«3 օր է գիշերվա տարբեր ժամերին ադրբեջանցիները կրակահերթեր են արձակում նաև Տեղ գյուղի հարակից հատվածներում։ Օդ են կրակում»․ Մասիս Զեյնալյան | Region

«3 օր է գիշերվա տարբեր ժամերին ադրբեջանցիները կրակահերթեր են արձակում նաև Տեղ գյուղի հարակից հատվածներում։ Օդ են կրակում»․ Մասիս Զեյնալյան

Ապրիլ 07,2025 21:29

Ավագանու անդամն ասում է՝ ցերեկները չեն կրակում, մարդիկ հանգիստ իրենց դաշտերում աշխատում են

Վերջին օրերին Սյունիքի մարզի որոշ սահմանամերձ գյուղերում կրակոցների ձայները չեն դադարում։ Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված գյուղերում, ըստ բնակիչների, կրակում են ադրբեջանական կողմում։ Նրանք կրակում են ոչ թե հայկական  բնակավայրերի ուղղությամբ, այլ անկանոն կրակահերթերով դեպի օդ։ Խնածախ և Խոզնավար գյուղերից հետո, արդեն 3 օր է, գիշերային կրակոցներ են հնչում նաև Տեղ գյուղի շրջակայքում։ Այսօր այս մասին Regions TV-ի հետ զրույցում հայտնեց Տեղ խոշորացված համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։

«Կրակում են տարբեր ժամերի․ գիշերը 12-ին,  1-ին, 3-ին, 4-ին, չգիտես։ Դրանք տևական չեն, ուղղակի անկանոն են, վախտ է լինում՝ մի 10, կամ մի 20 փամփուշտ։ Արդեն քանի իրիկուն է, ամեն օր կրակում են։ Ցերեկները չեն կրակում։ Մարդիկ հանգիստ իրենց դաշտերում աշխատում են։ Կրակոցները մեր գյուղի ուղղությամբ չեն, օդ են կրակում»,- ասաց Զեյնալյանն ու ավելացրեց․«Սովորական երևույթ է սա, ինչ վախ։ Դպրոցները կանոնավոր աշխատում են, ամեն մարդ իր աշխատանքին է»։

Նման կրակոցները, ըստ ավագանու անդամի, սովորական են, դրանց հետևանքով գյուղերը լքողներ, բնակավայրերից տեղափոխվողներ չկան։

«Գնալու տեղ չկա, ո՞ւր թողնենք գնանք։ 2 տարի, համեմատաբար հանգիստ էր Տեղ գյուղում, կրակոցներ չկային»,- նշեց նա։

Հիշեց, թշնամու կողմից ագրեսիայի վերջին դեպքը 2023 թվականի ապրիլին էր։ Տեղ համայնքում հրաձգություն էր տեղի ունեցել։ Կրակել էին գյուղի դաշտերում դիրքավորված ադրբեջանցիները։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, 2023 թվականին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական Զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:  Հայկական կողմը 4 զոհ և 6 վիրավոր ունեցավ։

Կարինե Կազարովա

Նորություններ