Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով․փաստաբան
Առաջին ատյանի դատարանը բավարարել է «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի փաստաբանի միջնորդությունը։ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորվել էին նախորդ տարվա նոյեմբերին:
Ըստ Քննչական կոմիտեի՝ քրեական հետապնդումը հարուցվել է այն բանի համար, որ Սամսոնյանն ու Սաղաթելյանը «տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին»։
Հաղորդումը իրավապահներին ներկայացրել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ՀՀԿ-ին հարող ընդդիմադիր հայացքներով հաղորդավարները երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց էին վարել, ինչից հետո Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան էջում գրառմամբ դիմել էր երրորդ նախագահին, քննադատել նրան ու վիրավորական՝ «շան լակոտ, լածիրակ» բառերով արտահայտվել փոդքասթերների հասցեին: Սրան հաջորդել է հաղորդավարների մեկ այլ հաղորդում, որտեղ նրանք է՛լ ավելի կոշտ ու վիրավորական, հայհոյանքներով արտահայտություններ էին հնչեցրել ԱԺ նախագահի հասցեին:
