Գյումրի և Փարաքար համայնքներում ընտրությունը մեկնարկել է

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում այսօր տեղի են ունենում ավագանու արտահերթ ընտրություններ։
Ժամը 08։00-ի դրությամբ բոլոր ընտրական տեղամասերը բացված են։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00-ին։
Ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն ժամանակացույցի, ամփոփվում և արձանագրությամբ վավերացվում են 31․03․2025-ին՝ մինչև ժամը 14։00-ն։
ՆԳՆ-ի կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111 236․ երկու համայնքներում էլ տեղամասերը կտեսահսկվեն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։
Այսպիսով՝
Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,
«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3,
«Կայունություն» կուսակցություն՝ 4։
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ստացել են հետևյալ հերթական համարները՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2,
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4,
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5,
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6,
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7,
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8,
«Իմ հզոր համայնք»՝ 9։