«Այդ գործողությունը որոշակի առումով ուղղված է այն միության դեմ, որի կազմում են Հայաստանը եւ Ռուսաստանը». Ա. Ատաեւ
ԳԱԼԱ-ի հարցազրույցը Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի Կովկասյան ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Արթուր Ատաեւի հետ:
— Պարոն Ատաեւ, ի՞նչ եք կարծում, որն է ԼՂՀ-ում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման պատճառը:
— Այս գործողությունն ունի մի քանի նախադրյալ: Առաջին` դա Թուրքիայի քաղաքականությունն է. փաստացի դա միակ երկիրն է, որը նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարարի մակարդակով աջակցում է Ադրբեջանին: Երկրորդ` դա այն է, որ տվյալ գործողությունը որոշակի առումով ուղղված է այն միության դեմ, որի կազմում են Հայաստանը եւ Ռուսաստանը: Երրորդ` դա սանկցիոն քաղաքականություն է, որն ընդհանուր առմամբ իրագործվում է եվրասիական մայրցամաքում:
— Դուք նշեցիք, որ այդ գործողությունն ուղղված է Ռուսաստանի եւ Հայաստանի միության դեմ, այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը չի աջակցում Հայաստանին:
— Իմ կարծիքով Ռուսաստանի քաղաքական իշխանության գործողությունը լիովին բացատրելի է: Ինչո՞ւ չկա այդպիսի միանշանակ հռետորաբանություն եւ աջակցություն, ինչպիսին ասենք Թուրքիայինն է Ադրբեջանի հարցում: Այսօրվա դրությամբ կա սփյուռքի գործոնը` առանցքայիններից մեկը: Ռուսաստանում բնակվում են մեծաթիվ հայեր, սակայն դրա հետ մեկտեղ ապրում են շատ ադրբեջանցիներ: Երկրորդ` եթե Թուրքիան`սադրանք նախաձեռնելով, պատրաստ էր ռազմական գործողություններին եւ ժամանակին արձագանքեց դրանց, ապա Ռուսաստանի, Հայաստանի եւ ԵԱՀԿ ձեւաչափում ընդգրկված մյուս պետությունների համար այս ամենն անսպասելի էր: Որոշակի իմաստով ապակողմնորոշվածություն եղավ, այսինքն ապակողմնորոշվածություն անվանելը դժվար է, բայց այն նկատվեց նաեւ պաշտպանության նախարար Շոյգուի մոտ: Հիշեցնեմ` նախ հետեւեց Ռուսաստանի պաշտպանության նախարարի արձագանքը, այնուհետ միայն ՌԴ ԱԳ նախարարի եւ ՌԴ նախագահի: Դա իրադարձությունների ծայրահեղ անսպասելի շրջադարձ էր, այդ պատճառով այժմ ակտիվ խորհրդակցություններ են ընթանում: Պետք է հիշել, որ այսօր Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի տնտեսական գործընկերը, եւ Անդրկովկասում չկա ռուսաստանյան առանձնահատուկ քաղաքականություն, այն դեռեւս չի կազմավորվել: Չի կարելի ասել, որ Ռուսաստանի քաղաքականությունը կրում է հայամետ կամ հակաադրբեջանական բնույթ:
— Ի՞նչ եք կարծում, ինչպիսի գործողություններ կձեռնարկի Ռուսաստանը Մոսկվայի եւ Երեւանի միջեւ առկա ռազմավարական հարաբերությունների շրջանակում:
-Բանն այն է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի պայմաններով, ցավոք, ինքնուրույն չէ: Մինսկի խումբը թույլ չի տալիս Ռուսաստանին այդ դաշտում գործել միանձնյա: Իհարկե, եթե առաջին դեմքի, քաղաքական հանրույթի կողմից, ովքեր ձեւավորում են Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, լինի համապատասխան քաղաքական կամք, ապա կարելի է խոսել, որ Հայաստանին աջակցություն ինչ-որ ձեւով հնարավոր է՝ ընդհուպ մինչեւ ռազմական: Սակայն, մինչ օրս պաշտոնական նախադրյալներ, որ Ռուսաստանը կպաշտպանի իր դաշնակցին, չեն եղել: Ադրբեջանը պետական սահմանի երկայնքով չի գործել: Այնտեղ եւս հասկանում են, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հռչակված դաշնակիցը:
— Ադրբեջանը հատու՞կ է ռազմական գործողությունների դիմում Ղարաբաղի երկայնքով, որպեսզի բացառի գործընթացին Ռուսաստանի ներգրավվածությունը:
— Այո, դա հանդիսանում է Ղարաբաղի տարածքում ռազմական գործողություններ ծավալելու դրդապատճառներից մեկը:
— Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը կորցրե՞լ է իրավիճակի վրա վերահսկողությունը, քանի որ Վլադիմիր Պուտինի, Սերգեյ Լավրովի եւ Սերգեյ Շոյգուի կոչերից հետո որեւէ բան չփոխվեց: Ընդհակառակը, ձեռնարկվեցին առավել մասշտաբային ռազմական գործողություններ:
— Ոչ, ես նման կոշտ ձեւակերպում չէի տա, չէ որ մենք չգիտենք, թե ինչ կա մեր քաղաքական ղեկավարության զինանոցում: Երբ 2008թ.-ի օգոստոսի 8-ին ոմանք ասում էին, որ վերահսկողությունը կորել է, իշխանությունների կողմից ձեռնարկվեցին գործողություններ, ինչի արդյունքում մեր զորքերը հայտնվեցին վրացական սահմանների մոտ: Թեեւ այս դեպքում դժվար թե հնարավոր լինեն Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունները: Անգամ աշխարհաքաղաքական իրադրությունից ելնելով դա իրատեսական չէ:
Գոռ Ալեքսանյան
ԳԱԼԱ, ք. Մոսկվա