«Ադրբեջանի հետ բանակցելը, առանց գերիներին ազատելու, ռազմավարական սխալ է»․ բողոքի ակցիա

ՀՀ ԱԳՆ-ի մոտ բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Բաքվում դատական ֆարսով անցնող հայերի, այդ թվում՝ այս օրերին հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի։
Հավաքվածները Ռուբեն Վարդանյանի ու մյուս պատանդների նկարներով են, նրանք ցանկանում են Հայաստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, պատանդների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունների և նրանց նկատմամբ խոշտանգումների վրա։
Ակցիայի մասնակիցները հստակ պահանջ ունեն` ՀՀ ԱԳ նախարարը պիտի նիստ հրավիրի օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ, նրանց ներկայացնի իրավիճակն ու պահանջի հակազդող քայլեր։ «Առհասարակ գնալ Ադրբեջանի հետ բանակցել, որևէ բան խոսել առանց գերիներին ազատելու, ռազմավարական սխալ է»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ ընդգծելով, որ մեր հայրենակիցներին Բաքվում գրեթե տանջամահ են անում, իսկ Հայաստանի իշխանությունը մինչդեռ լուռ հետեւում է։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մոտից երթի մասնակիցները շարժվեցին կառավարության շենքի մոտ, այնուհետ բողոքի ակցիա կանցկացնեն ՀՀ–ում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց։