղ իմաստով հակապետական էլ չեն, այլ՝ պետության և ազգի շահին ու առաջնահերթություններին կատարելապես անհաղորդ ապապետական մակաբույծ զանգված։ Որքան շուտ դա հասկանան վերջին տարակուսողներն, այնքան լավ։ Պարզ չէ՞, որ շահամոլ մակաբուծումից դուրս որևէ սկզբունք չունեցող չիշխանությունը պետք է առավելագույնս անողնաշար քաղաքականություն վարի նաև արցախյան հիմնախնդրին առնչվող ոլորտում։ Նրանք ձգտելու են ընթանալ արտաքին ուժի կենտրոններին կրավորաբար հաճոյանալու՝ հայանպաստ որևէ դիրքորոշում կամ նախաձեռնողականություն բացառող ճանապարհով։ Երրորդ Հանրապետության ուղիղ վարչագաղափարական ժառանգականությամբ միմյանցից ածանցված իշխանական համակարգից ինքնիշխան պետականակերտմանը և ցեղասպանությամբ ոտնահարված ազգային-պետական իրավունքների վերականգնմանը միտված որևէ քայլ ակնկալելը կատարյալ կամ շահամոլ միամտություն է։ Ինքնիշխան և իրավական պետություն կերտելու նախադրյալներն ի հայտ կգան միայն համակարգային իշխանափոխությունից, ապագաղութացման գործընթացի մեկնարկից և երկրում ազգային-պետական իշխանության հաստատումից հետո։

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ