«Ո՞նց ապրեն այս մայրերը, ո՞նց հանգիստ մնան իրենց տան մեջ, երբ չգիտեն, թե ինչ վիճակում են իրենց որդիները»․անհետ կորած զինծառայողների մայրերը բողոքի ցույց էին անում

«Մենք մեր տղաներին ենք ուզում, մեր տղաներից ենք ուզում ծաղիկներ ստանալ»,-այսօր՝ ապրիլի 7-ին կառավարության շենքի դիմաց լուռ բողոքի ցույց էին իրականացնում 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները:
Նրանք պնդում էին, որ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկել իրենց որդիներին գտնելու ուղղությամբ:
«Ես տեսանյութով տեսել եմ, նույնականացրել եմ իմ որդուն, տեսել եմ, թե ինչպես են իմ որդուն գերեվարում: Գերեվարումից հետո քննիչների կողմից իրականացված սխալ փորձաքննության պատճառով, ուրիշի անունը «կպցրին» իմ որդուն և ուղարկեցին Ադրբեջան: Եկավ այդ տղան, ու պարզվեց, որ ինքը լրիվ այլ տեղում է գերեվարվել: Նման վրիպակների պատճառով, մենք արդեն հինգերորդ տարին է չենք լսում մեր տղաների ձայնը»,-պատմել է ցույցի մասնակից, անհետ կորած զինծառայողի ծնողը՝ տիկին Արմինեն:
Բազմաթիվ հանդիպումները Ալեն Սիմոնյանի, Անդրանիկ Քոչարյանի և այլ պաշտոնյաների հետ արդյունք չեն տվել, և չեն բավարարել ծնողներին:
«Սա լուռ, խաղաղ ակցիա է, ցավի ու տառապանքի մեջ գտնվող մայրերի ակցիան: Հայ մայրերը հայրենիքին զինվոր են տվել, բայց այսօր այդ հայրենիքը չի վերադարձնում իրենց որդիներին»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է տիկին Արմինեն։
Ցույցի մասնակից մեկ այլ ծնող՝ տիկին Ռուզաննան անդրադարձավ նաև իշխանությունների կողմից Եվրոպական դատարանից հայցերը հետ կանչելուն, նշելով՝ եթե հայցերը հետ կանչվեն՝ ծնողները կզրկվեն ինչ-որ բան պահանջելու հնարավորությունից: Նա վստահեցրել է, որ առաջիկայում նմանատիպ ցույցեր են անելու նաև ԵՄ գրասենյակի մոտ:
Ցույցին մասնակցում էին ոչ միայն անհետ կորածների ծնողներն ու քույրերը: Հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը արտահայտեց նաև ցույցի մասնակից նախկին զինվորական տիկին Աննան.«Նույնիսկ 1 հայ չպիստի մնա Բաքվի բանտում, շարքային զինվորից սկսած, գեներալով վերջացրած: Եվ այս իշխանությունը վերջապես կամք ու արժանապատվություն պիտի դրսևորի այս հարցին լուծում տալու համար: Պարբերաբար հարցը բարձրացնելով, միգուցե այս մարդկանց մոտ մարդկային արժեքներ արթնանան, ու նրանք վերջապես ինչ-որ քայլեր ձեռնարկեն»։
Անհետ կորածների հարազատները նշել են, որ այսօր որևէ մեկի հետ հանդիպում չեն ակնկալում: Այս լուռ ակցիայով պարզապես ուզում էին հիշեցնել, որ արդեն 5-րդ տարին է՝ իրենց որդիները իրենց հետ չեն, իրենց տղաները գտնվում են Բաքվի բանտում, սակայն կառավարության կողմից նրանց վերադարձի ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվում:
«Մարտի 8-ին էլ էինք այստեղ, ապրիլի 7-ին էլ, մենք Նոր տարին եկեղեցում ենք նշում: Մեզ համար չկա ուրախություն, մեր ճակատագրերը, մեր երեխաների ճակատագրերը խեղաթյուրել են: Ո՞նց ապրեն այս մայրերը, ո՞նց հանգիստ մնան իրենց տան մեջ, երբ չգիտեն, թե ինչ վիճակում են իրենց որդիներ»,-ասում էին ցույցի մասնակից մայրերը։
Նիկոլ Մարգարյան