Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող առաջնությունում։
Եզրափակիչ գոտեմարտում Անդրեասյանը գոտեմարտել է աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Դավիդ Բաևի հետ և 4։1 հաշվով պարտություն է կրել։
Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10:0 հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 4:0 հաշվով ուժեղ է գտնվել ուկրաինացի ըմբիշից: Կիսաեզրափակչում Արմանն ուժերն է չափել Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեի հետ և 3:1 հաշվով առավելության հասել՝ դուրս գալով եզրափակիչ:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը։
65 կգ քաշային Թևանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 3։0 հաշվով հաղթանակ էր տարել UWW դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Հուսեինովի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 2։3 հաշվով զիջել էր Իբրահիմ Իբրահիմովին։ Վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, և Թևանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել, որտեղ 3:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ և պայքարել բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում Թևանյանը պետք է մրցեր Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլիի հետ, սակայն վերջինս չի ներկայացել գոտեմարտին, և հաղթանակը շնորհվել է հայ ըմբիշին։
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն էլ դուրս է եկել եզրափակիչ և վաղը կպայքարի ԵԱ-ի 5-րդ չեմպիոնության համար։
Արսեն Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 11:0 հաշվով առավելության է հասել Բելառուսի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 12:2 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին: Կիսաեզրափակչում Հարությունանը 5-2 հաշվով հաղթել է Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովին։ Ոսկե մեդալի համար Արսենը կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, ռուսաստանցի Զաուր Ուգուևի հետ, որը հանդես է գալիս UWW-ի դրոշի ներքո։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) ևս սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն են ստացել, սակայն զիջել են մրցակիցներին:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցել են նաև Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հայկ Պապիկյանը (79 կգ), որոնք պարտություն են կրել մեկնարկային գոտեմարտերում և լքել պայքարը: