«Ձեզանից խելացի մարդիկ էլ կան, շփվե´ք իրենց հետ, այդ դեպքում 7 տարի նույն դասարանում չեք մնա»,- ՓՄՁ ներկայացուցիչները վերսկսում են բողոքի ցույցերը | Region

«Ձեզանից խելացի մարդիկ էլ կան, շփվե´ք իրենց հետ, այդ դեպքում 7 տարի նույն դասարանում չեք մնա»,- ՓՄՁ ներկայացուցիչները վերսկսում են բողոքի ցույցերը

Ապրիլ 14,2025 15:36

ՓՄՁ ներկայացուցիչները վերսկսել են կառավարության շենքի դիմաց իրականացվող բողոքի ցույցերը, նպատակն անփոփոխ է՝ կասեցնել հարկային օրենսգրքում հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները:

«Հարկային փոփոխությունները միայն հարկային բեռի ավելացման մասին են, նպատակը՝ շրջանառության հարկի վերացումն է: Առաջին եռամսյակի հաշվետվությունների արդյունքում հարկային բեռը ավելացել է 60-70 տոկոսով: Թող կառավարությունը ազնվություն ունենա, և ասի, որ իրենք բյուջեում ճեղքվածք ունեն, և այս եղանակով փորձում են լրացուցիչ մուտքեր ապահովել»,-հայտարարեց ցույցի մասնակիցներից մեկը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր պատճառներով հնարավոր չէ բողոքի մասնակիցների մեծ թվաքանակ ապահովել, նրանք այսօր փոխել էին բողոքի ներկայացման ձևաչափը՝ ստորագրահավաք են սկսել, գործընթացը շարունակվում է:

«Արդեն հավաքվել է 2300-ից ավել ստորագրություն, որոնք զուտ ստորագրություններ չեն: Մարդիկ նույնականացված են՝ իրենց հարկային կոդերով, հեռախոսահամարներով, և անձնական տվյալներով: Պահանջը կրկին մեկն է՝ հետ կանգնել ընդունած որոշումներից, չեղարկել ընդունած 2 օրեքները: Շրջանառության հարկի ռեժիմը բարդեցվել է, խեղաթյուրվել է ամբողջ գաղափարախոսությունը: Սրան ավելացել է մի քանի օր առաջ, երկրորդ ընթերցմամբ ընդունված օրենքը, ըստ որի հուլիսի 1-ից բարձրանալու է հաշվապահների և իրավաբանների հարկային բեռը, որը ուղիղ ազդեցություն է ունենալու փոքր և միջին բիզնեսների վրա»,-ասաց   ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը.

Նա կոչ արեց Կառավարությանը դադարեցնել անկանխատեսելի, բիզնես միջավայրը ցնցումների ենթարկող որոշումների ընդունումը, և հարցը լուծել երկխոսության մակարդակում՝ խորը ազդեցության գնահատումներ տալով:

Հարկային համակարգի փոփոխությունները ստիպել են նաև որոշ առևտրականների դադարեցնել  գործունեությունը, քանի որ իրենց բիզնեսը ի վիճակի չէ դիմանալու նման հարկային բեռի:

«Սուրմալու» տոնավաճառի առևտրական Իրինա Ասատրյանը հենց այս պատճառով  ապրիլի 20-ից կասեցնում է իր 18 տարվա գործունեությունը, նշելով, որ պետության պահանջները անընդունելի են, միաժամանակ՝ անհասկանալի․«Ուղղե´ք ձեր գրած օրենքները, ուսումնասիրեք դրանք: Ամեն բնագավառ ունի իր խնդիրը: Սկսեք իրականացնել հետազոտություններ, հանդիպումներ և քննարկումներ տարբեր բնագավառի ներկայացուցիչների հետ: Պատկերացրեք, ձեզանից խելացի մարդիկ էլ կան, շփվե´ք իրենց հետ, այդ դեպքում 7 տարի նույն դասարանում չեք մնա»։

Ցույցի մասնակիցները նշեցին, որ պատասխանի են սպասում 7-10 օրվա ընթացքում, հակառակ դեպքում կվերսկսվեն լայնածավալ հավաքները՝ սեփական շահերը պաշտպանելու համար:

Նիկոլ Մարգարյան

 

 

 

Նորություններ