Արմեն Գրիգորյանը հնարավոր ռազմական գործողությունների մասին․«Եթե նման սպառնալիք տեսնենք, նման ինֆորմացիա ունենանք, կկիսվենք հանրության հետ» | Region

Արմեն Գրիգորյանը հնարավոր ռազմական գործողությունների մասին․«Եթե նման սպառնալիք տեսնենք, նման ինֆորմացիա ունենանք, կկիսվենք հանրության հետ»

Ապրիլ 10,2025 15:57

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին սահմանային իրավիճակի մասին, մասնավորապես՝ արդյոք ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ ՀՀ սահմանին Ադրբեջանը ռազմական ուժ է կուտակում։

«Պետք չէ հավատալ ասեկոսեներին, և հետևել նման ինֆորմացիայի աղբյուրներին: Եթե ինչ-որ հստակ ինֆորմացիա լինի, միանշանակ պաշտպանության նախարարությունը ինֆորմացիա տրամադրելու է: Սահմանային իրավիճակի հետ կապված ևս պարբերաբար տեղեկություն է տրամադրվում, հերքվում են նաև կեղծ տեղեկությունները»,-հայտարարեց  Արմեն Գրիգորյանը։

Միաժամանակ նա հիշեցրեց ՀՀ-ի առաջարկը՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին․«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ եւ ՀՀ առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Եվ շարունակում ենք հրապարակային այս մասին խոսել եւ աշխատել այս ուղղությամբ, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ունենանք»։

Ի պատասխան լրագրողների այն հարցերի, թե սահմանային ներկա լարվածության պայմաններում ո՞րքանով է հավանական պատերազմի վտանգը, Գրիգորյանն ասաց.«Հայաստանի Հանրապետության անվտանգության վերաբերյալ եթե մենք սպառնալիք տեսնենք, կամ ունենանք որևէ ինֆորմացիա, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, բնականաբար կկիսվենք հանրության հետ»:

Նիկոլ Մարգարյան

Նորություններ