«Ժ․6-ից հետո է սկսվելու խառնաշփոթը»․ Մարտուն Գրիգորյան | Region

«Ժ․6-ից հետո է սկսվելու խառնաշփոթը»․ Մարտուն Գրիգորյան

Մարտ 30,2025 17:47

Առևանգվել է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ավագանու թեկնածուներից Անահիտ Խալաթյանը։ Այս մասին հայտարարեց դաշինքի առաջին համար, քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ իրենց կուսակցության դեմ կոնկրետ քայլեր են արվում, և սա միակ դեպքը չէ։

«Բողոքներ ենք ստանում, որ ընտրատեղամասերում մարդկանց չի տրվում 8-րդ համարի քվեաթերթիկը։ Կոչ եմ անում անձնաժողովի անդամներին ու վստաված անձանց․ ուշադիր եղեք, որպեսզի պարտադիր մարդկանց տրվեն բոլոր քվեաթերթիկները։ Կանգնեցնում են իմ թիմակիցների մեքենաները։ Վարորդներով կամ առանց վարորդների մեքենաները տարվում են մեզ համար անհայտ ուղղությամբ։ Արհեստական կոնֆլիկտային վիճակ է ստեղծվում մեր աջակիցների միջև, ու մենք ամբողջ ընտրական պրոցեսները թողած, զբաղված ենք հանդարտության պահպանմամբ»,-նշեց քաղաքապետի թեկնածուն։

Մարտուն Գրիգորյանը նաև հայտարարեց, որ իր ստացած տեղեկությունների համաձայն, իր և իր թիմի դեմ որոշակի գործողություններ են պլանավորվում, փորձ է արվում գյումրեցիներին ապակողմնորոշելու և իրեն վնասելու, սակայն նաև վստահեցրեց, որ այդ ամենը չի ազդելու ապագայում իր պայքարի վրա․ «Ես հետքայլ անող չեմ, հետքայլ անող մարդը էսքան լրատվամիջոցների մոտ իրեն էսպես վստահ կպահե՞ր։ Ես վստահություն ունեմ իմ թիմակիցների վրա, իմ վրա վստահ ու վստահ եմ, վստահ եմ նաև ձեր վրա»։
Անդրադառնալով ընտրական գործընթացում այս պահին տիրող համեմատական հանդարտ վիճակին՝ Մարտուն Գրիգորյանը նշեց․ «Ժամը վեցից հետո է խառնաշփոթը լինելու։ Մենք սպասում ենք, մենք նաև պատրաստ ենք»։

Նորություններ